exclusive
15236 դիտում

Տոյվո Կլաար. Վերջին պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչել

Տոյվո Կլաարը
Տոյվո Կլաարը

Լուսանկարը` Twitter


Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը փետրվարի 22-ից 23-ը կայցելի Հայաստան։ Այցից առաջ նա բացառիկ հարցազրույց է տվել Մեդիամաքսին:

էստոնացի Տոյվո Կլաարը 2014-2017թթ. եղել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավարը։ 2013-2014թթ. ղեկավարել է Վրաստանում ԵՄ մոնիտորինգային առաքելությունը։


Ավելի վաղ նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունում, Եվրոպական հանձնաժողովում, Էստոնիայի արտգործնախարարությունում։

- Պարոն Կլաար, որոնք են լինելու քննարկման հիմնական թեմաները Ձեր այցի ընթացքում։

- Սա կլինի իմ երկրորդ այցելությունը Հայաստան եւ Ադրբեջան՝ 2017 թ. նոյեմբերին պաշտոնը ստանձնելուց հետո։ Առաջին այցելությունս կատարել էի անցյալ տարվա նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին։

Հայաստանում քննարկումներ եմ ունենալու նախագահ Սարգսյանի եւ արտաքին գործերի նախարար Նալբանդյանի հետ։ Ծրագրում եմ քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրները։ Համոզված եմ, որ մենք հնարավորություն կունենանք անդրադառնալ նաեւ Հայաստան-Եվրոպական միություն երկկողմ համագործակցությանը, որը թեւակոխում է կարեւոր փուլ՝ նոր Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակում։

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


-Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային  գործընթացում վստահության ձեւավորման համար նախադրյալներ տեսնու՞մ եք։

- Խաղաղության հասնելու ուղին, իհարկե, պետք է լինի բանակցությունների միջոցով, իսկ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն, եթե կողմերի միջեւ գոնե մի փոքր վստահություն կա։

Ցավոք, 2016 թ. ապրիլին շփման գծում արձանագրված լարվածության աճը բացասաբար ազդեց եւ նվազեցրեց այն վստահությունը, որը մինչ այդ կար։ Միեւնույն ժամանակ, վերջին շրջանում որոշ դրական զարգացումների ենք ականատես լինում՝ իրավիճակը տեղում ավելի հանգիստ է, բանակցային գործընթացում ավելի ինտենսիվ ներգրավվածություն է նկատվում, Կրակովում  արտաքին գործերի նախարարների հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման շուրջ։ Այս քայլը վաղուց պետք է արվեր։

Յուրաքանչյուր հակամարտություն տարբեր է:  Կարող եմ համեմատել Վրաստանի հետ, որտեղ եւս իրավիճակը շատ բարդ է եւ կողմերը խիստ տարբեր դիրքորոշումներ ունեն, բայց ավելի քիչ միջադեպեր եւ զոհեր են լինում, քան Լեռնային Ղարաբաղում։  Այնպես որ, ավելին պետք է արվի։

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար պետք է շարք քայլեր կատարվեն՝ ավելի լավ մթնոլորտի ձեւավորման համար։ Մենք ակնկալում ենք, որ կողմերը հավատարիմ կմնան հրադադարի ռեժիմի պահպանմանը, զսպվածություն կցուցաբերեն իրենց գործողություններում եւ հանրային հայտարարություններում, կներգրավվեն հետագա բանակցություններում եւ կիրականացնեն Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում եւ Ժնեւում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Վերջինս կարեւոր է, քանի որ այն կնպաստի իրավիճակի բարելավմանը եւ գործընթացը առաջ կմղի։ Դա կարող է լինել առաջին քայլը վստահության ձեւավորման համար, որը շատ կարեւոր է եւ անհրաժեշտ հետագայում ավելի համարձակ քայլեր կատարելու համար։

2016 թ. լարվածության աճից հետո մենք հռետորաբանության աճի ականատես եղանք, եւ ոչ միայն բարձր մակարդակով։ Բնակչության շրջանում եւս բեւեռացումը աճել է։ Ցավոք, նկատում ենք, որ մարդիկ, որոնք ցանկանում են խնդրի կարգավորման համար քայլեր ձեռնարկել մյուս կողմի հետ երկխոսության ստեղծման կամ փոխադարձ շահեր գտնելու համար, հաճախ խիստ քննադատության են ենթարկվում։ Սա շատ անհանգստացնող է։ Խաղաղության կառուցումը եւ մարդկանց շփումները շատ կարեւոր են պաշտոնական խաղաղ գործընթացին աջակցելու համար։

- Եվրոպական միությունը ինչպիսի՞ հատուկ դերակատարություն կարող է ունենալ ԼՂ խնդրի կարգավորման համար։

- ԵՄ շատ հստակ դիրքորոշում ունի ԼՂ հարցում՝ ստատուս-քվոն անկայուն է։ Կոնֆլիկտը պետք է հնարավորինս շուտ հանգուցալուծում ստանա՝ միջազգային իրավունքին համահունչ։ ԵՄ-ն ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որը բանակցությունների միջազգայնորեն ճանաչված ձեւաչափն է։ Բայց ուզում եմ ընդգծել, որ խնդրի լուծման համար փոխզիջումներ գտնելու առաջնային պատասխանատվությունը կողմերինն է։ Սա այն է, ինչ ես ասում եմ ղեկավարներին, երբ հանդիպում եմ նրանց։

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Ես կանոնավոր կապի մեջ եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի հետ։ Սա շատ կարեւոր է ԵՄ-ի համար, քանի որ մենք ցանկանում ենք իմանալ, թե ինչպես կարող ենք լավագույնս նպաստել՝ խնդրի խաղաղ կարգավորումը խթանելու համար։ Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել եւ օգնություն տրամադրել վերականգնողական աշխատանքների հարցում, երբ կողմերը հասնեն վերջնական համաձայնության։

Մենք աջակցում ենք խաղաղության կառուցմանն ուղղված քաղաքացիական հասարակության առաջնորդությամբ իրականացվող ծրագրերին եւ մարդկանց շփումներին, որոնք իրականացվում են Եվրոպական գործընկերության՝ հանուն  Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման (EPNK) նախաձեռնության շրջանակում։ Այս նախաձեռնությունները իրականացվում են շատ փորձառու հասարակական կազմակերպությունների կողմից, որոնք տարածաշրջանում գործունեություն են ծավալում երկար տարիների ընթացքում։ Նրանք կարող են օգնել հասարակություններին վերականգնել ընդհատված շփումները, պարզել ընդհանուր շահերը եւ հնարավորությունները՝ միասին աշխատելու համար։ Այլ հակամարտությունների փորձից գիտենք, որ խաղաղության պայմանագրերը պետք է ամրապնդվեն հասարակությունների կողմից։ 

- Դուք լավատե՞ս եք ԼՂ խնդրի կարգավորման հարցում։

- Չնայած բոլոր դժվարություններին եւ մարտահրավերներին, կարծում եմ, պետք է լավատես լինել։ Ինչպես արդեն նշեցի, բանակցությունները վերջին շրջանում համեմատաբար ակտիվ փուլ են մտել եւ ես հույս ունեմ, որ լարվածություն չի լինի եւ կողմերը կշարունակեն բարեխղճորեն ներգրավվել այդ գործընթացում եւ քաղաքական կամք կդրսեւորեն՝ փոխադարձ զիջումների համար։ Համոզված եմ, Հայաստանում եւ Ադրբեջանում սպասվող ընտրություններից հետո, սա ավելի հեշտ կլինի իրագործել։

Հարավային Կովկասը մեծ ներուժ ունի, բայց այն մեծամասամբ չի օգտագործվում հակամարտության պատճառով։ Մենք հուսով ենք, որ կողմերը կկարողանան հաղթահարել տարաձայնությունները եւ կտեսնեն այն օգուտները, որոնք կլինեն խաղաղության հաստատումից հետո։

- Մի քանի առիթներ են եղել, երբ  ԵՄ-ն բարձրաձայնել է իր ներկայացուցիչների համար Լեռնային Ղարաբաղ եւ շրջակա տարածքներ անմիջական մուտքի անհրաժեշտության մասին։ Դուք կցանկանայի՞ք այցելել ԼՂ։

- ԵՄ-ն միշտ ընդգծել է Լեռնային Ղարաբաղում եւ շրջակա տարածքներում իր ներկայացուցիչների մուտքի անհրաժեշտությունը։ Նախկինում Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը այցելել է Լեռնային Ղարաբաղ եւ, սկզբունքորեն կարեւոր է համագործակցել բոլոր դերակատարների հետ։ Պետք է ընդգծեմ, որ նման այց Լեռնային Ղարաբաղ չի նշանակի ճանաչում կամ նույնիսկ առաջին քայլ այդ ուղղությամբ։ Փոխարենը՝ դա կարող է օգնել տեղացիների կարիքները հոգալու համար գործնական լուծումներ գտնելու հարցում, եւ ավելացնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների շփումները։  Այս փորձառությունը կա Վրաստանի դեպքում։ Ես կանոնավոր այցելում եմ Աբխազիա եւ ուղիղ քննարկումներ ծավալում խնդրում ներգրավված շահագրգիռ բոլոր կողմերի հետ՝ ներառյալ քաղաքացիական հասարակությունը։

Ես, իհարկե, կցանկանայի այցելել Լեռնային Ղարաբաղ՝ համապատասխան շահագրգիռ կողմերի հետ հանդիպելու, իրավիճակին ծանոթանալու համար, բայց, միեւնույն ժամանակ, գիտեմ, որ նման այցերի վերաբերյալ որոշ մտահոգություններ կան։ Այս ուղղությամբ ամեն քայլ պետք է անել կողմերի եւ համանախագահների հետ սերտ համագործակցությամբ՝ որեւէ թյուրիմացությունից եւ սխալ մեկնաբանությունից խուսափելու համար։

- Ի՞նչ կասեք Հայաստան-Եվրոպական միություն ներկա համագործակցության մակարդակի մասին։

-Այն գերազանց է։ Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրի ստորագրմամբ ՀՀ-ԵՄ հարաբերությունները դուրս են եկել նոր մակարդակի։ Համաձայնագիրը ավելի սերտ համագործակցություն է առաջարկում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը, շրջակա միջավայրը եւ առեւտուրը։ Մենք հուսով ենք, որ այն ուժի մեջ կմտնի որքան հնարավոր է շուտ։ Եվ, իհարկե, ԼՂ խնդրի համապարփակ լուծումը, մասնավորապես, սահմանների վերաբացումը, ՀՀ-ԵՄ համաձայնագրի  արդյունավետություն է՛լ ավելի կբարձրացնի ՀՀ քաղաքացիների համար։

Տոյվո Կլաարի հետ զրուցել է Թագուհի Հովհաննիսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am