exclusive
20519 դիտում

Իգոր Խալաթյան. Օգնելու ենք նրանց, ովքեր մնում են Հայաստանում

Իգոր Խալաթյանը
Իգոր Խալաթյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) նախաձեռնությամբ փետրվարի 5-ին մեկնարկեց գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում ներդրողների ոչ ֆորմալ ցանցի աշխատանքը (Science and Technology Angels Network - STAN), որի շուրջ համախմբվել են հայազգի 18 ներդրողներ եւ ձեռնարկատերեր Հայաստանից ու արտերկրից: 
 
Ներդրողների ոչ ֆորմալ ցանցի համանախագահն է Oracle ընկերության փոխնախագահ, մի շարք ստարտափների հիմնադիր Իգոր Խալաթյանը, որը 2002թ. նվաճել էր Էվերեստը:

Մեդիամաքսը Իգոր Խալաթյանի հետ զրուցել է ներդրողների նորաստեղծ ոչ ֆորմալ ցանցի եւ Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարների մասին:

-Ինչո՞ւ որոշեցիք միանալ FAST-ի ներդրողների ցանցին եւ ի՞նչ խնդիրներ եք ցանկանում լուծել ցանցի միջոցով։
 
- Երկար տարիներ ՏՏ ոլորտում եմ եւ հասցրել եմ նկատել, թե որքան տաղանդավոր մարդիկ կան հայաստանյան ՏՏ ոլորտում։
 
Ամեն անգամ, երբ գալիս եմ Հայաստան, մարդիկ դիմում են՝ ասելով, որ լավ գաղափար ունեն, որը ցանկանում են զարգացնել: Տեսնում եմ նաեւ, որ բարձորակ շատ ծրագրավորողներ կան, որոնք հաջողակ լինելու հարցում մի քանի բացթողում ունեն՝ հեղինակային իրավունքին վերաբերող տարբեր հարցեր, վաճառքներ, մարքեթինգ եւ այլն:
 
Այս ամենը հաշվի առնելով՝ որոշեցինք սեփական փորձի հիման վրա հայաստանյան ստարտափներին փոխանցել մեր գիտելիքը, ֆինանսավորել ապագա ունեցող ծրագրերը:
 
Մեր նպատակն է իսկապես դառնալ «հաջողության խողովակաշար», գտնել լավագույն գաղափարները եւ դրանք ավելի զարգացնել՝ հասնելով նրան, որ Հայաստանը դառնա ՏՏ-ի եւ գիտության կենտրոն:


Ես հավատում եմ, որ այս ասպարեզում հայերը մեծ տաղանդ ունեն: Օրինակ ինչո՞ւ են հայերն այդքան լավ շախմատ խաղում: Բարդ է բացատրել, սակայն կա մի բան գիտակցության մեջ, որը հայերին լավագույն շախմատ խաղացողներ է դարձնում:
 
Նույն կերպ հայերը տաղանդավոր են ՏՏ ոլորտում: Ես տեսնում եմ այդ մեծ ներուժը: Այնպես որ՝ այս ցանցը ստեղծելը եւ գաղափարներին աջակցելն մեծ նշանակություն ունի։
 
- Կար ժամանակ, երբ Դուք էլ ստարտափ էիք ստեղծել։ Այն ժամանակ որքանո՞վ էր հեշտ ներդրողներ գտնել։
 
- Տարիներ առաջ, այո, ստեղծեցի սեփական ընկերությունս Նյու Յորքում: Այդ ժամանակ ԱՄՆ-ում դիմեցի բազմաթիվ հիմնադրամների: Նրանց դուր եկավ գաղափարը, եւ թիմը ֆինանսավորում ստացավ։ 
 
ԱՄՆ-ում առկա են բազմաթիվ հնարավորություններ, սակայն ամեն դեպքում հեշտ չէ, պետք է կարողանաս համոզել, որ քո գաղափարը լավագույնն է:
Իգոր Խալաթյանը Իգոր Խալաթյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեր նորաստեղծ ցանցի նպատակն է օգնել, որ ընտրության հնարավորություններ լինեն նաեւ Հայաստանի ներսում: Այնպես որ, խորհուրդ կտամ ստարտափներին գալ, ներկայացնել մեզ իրենց գաղափարները եւ աջակցություն ստանալ:
 
- Որո՞նք են նորաստեղծ ցանցի նպատակներն առաջիկա մեկ տարվա համար։
 
- Սկզբնական շրջանում ցանկանում ենք տեսնել, թե քանի հետաքրքրված ստարտափ կա, ընտրել դրանցից մի քանիսին եւ ֆինանսավորել: Ես հավատում եմ, որ դա ձնագնդի էֆեկտ կունենա, եւ տարեցտարի մեր գործունեությունն ավելի կընդլայնվի։

Մենք փնտրում ենք վաղ շրջանի ընկերությունների: Դրանք չպետք է լինեն զուտ գաղափարներ՝ արդեն պետք է որոշակի աշխատանք կատարած լինեն, առկա լինի, օրինակ, ապագա պրոդուկտի նախատիպը: Ինչ վերաբերում է այն ընկերություններին, որոնք արդեն հաճախորդներ ունեն եւ զարգացած են, ամենայն հավանականությամբ, դրանք ավելի շատ հետաքրքրված կլինեն վենչուրային ֆինանսավորմամբ, քան մեր տրամադրած «հրեշտակային» ներդրումներով: 

Երբ կկարողանանք ոլորտում միլիոնատերեր աճեցնել, որոնք մեծ գումարներ կաշխատեն ու իրենց հմտությունները այստեղ կներդնեն, կկարողանանք խոսել հաջողության մասին։ Մարդիկ այդ ժամանակ կսկսեն հասկանալ, որ Հայաստանում արժե մնալ։ Կարծում եմ, մեր նպատակը հենց դա է՝ որպեսզի Հայաստանում մնալու ընտրություն կատարողները շատ հաջողակ լինեն։
 
Իգոր Խալաթյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am