Ռիչարդ Կիրակոսյան. «Հայաստանը եւ Ադրբեջանը երկխոսության ընդլայնման կարիք ունեն» - Mediamax.am

13161 դիտում

Ռիչարդ Կիրակոսյան. «Հայաստանը եւ Ադրբեջանը երկխոսության ընդլայնման կարիք ունեն»

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը`


Նախորդ շաբաթ ԱՄՆ Ջորջ Մեյսոնի համալսարանի Հակամարտությունների վերլուծության եւ կարգավորման դպրոցը եւ Կարնեգի հիմնադրամը Վաշինգթոնում անց են կացրել ԼՂ հակամարտության վերաբերյալ սիմպոզիում` հայերի եւ ադրբեջանցիների միջեւ ոչ կառավարական երկխոսության ամրապնդման եւ կատարելագործման թեմայով:

 

Քննարկումներին մասնակցել են Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության եւ պաշտոնական ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ԱՄՆ-ում աշխատող փորձագետներ: Քննարկումները նախաձեռնել էին Ֆիլիպ Գամագելյանը` Ջորջ Մեյսոնի համալսարանից, անկախ վերլուծաբաններ Թաբիբ Հուսեյնովը եւ Կարնեգի հիմնադրամի փորձագետ Թամաս դե Վաալը:

 

Հայաստանյան կողմը ներկայացնում էին Վարուժան Ներսիսյանը (ՀՀ փոխդեսպան), Տիգրան Մկրտչյանը (ՀՀ ԱԳՆ) Ռիչարդ Կիրակոսյանը (Տարածարջանային հետազոտությունների կենտրոն), Թեւան Պողոսյանը (Մարդկային զարգացման միջազգային կենտրոն), Մարինե Մանուչարյանը (Քաղաքացիական ֆորում) եւ այլն:

Մեդիամաքսի հետ հարցազրույցում սիմպոզիումի մասին իր տպավորություններով կիսվեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

 

- Որքան գիտեմ, երկար տարիներ սա “երկրորդ մակարդակի դիվանագիտության” (Track II Diplomacy) առաջին նմանատիպ հանդիպումն է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Հանդիպումն անցնում էր Վաշինգթոնում, եւ դրան մասնակցում էին Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության եւ պաշտոնական ներկայացուցիչներ: Փորձ եղավ ընդգրկել նաեւ ԼՂ ներկայացուցիչներին, բայց նրանք չներկայացվեցին. չեմ կարող ասել, թե ինչ պատճառով: Սակայն ներկա էր Վաշինգթոնում ԼՂՀ մշտական ներկայացուցիչը: Հանդիպումը կազմակերպվել էր այնպես, որ մենք կարողանանք խոսել ցանկացած թեմայի շուրջ:

 

Սա ԼՂ կարգավիճակի շուրջ բանավեճ չէր: Այն կազմակերպվել էր այն ընկալմամբ, որ Հայաստանը եւ Ադրբեջանն երկխոսության ընդլայնման կարիք ունեն, որտեղ կընդգրկվեր նաեւ ԼՂ-ն: Սա չափազանց կարեւոր է: Երկար տարիներ Ադրբեջանը խոչընդոտում էր նման հանդիպումների անցկացմանը: Այս անգամ Ադրբեջանը հնարավորություն տվեց անցկացնել նման բանավեճ, որին մասնակցեցին Ադրբեջանի կառավարության եւ ԱԳՆ-ի ներկայացուցիչները:

 

- Ո՞րն էր հայաստանյան ներկայացուցիչների կողմից ադրբեջանցի իրենց պաշտոնակիցներին հղած գլխավոր ուղերձը:

 

- Դրանք դիվանագիտական բանավեճերն էին, եւ ադրբեջանական կողմը չէր վարանում վիճարկելու հայաստանյան դիրքորոշումը: Սակայն փակ նիստերի ժամանակ ընթացող բանավեճերն ավելի կառուցողական էին, եւ համաձայնություն եկանք, որ սա կլինի առաջին քայլը: Սա առաջին քայլն էր, երբ մենք փորձում էինք խոսել, այլ ոչ թե բղավել միմյանց վրա: Հայաստանյան տեսանկյունից սա հիանալի հնարավորություն էր տեղում ներկայացնելու իրականությունը, ինչը շատ կարեւոր էր:

 

Կողմերից ոչ մեկը չօգտագործեց հանդիպումը քարոզչության համար: Վաշինգթոնում ԼՂՀ պաշտոնական ներկայացուցիչը պաշտպանում էր ղարաբաղյան դիրքորոշումը, հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, բնականաբար` հայկական շահերը: Մենք զրուցում էինք, բանավիճում եւ քննարկում, ինչն ավելի դրական էր, քան դիպուկահարների կրակը կամ մեկ սենյակում գտնվելուց հրաժարվելը: Եվ այստեղ ոչ Բաքուն, ոչ մեկ ուրիշը քարոզչություն ծավալելու հնարավորություն չուներ:

 

- Ադրբեջանական կողմը համաձա՞յն էր այն թեզին, որ չկա խնդրի ռազմական լուծում:

 

- Ոմանք` այո, ոմանք` ոչ: Ճիշտ այնպես, ինչպես հայ-թուրքական հարաբերությունների դեպքում, երկու կողմերն էլ ավելի շատ երկխոսության կարիք ունեն: Ուրիշ խոսքերով` Թուրքիայի դիրքորոշումը Ցեղասպանությունը ժխտելու ուղղությամբ, սահմանների փակումը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հրաժարվելը` դա քաղաքականություն չէ: Ադրբեջանի դիրքորոշումը Հայաստանի եւ ԼՂ-ի նկատմամբ նույնպես քաղաքականություն չէ: Վաշինգթոնում կայացած հանդիպումն աննորմալը նորմալ դարձնելու փորձ էր:

- Կոնֆերանսի ընթացքում Թաբիբ Հուսեյնովը կարծիք հայտնեց, որ ադրբեջանական քաղաքացիական հասարակությունը մտավախություն ունի, որ վստահության ուժեղացման շուրջ միջոցառումները կարող են ամրապնդել ստատուս-քվոն ի օգուտ Հայաստանի: Ի՞նչ եք մտածում այս մասին:

 

- Միգուցե նա իրավացի է, քանի որ Ադրբեջանում ավելի վտանգավոր է կարծիք հայտնել կամ կասկածի տակ դնել պաշտոնական դիրքորոշումը: Հայաստանում դա կարելի է ավելի ազատ անել. արտահայտել եւ լսել տարբեր կարծիքներ: Իհարկե, Թաբիբ Հուսեյնովն ավելի լավ գիտի ադրբեջանական հանրությունը եւ, ըստ ամենայնի, նա իրավացի է, սակայն դա այնքան էլ լավ չէ Ադրբեջանի ժողովրդի համար:

 

- Դուք բարձրացրե՞լ եք Հայաստանի եւ հայերի դեմ Ադրբեջանում ակտիվորեն իրականացվող քարոզչության հարցը, եթե այո, ինչպիսի՞ն էր նրանց պատասխանը:

 

- Իմ լավատեսության մասն է կազմում այն, որ ադրբեջանական հասարակության շատ ներկայացուցիչներ ավելի շատ մտահոգված են իրենց երկրում ժողովրդավարության բացակայությամբ եւ կոռուպցիայով, քան հայերի կան Լեռնային Ղարաբաղի հանդեպ ատելությամբ: Սա այն հողն է, որի վրա մենք կարող ենք փոխըմբռնման գալ:

 

- Կարելի՞ է ասել, որ “երկրորդ մակարդակի դիվանագիտության” այս փուլը Վաշինգթոնում իսկապես կառուցողական էր, եւ հայաստանյան կողմը պատրաստ է շարունակել հանդիպումները նման ձեւաչափով:

 

- Կարծում եմ` այո: Ներկայումս քաղաքացիական հասարակությունների միջեւ կա որոշակի կամուրջ, սակայն առկա է նաեւ անհամաչափությունը: Մենք միշտ ողջունում ենք ադրբեջանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այցը Երեւան, բայց շատերը չեն կարող անել դա` Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումից ելնելով: Այդ պատճառով էլ առկա է անհամաչափությունը: Անհամաչափություն կա նաեւ հայաստանյան քաղաքացիական հասարակության համար, որի ներկայացուցիչները չեն կարող մեկնել Բաքու կան մուտքի արտոնագիր ստանալ: Գործընթացի հետագա առաջխաղացման համար պետք է զբաղվել այս խնդիրների լուծմամբ:

Ռիչարդ Կիրակոսյանի հետ զրուցել է Արամ Արարատյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին