Դավիթ Տոնոյան. Շարունակականությունը չափազանց կարեւոր գործոն է - Mediamax.am

exclusive
41468 դիտում

Դավիթ Տոնոյան. Շարունակականությունը չափազանց կարեւոր գործոն է

Դավիթ Տոնոյանը
Դավիթ Տոնոյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը`


ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին

 

- Պարոն նախարար, Ձեր կողմից պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո շատերը փորձում են կռահել, արդյո՞ք կշարունակվեն բոլոր այն ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնց սկիզբը դրվել էր նախկին նախարարի օրոք եւ ընդհանրապես՝ ի՞նչ վիճակ եք արձանագրել պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու պահին։

 

- Բնականաբար, այն ծրագրերը, որոնք ունեն երկարաժամկետ բնույթ եւ ուղղված են բանակաշինության գործին, անկախ պաշտպանական կառույցի ղեկավարի փոփոխությունից, պետք է շարունակվեն։

 

Բանակը մեր պետության ամենահաստատուն, ամենակայացած կառույցն է, որը ոչ միայն ապահովում է մեր անվտանգությունը, այլեւ բարենպաստ պայմաններ է ստեղծում բոլոր մյուս ոլորտներում շարունակական զարգացում ունենալու համար։ Ուստի բանակաշինության գործում փորձարկումները, պաշտպանական բարեփոխումները ղեկավարների անձերով պայմանավորելը, բացառապես նրանց վերագրելը եւ ընդհանրապես՝ բանակում պլանավորվող եւ իրականացվող գործընթացները քաղաքականացնելու փորձերը կարող են մեծ բացասական ազդեցություն ունենալ մեր պաշտպանունակության վրա։

 

Ասածս ամենեւին չի նշանակում, որ պաշտպանական կառույցի ղեկավարը չպետք է ղեկավարի, ուղղորդի, համակարգի, քաղաքական առաջնահերթություններ սահմանի, հետեւաբար՝ նաեւ քաղաքական պատասխանատվություն կրի Զինված ուժերի զարգացման գործում։ Ասածիս հիմնական իմաստն այն է, որ պաշտպանության ոլորտի զարգացման ոլորտում, առավել՝ քան մյուս բոլոր ոլորտներում, չի կարելի այս կամ այն ծրագիրը չեղարկել զուտ նրա համար, որ դա մշակվել եւ ներդրվել է մեկ այլ քաղաքական ուժի կամ կառույցի ղեկավարի կողմից։

 

Օրինակ. պատկերացրեք՝ մենք հիմա վերցնում եւ կասեցնում ենք նախկին պաշտպանության նախարարի նախաձեռնած պարտադիր զինվորական ծառայության նոր տեսակները։ Ի՞նչ հիմնավորմամբ, եթե դրանք իսկապես լավն են, եթե իսկապես այլընտրանք են առաջարկում ժամկետային զինվորական ծառայության հիմնական մոդելին։ Իհարկե՝ ժամանակը կարող է նոր մարտահրավերներ ձեւավորել, որոնց լուծումները կարող են եւ նոր մոտեցումներ պահանջել։ Բայց ցանկացած պարագայում շարունակականությունը չափազանց կարեւոր գործոն է։

Դավիթ Տոնոյանը հանդիպում է «Ես եմ»  ծրագրի մասնակիցներին Դավիթ Տոնոյանը հանդիպում է «Ես եմ» ծրագրի մասնակիցներին

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Ինչ վերաբերվում է պաշտոնը ստանձնելու պահին արձանագրած վիճակին, ապա պետք է նշեմ, որ բանակն ունի մի շարք հիմնական, շարունակական խնդիրներ, որոնց լուծման հրամայականը փոխանցվում է յուրաքանչյուր նոր նախարարին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բանակը վերկուսակցական, ապաքաղաքական կառույց է, կարծում եմ՝ առողջ տրամաբանությունը հուշում է, որ պաշտպանության ոլորտում յուրաքանչյուր նոր նախարարի խնդիրը պետք է լինի ոչ թե քաղաքական գնահատականներ տալ իր նախորդի աշխատանքին, այլ առկա խնդիրների համար առավել ժամանակակից եւ արդյունավետ լուծումներ առաջարկել։

 

- Նախկին նախարարի կողմից առաջ էր քաշվել «Ազգ-բանակ» հայեցակարգը, որը իրարամերժ գնահատականների արժանացավ։ Արդյո՞ք այն շարունակվելու է Ձեր օրոք։

 

- Մենք ունենք մեզանից առկախ մի քանի գործոններ՝ օբյեկտիվ իրողություններ, որոնց հետ չենք կարող հաշվի չնստել։ Մասնավորապես, ունենք Արցախյան հակամարտություն, որի արդյունքում՝ մի կողմից տասնամյակներ շարունակվող քաղաքական բանակցային գործընթաց, մյուս կողմից՝ անմիջական ռազմական սպառնալիք։ Այս իրավիճակը մեզ այլընտրանք չի թողնում, քան պահել եւ զարգացնել մեծաթիվ զինված ուժեր, պահպանել պարտադիր ժամկետային ծառայությունը, պաշտպանության ոլորտին հատկացնել զգալի ֆինանսական ռեսուրսներ եւ այլն։ Դա մեծ ծանրաբեռնվածություն է թե պետության եւ թե հասարակության համար։ Ուստի մեր խնդիրն է, որպեսզի մեր հասարակությունը ամբողջովին վստահի բանակին, վստահ լինի, որ ամեն ինչ արվում է, որ ա. Զինված ուժերն ունենան անհրաժեշտ մարտունակություն սպառնալիքներին դիմագրավելու համար, բ. իր կողմից հատկացվող ռեսուրսներն օգտագործվում են առավելագույնս արդյունավետ եւ նպատակային։ Իսկ դրան հնարավոր չէ հասնել առանց բանակ-հասարակություն կապերի ամրապնդման, առանց թափանցիկության եւ հաշվետվողականության մակարդակի բարձրացման, առանց հասարակության մի շարք հատվածների կողմից բանակաշինության գործում անմիջական մասնակցության, առանց կրթությունն ու գիտությունը բանակ բերելու եւ այլն։

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Ինձ համար ամենեւին էլ կարեւոր չէ, թե դա ինչպիսի քաղաքական փաթեթավորում կստանա, կկոչվի «Ազգ-Բանակ», թե կունենա մեկ այլ անվանում։ Առավել կարեւորը բովանդակությունն է, այն խնդիրը, որը մենք պետք է լուծենք համազգային համախմբման միջոցով։

 

- Ինչպե՞ս նախարարությունում ընդունեցին Ձեզ։

 

- Այնպես, ինչպես պետք է ընդունել նոր ղեկավարին։ Ես պաշտպանական համակարգի համար, մեղմ ասած, նոր մարդ չեմ։ Ես դեմքով, անուն-ազգանունով, անցած մարտական կամ ծառայողական ուղով ճանաչում եմ մեր բանակի սպայակազմի մեծամասնությանը։ Ես ավելի քան երկու տասնամյակ է՝ ինչ բանակում եմ եւ այն իմ հարազատ տունն եմ համարում։ Իհարկե, չափազանց յուրահատուկ զգացողություն է՝ վերադառնալ հարազատ տուն։

 

Բայց հիմա այդ զգացողությունը համադրվում է նաեւ պատասխանատվության ծայրահեղ սուր ընկալման հետ, քանի որ քեզ է վստահվել Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի անվտանգության միակ եւ իրական երաշխավորի՝ բանակի ղեկավարումը։ Դա իսկապես աննկարագրելի մեծ պատասխանատվություն է, ուստի կանեմ հնարավորը՝ մեր ժողովրդի հանդեպ ստանձնած այդ պատասխանատվությունը պատվով կրելու համար։

 

- Զինված ուժերի գործունեության սկզբունքային ուղղություններում կլինե՞ն արմատական փոփոխություններ։

 

- Բանակը, ինչպես ցանկացած կենդանի օրգանիզմ, նույնպես զարգանում է։ Անվտանգության միջավայրը փոխվում է, ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ, եւ այն, ինչը քիչ հավանական էր թվում ընդամենը մի քանի ամիս առաջ, կարող է իրականություն դառնալ բացարձակ անսպասելի պահի։ Փոխվում է նաեւ ռազմարվեստը, մշակվում են պատերազմավարման նոր մոտեցումներ, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի նոր տեսակներ, տեխնոլոգիական նոր լուծումներ եւ այլն։ Այսպիսի պայմաններում բանակի հիմնական, ամենադժվար  խնդիրն է քայլել ժամանակին համընթաց, ավելի կոնկրետ՝ ապահովել բավարար մարտունակություն կոնկրետ միջավայրին եւ ժամանակին համարժեք։ Այն, ինչ երեկ բանակում ժամանակակից էր համարվում, այսօր արդեն այդպիսին չէ։ Ուստի մենք իրավունք չունենք բավարարվել ձեռք բերվածով, դոփել տեղում եւ համարել, որ ունենք բավարար ռազմական ներուժ։ Ընդհակառակը, պետք է բանակը վերածենք այնպիսի կառույցի, որը ոչ միայն ունակ կլինի ադապտացվել ժամանակի փոփոխություններին եւ նոր պահանջներին, այլ նաեւ ապագային կնայի։ Դա երկարաժամկետ պլանավորման, համալրման, ռազմական կրթության, մարտական պատրաստության եւ մի շարք այլ ոլորտներում նոր մոտեցումներ է պահանջում։

 

Օրինակ, մարտական հերթապահության մեջ մենք չենք կարող եւս մի քանի տասնամյակ շարունակել պահպանել Առաջին Աշխարհամարտին հատուկ խրամատային մոտեցումները, որոնք այլ դժվարություններից բացի, մեզանից պարբերաբար մարդկային կյանքեր են խլում։ Պետք է նոր մոտեցումներ, տեխնիկական լուծումներ առաջարկենք, որոնք մարտական հերթապահությունը կդարձնեն ավելի դինամիկ եւ անվտանգ։

Դավիթ Տոնոյանը եւ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Դավիթ Տոնոյանը եւ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Մենք պետք է ամեն ինչ անենք ոչ միայն մեր պաշտպանունակությունը, այլեւ Արցախյան հակամարտության բանակցային գործընթացում երկրի քաղաքական ղեկավարության մոտեցումներն առավել ամրապնդելու եւ բանակցությունների ընթացքում շատ ավելի ամուր դիրքերից հանդես գալու հնարավորություն տալու համար։ Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարները պետք է իրենց թիկունքում զգան բանակի հզորությունը, մարտունակությունը եւ ցանկացած խնդիր անշեղորեն եւ հստակ կատարելու պատրաստականությունը։

 

- Պարոն նախարար, օրեր առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել զինկոմիսարիատների աշխատակիցները, պնդելով, թե պաշտպանության նախարարությունը նախաձեռնել է զինվորական կոմիսարիատների օպտիմալացման գործընթաց, որի արդյունքում աշխատակիցների մի ստվար հատված գործազուրկ է դառնալու։ Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը։

 

- Նախ՝ պետք է փաստենք, որ Հայաստանի Հանրապետությունում զինվորական կոմիսարիատների համակարգը չի փոխվել Խորհրդային Միության ժամանակներից։ Այսինքն՝ հասարակարգ ու իրողություններ են փոխվել, նոր խնդիրներ, նոր մարտահրավերներ են առաջացել, նոր, ժամանակակից լուծումներ կան՝ աշխատանքի անհամեմատ արդյունավետ կազմակերպման համար, բայց մենք, ցավոք սրտի, դեռեւս գործում ենք խորհրդային մոդելով։

 

Իհարկե՝ դա ժամանակավրեպ է։ Եվ բնական է, որ պետք էր փորձել լուծումներ գտնել, որոնք համարժեք կլինեին զինված ուժերի ներկայիս պահանջներին, բանակ-հասարակություն կապի տրամաբանությանը եւ տեխնոլոգիական զարգացման միտումներին։ Հենց այս հարցերը հաշվի առնելով էլ նախաձեռնվել է գործընթացը, որի ավարտին մենք պետք է ստանանք շատ ավելի արդյունավետ գործող համակարգ՝ համալրված տեխնիկական ժանանակակից լուծումներով, հաշվառման էլեկտրոնային համակարգերով, ծառայությունների մատուցման առավել բարձր որակով եւ այլն։ Բնական է, որ աշխատանքի այն ծավալը, որը 20-30 տարի առաջ արվում էր ձեռքով, այսօր կարելի է կատարել մի քանի անգամ ավելի քիչ անձնակազմով, կառույցներով եւ տեխնոլոգիական լուծումներով։ Ուստի այն, որ զինկոմիսարիատների համակարգը պետք է արմատապես բարեփոխվի, օբյեկտիվ անհրաժեշտություն է։ Մյուս կողմից, օբյեկտիվ իրականություն է նաեւ այն, որ այդ բարեփոխման արդյունքում մեծ թվով աշխատակիցների պահանջարկը կվերանա։ Ուստի մենք պետք է փորձենք ոչ թե համակարգն արհեստականորեն ուռճացնել եւ այդ մարդկանց տեղավորեն այնտեղ, այլ նրանց խնդիրների լուծման, աշխատանքի տեղավորման, գուցե՝ վերապատրաստման այլ լուծումներ գտնել։

Դավիթ Տոնոյանը Դավիթ Տոնոյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Կարծում եմ, որ զինկոմիսարիատների համակարգի վերափոխումը պահանջում է նաեւ այդ համակարգի անվանափոխություն, քանի որ «զինկոմիսարիատ» ակնհայտորեն հնացած անվանումը չի արտացոլում կառավարման այն սկզբունքներն ու գործառույթները, որոնցով պետք է զբաղվի այդ կառույցը։ Ուստի օգտվելով առիթից, կցանկանայի դիմել նաեւ մեր հասարակությանը՝ միասին այդ համակարգի համար նոր անվանում մտածելու խնդրանքով։ Ուրախ կլինեմ համակարգից պատկերացում ունեցող մեր քաղաքացիներից առաջարկներ ստանալու համար։

 

- Մայիսի 23-ին Աստանայում Դուք մասնակցեցիք ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, որի շրջանակներում երկկողմ հանդիպում ունեցաք ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Կարո՞ղ եք մի փոքր պատմել, թե ինչի մասին եք խոսել։

 

- Սովորաբար Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարներն օգտագործում են բոլոր առիթները՝ մեր համագործակցության օրակարգային հարցերը անձամբ քննարկելու համար։ Եվ դա բնական է, քանի որ որպես ռազմավարական դաշնակիցներ, պաշտպանության ոլորտում մենք ունենք բավական մեծ եւ կարեւոր օրակարգ։ Իմ՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվելուց եւ իմ գործընկերոջ՝ ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնին վերանշանակվելուց հետո սա առաջին առիթն էր առանձին զրուցելու համար եւ բնականաբար՝ մենք այն օգտագործեցինք։

 

Հանդիպումն անցավ չափազանց կառուցողական եւ գործնական մթնոլորտում։ Մենք քննարկեցինք մեր ռազմական համագործակցության մի քանի անկյունաքարային հարցեր՝ ստեղծված անվտանգության միջավայրի համատեքստում։ Շատ փակագծեր չբացելով, կարող եմ մեր հասարակությանը վստահեցնել, որ մենք ոչ միայն շարունակելու ենք ռազմաքաղաքական, ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում մեր համագործակցային ծրագրերը, այլեւ դրանք դարձնելու ենք առավել թիրախային եւ կիրառական։ Վստահ եմ՝ առաջիկայում դուք ականատես կլինեք նոր նախաձեռնությունների։

 

- ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակվեց գեներալ-մայոր Արտակ Դավթյանը: Այս նշանակման կապակցությամբ մամուլում իրարամերժ կարծիքներ են շրջանառվում: Կարո՞ղ եք մեկնաբանել դրանք:

 

- Անկեղծ ասած՝ ինձ համար անհասկանալի են գեներալ-մայոր Արտակ Դավթյանի անպատրաստվածության կամ փորձի պակասի հետ կապված շահարկումները: Այս առումով ինձ հատկապես զարմացրեց իմ վաղեմի գործընկերոջ գնահատականը: Եթե մարտական ուղի անցած, շուրջ 10 տարի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի եւ ԳՇ օպերատիվ վարչության պետի պաշտոնում ծառայած գեներալը փորձ եւ համապատասխան պատրաստվածություն չունի, ապա ես խոսքեր չունեմ: Զերծ կմնամ այդ նշանակման հետ կապված որեւէ մեկնաբանություններից եւ հիմնավորումներից, քանի որ զինվորական գործից քիչ թե շատ հասկացող ցանկացած անձ կպատկերացնի, թե ինչ է նշանակում 10 տարի ԳՇ օպերատիվ վարչություն ղեկավարելը՝ գիտելիքների, փորձի, զորքերի իրական վիճակի մասին տեղեկացվածության առումով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին