«Այբ» կրթական հիմնադրամի հրավերով Վեստմինստերի դպրոցի տնօրեն Պատրիկ Դերհեմը այցելել էր Հայաստան:
Այցը նախաձեռնվել էր հայաստանյան դպրոցներում «Արարատյան Բակալավրիատ» կրթական ծրագրի ներդրման շրջանակներում՝ համագործակցության եւ փորձի փոխանակման նպատակով: Հայաստանում Պատրիկ Դերհեմն այցելել է «Այբ» դպրոց, UWC Dilijan քոլեջ, Դիլիջանի կենտրոնական դպրոց, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, Հայաստանում Ամերիկյան համալսարան եւ ծանոթացել է ինովացիոն ծրագրերին եւ բարեփոխումներին:
Մեդիամաքսը զրուցել է Պատրիկ Դերհեմի հետ:
- Սրանք իմ լավագույն 6 օրերն էին: Այցը գերազանցեց սպասելիքներս: Կատարյալ հաճույք էր հանդիպել բոլոր այդ հրաշալի մարդկանց եւ առնչվել արտասովոր պատմության, մշակույթի եւ ժառանգության հետ: Սա իմ առաջին այցն է Հայաստան, բայց ոչ վերջինը:
Երկու դրվագներից մեկը, որ երբեք չեմ մոռանա, Հայոց Ցեղասպանության թանգարան այցն էր: Այն խորապես հուզեց ինձ: Մյուս անմոռանալի բանն էլ ՝ մարդկանց հետ զրույցներն են. նրանցից յուրաքանչյուրը պատմելու բան ունի: Անհամբեր սպասում եմ հաջորդ այցին:
Ինձ հատկապես հետաքրքրեց «Այբ» դպրոցի նախաձեռնած անչափ տպավորիչ «Արարատյան Բակալավրիատը»: Ծրագիրն իրականացվել է Քեմբրիջի համալսարանի հետ համատեղ եւ դա հսկայական նախաձեռնություն է: Իմ կարծիքով, բոլոր այն հայերի համար, ովքեր կօգտվեն այս հնարավորությունից, այն կատարյալ կլինի ՝ոչ միայն կապելով նրանց հայկական մշակույթին, այլեւ տեղեկացված դարձնելով համաշխարհային մակարդակով:
Լուսանկարը` Այբ հիմնադրամ
Շատ տպավորված եմ այն ամենով, ինչ տեսել եմ: Լավ տեղեկացված չեմ այն մասին, թե ինչ է կատարվում այլ դպրոցներում, հաջորդ այցիս ընթացքում ավելի մանրամասն կուսումնասիրեմ:
Հայաստանում ինձ անչափ տպավորել են մարդիկ: Կասկած չկա, որ Հայաստանի ամենամեծ արժեքը մարդկային կապիտալն է, ինքնությունը, որը բխում է մշակույթից, եկեղեցուց, դարեր շարունակ երկրի վերապրած փորձությունների գիտակցումից: Հայաստանի համար շատ կարեւոր է պահել դա:
- Վեստմինստերի դպրոցում կա՞ն դասավանդող կամ սովորող հայեր:
- Մեր դպրոցում հայազգի ուսուցիչներ չկան, բայց մի ուսանող տղա ունենք, ով Հայաստանից կժամանի սեպտեմբերին: Դա հրաշալի է: Նախկինում հայ ուսանողներ ունեցել ենք, բայց նրանք հիմնականում Սփյուռքից էին:
- Կրթական համակարգի զարգացմանն ուղղված որեւէ առաջարկություններ ունե՞ք:
- Դա ամենադժվար հարցերից մեկն է, որի հետ առնչվում ենք ամբողջ աշխարհում: Այն վերաբերում է կրթության զարգացմանը՝ թե պետական եւ թե հասարակական մակարդակով եւ չունի հեշտ լուծում: Եթե որեւէ մեկը ունենար այդ լուծումը, բոլորս կօգտվեինք դրանից, սակայն առանցքային եւ թերեւս միակ բանը, որի շուրջ կրթական ոլորտի մասնագետները միաձայն են, կայանում է նրանում, որ ուսուցչի որակը շատ բան կարող է փոխել:
Ուսուցչի եւ աշակերտների հաղորդակցությունը լսարանում շատ կարեւոր է: Բոլորիս համար, անկախ այն բանից, թե աշխարհի որ ծայրում ենք, լուծումը կայանում է լավագույն ուսուցիչների գտնելու մեջ, համոզված լինելով, որ նրանք գիտակցում են, որ կրթությունը ամբողջ կյանքի ընթացքում սովորելու գործընթաց է եւ կատարելագործվելու անհրաժեշտությունը միշտ էլ կա:
Պետք է քրտնաջան աշխատել, որպեսզի գտնել լավագույն ուսուցիչներին: Աշխատանքային ծանրաբեռնվածության եւ վարձատրության խնդիրները լուրջ են: Պետք է համոզված լինես, որ ուսուցիչները բավականաչափ աշխատավարձ են ստանում:
Երիտասարդների հետ աշխատելուց եւ նրանց ողջ կյանքի ընթացքում սովորելու ճանապարհով ուղղորդելուց ավելի լավ աշխատանք չկա: Ինձ բախտ է վիճակվել ունենալ նման մասնագիտություն, շուրջ երեսուն տարի աշխատելով այն երիտասարդների հետ, ովքեր այժմ փոխում են աշխարհը:
- Տեխնոլոգիաները մեր օրերում մեծ դեր են խաղում դասասենյակներում: Ի՞նչ փոփոխություններ եք տեսնում ուսուցիչների եւ աշակերտների շփման մեջ:
- Պատշաճ կերպով օգտագործելու դեպքում տեխնոլոգիաները կարող են շատ օգտակար լինել, սակայն դրանք չեն կարող փոխարինել ուսուցիչներին: Դասավանդելու լավագույն օրինակները նրանք են, որոնք համատեղում են տեխնոլոգիաների օգտագործումը:
Կրթությունը բարդ գործ է, նոր բաներ սովորելու համար պետք է մտածել: Մտածելը մարտահրավերներով լի է, բայց երիտասարդներին նման հմտություններ փոխանցելը կարեւոր է:
Լուսանկարը` Այբ հիմնադրամ
Տեխնոլոգիաները կարող են օգտակար լինել, բայց պետք է համոզված լինել, որ երիտասարդներին սովորեցնում են գտնել հակասություններ: Միայն այն պատճառով, որ Wikipedia-ն թիվ մեկ արդյունքն է Google-ի որոնման մեջ դեռ չի նշանակում, որ այն միշտ ճշգրիտ տեղեկատվություն է պարունակում՝ երիտասարդները պետք է ստուգեն հակասությունները եւ քրտնաջան աշխատեն իրենց կարծիքը հիմնավորող ապացույցները գտնելու եւ գնահատելու համար: Ահա թե ինչում է կրթության առաքելությունը: Այն ընդգրկում է հարցնելու մշակույթի՝ ճիշտ հարցեր տալու եւ մտածել սովորելու, զարգացումը:
- Ի՞նչ եք կարծում, այնպիսի հարթակները, ինչպիսիք են Coursera-ն, edX-ը, կարո՞ղ են փոխարինել դասական լսարանները:
- Ամեն ինչ հնարավոր է: Եթե մեր զրույցը լիներ 20-30 տարի անց, հավանաբար, մենք կունենայինք հստակ պատասխան: Այս պահին չգիտեմ: Առցանց ուսուցումը շատ հետաքրքիր հնարավորություն է, այն ապահովում է կրթության հասանելիությունը հասարակության բոլոր անդամների համար:
Նոր սերունդը վերապրում է անհավանական փոփոխություններ: Աշխարհը դարձել է լիովին այլ վայր, որը երիտասարդները բազմիցս փոխելու են: Եվ նրանք պարտավոր են ունենալ հմտությունների այդ պաշարը, ճկունությունը, դժվարություններին դիմակայելու տոկունություն՝ սրանք են դպրոցի կարեւորագույն տարրերը: Համոզված չեմ, որ դրանք կարելի է ձեռք բերել առցանց տարբերակով:
Լավագույն դպրոցներն այժմ խթանում են տեխնոլոգիաների կիրառումը: Լավագույն կրթական համակարգերը համադրում են ավանդույթները նորարարությունների հետ: Դա պետք է առողջ համադրություն լինի: Պետք չէ դադարել նորարարական լուծումներ ներդնել, պետք է անընդհատ զարգացման ուղիներ փնտրել:
Արհեստական բանականությունը, օրինակ, մոտակա տարիներին հետաքրքիր զարգացումներ կապրի կրթության տեսանկյունից:
Պատրիկ Դերհեմի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: