Արսեն Քարամյան. Ասպիրանտուրան ծառայելուց խուսափելու հնարավորություն տվեց - Mediamax.am

exclusive
21908 դիտում

Արսեն Քարամյան. Ասպիրանտուրան ծառայելուց խուսափելու հնարավորություն տվեց

Արսեն Քարամյանը
Արսեն Քարամյանը

Լուսանկարը` Ա. Քարամյանի անձնական արխիվից

Լուսանկարը`


ՀՀ կառավարության կողմից դրական եզրակացության արժանացած եւ ԱԺ քննարկմանը սպասող՝ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ Մեդիամաքսը զրուցել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանի հետ:

 

- Պրն. Քարամյան, ի՞նչ կարծիքի եք «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ, որով սահմանվում է, որ 18 տարին լրացած ցանկացած ՀՀ քաղաքացի, առանց ուսման նպատակով տարկետման իրավունքի, պետք է ծառայի ազգային բանակում: Ի՞նչ դրական եւ բացասական հետեւանքներ կարող է ունենալ տարկետման իրավունքի վերացումը:

 

- Ես միանշանակ կողմ եմ, որ 18 տարին լրացած, արական սեռի յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի ծառայի ազգային բանակում: Դա բխում է մեր ազգային շահից եւ ուղղակիորեն կապված է պետության անվտանգության ապահովման բաղադրիչի հետ:

 

Հասարակության տարբեր շերտերից որպես տարկետման իրավունքի վերացման հակափաստարկներ նշվում են կրթության անընդհատության ապահովման անհրաժեշտությունը եւ այն, որ գիտությամբ զբաղվելու հնարավորությունների սահմանափակումն այդ ոլորտում կարող է հանգեցնել անցանկալի հետեւանքների:

 

Դեռեւս 2003 թվականին, երբ ՀՀ կառավարությանը համանման առաջարկ էր ներկայացվել, ես աշխատում էի ԵՊՀ-ում, ու ինձ համար որոշակիորեն տեսանելի էին այդ առաջարկի դրական եւ բացասական կողմերը: Այդ տարիներին նախագծի դիմադրության հանդիպելը եւ ի վերջո դրա հետ կանչելը կապված էր շտապողականության եւ հանրային կարծիք չնախապատրաստելու հետ: Այդ ժամանակ նույնպես որպես նախագծի դեմ հիմնական հակափաստարկ նշվում էր կրթության անընդհատության գործընթացի կարեւորությունը եւ գիտությամբ զբաղվելու հնարավորության սահմանափակումը: Այժմ նույնպես հնչում են նման մտավախություններ, որոնց փարատելու ամենաճիշտ տարբերակը գործնականում մի փոքրիկ ուսումնասիրություն կատարելն է:

 

Անցել է շուրջ 13 տարի, որն առավել քան բավարար ժամանակ է՝ քննության առնելու հետեւյալ հանգամանքները՝ ի՞նչ տվեց կրթության անընդհատությունը մեր սերնդին, ի՞նչ տվեց մեզ գիտությունների բազմաթիվ թեկնածուների առկայությունը, որոնցից շատերը կրթության անընդհատության շահարկմամբ կամ արդյունքում ավարտեցին ասպիրանտուրան եւ, պաշտպանելով թեկնածուական թեզերը, ձեռք բերեցին բանակում ծառայելուց ազատվելու իրավունք:

 

Բացի այդ, հակափաստարկներ հնչեցնողներին կառաջարկեի դիտարկել, թե թեկնածուականը պաշտպանելուց հետո քանի՞ գիտական հոդվածներ են հրապարակել գիտությունների հարգարժան թեկնածուները, ցիտման ի՞նչ ինդեքսներ ունեն այդ աշխատանքները, ստեղծված գիտությունը հանրային կյանքում կամ տնտեսության որեւէ ճյուղում որքանո՞վ է առեւտրայնացվել եւ, ի վերջո, հասարակությունն ի՞նչ արդյունք ու շահ է ունեցել այդ գիտական արտադրանքից: Այս հարցերը պետք է հստակ պատասխաններ ստանան, որոնք, կարծում եմ, մխիթարող չեն լինելու: Դեռ ավելին՝ կատարված ուսումնասիրությունները կփաստեն, որ այդ ատենախոսությունների մի մասն ընդհանրապես գիտական արժեք չի ունեցել եւ ատենախոսին ընդամենն օրինական ճանապարհով բանակում ծառայելուց խուսափելու հնարավորություն է տվել: Դրա արդյունքում ոչ միայն անառողջ ու անհավասար մթնոլորտ է ստեղծվել զորակոչի գործընթացում, այլեւ այն ուղղակիորեն վնասել է բարձրագույն կրթության բովանդակությանն ու նպատակներին: Անշուշտ, ես հասկանում եմ, որ եղել են եւ կան տաղանդավոր ու բացառիկ շնորհքով օժտված երիտասարդներ, ովքեր, ցավոք, քանակական առումով որակ չեն կազմել, եւ նրանց աշխատանքները, դրանց դերն ու նշանակությունը նսեմացվել են վերոհիշյալ արատավոր գործընթացի համատեքստում: Այդ պատճառով կարծում եմ, որ բանակի եւ բարձրագույն կրթության համակարգերի միջեւ հակադրությունների ու բաժանարար գծերի կառուցումը լավագույն մոտեցումը չէ: Առավել եւս, երբ ակնհայտ է, որ կրթության եւ գիտության կազմակերպման գործում արմատական եւ ոչ պոպուլյար փոփոխությունների կարիք կա, ինչն առանձին, տարողունակ քննարկման թեմա է:

 

- Իսկ, առհասարակ, նախագծով առաջարկվող փոփոխությունն ի՞նչ ռիսկեր է պարունակում:

 

- «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունը հավասար պայմանների ապահովման տեսանկյունից շատ ողջունելի քայլ է, որը, սակայն, մեկ այլ մտավախության տեղիք է տալիս: Բացառված չէ, որ ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ֆինանսական հնարավորություններ ունեն, իրենց զավակի՝ զինապարտության տարիքին հասնելու նախաշեմին բնակության են տեղափոխվելու այլ երկիր, փորձելու են այս կամ այն կերպ ձեռք բերել այլ երկրի քաղաքացիություն ու այդ ճանապարհով «լուծել» իրենց զավակների՝ զինծառայությունից խուսափելու խնդիրը: Մի մասն էլ փորձելու է հարցերը «լուծել» զարտուղի ճանապարհներով:

 

- Այդ դեպքում ինչպե՞ս եք տեսնում խնդրի լուծումը, հատկապես այն մարդկանց դեպքում, ովքեր կխուսափեն պարտադիր զինվորական ծառայությունից:

 

- Մենք այս հարցում համալիր մոտեցում պետք է ցուցաբերենք: Պետությունը պետք է որոշակի մեխանիզմեր առաջարկի այն անձանց, ովքեր ՀՀ Սահմանադրության համաձայն պարտավոր են մասնակցել երկրի անվտանգության ապահովմանը, սակայն չեն ցանկանում ծառայել ազգային բանակում: Ինքս մի մեխանիզմի մասին եմ ուզում խոսել, որը կարող է դառնալ հանրային քննարկման նյութ եւ համընդհանուր կոնսենսուսի առարկա այն մարդկանց համար, ովքեր չեն ցանկանում ծառայել բանակում եւ փնտրում են դրանից խուսափելու ելքեր: Պետությունը պետք է տարեկան կտրվածքով սահմանի պետական տուրք (պայմանական մոտ 8-10 միլիոն ՀՀ դրամի չափով), որը զինապարտության տարիքի հասած քաղաքացիները կվճարեն պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար, իսկ պետությունը այդ գումարով հնարավորություն կունենա երկու տարի ժամկետով զինվորական ծառայության ներգրավել երկու պայմանագրային զինծառայողի եւ նրանց վճարել ներկայումս այդ ծառայության համար տրվող աշխատավարձի եռակի չափով:

 

- Որքանո՞վ արդար եւ հավասար կլինի այս մոտեցումն այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր չեն խուսափի զինվորական ծառայությունից:

 

- Ճիշտ նկատեցիք, այստեղ էլ առաջ է գալիս արդարության եւ հավասարության ապահովման անհրաժեշտությունը, որը դիտարկում եմ հետեւյալ կերպ. ազգային բանակում ծառայած յուրաքանչյուր հայորդի կարող է որոշակի դերակատարություն ունենալ հանրային կյանքի կառավարման եւ կազմակերպման գործում, իսկ նրանց համար, ովքեր պետական տուրք վճարելով չեն ծառայի ազգային բանակում, օրենքով կարգելվի առաջադրվել եւ ընտրվել ընտրովի բոլոր մարմիններում, ինչպես նաեւ նշանակվել հայեցողական եւ հատուկ ծառայության պաշտոններում:  Սա կլինի արդարության ու հավասարության այն գինը, որը կվճարի պետական տուրքի վճարմամբ զինվորական ծառայությունից ազատված քաղաքացին:

 

Միաժամանակ, ցանկանում եմ ընդգծել, որ սա ընդամենը տարբերակ է, քննարկում ծավալելու համար նյութ, եւ անհրաժեշտաբար պետք է հարստացվի նոր առաջարկներով: Ակնհայտ է, որ մեր երկրի անվտանգության ապահովման առաջնայնությունը վիճարկման թեմա չի կարող լինել, եւ վերոնշյալ առաջարկները բացառապես պայմանավորված են հենց այդ հանգամանքով՝  չթերագնահատելով կրթության, գիտության եւ առհասարակ կրթված, գիտելիքահեն հասարակություն ունենալու կարեւորությունը: Անշուշտ, թեման նուրբ է, տարողունակ, եւ այս ձեւաչափի մեջ հնարավոր չէր անդրադառնալ խնդրի բոլոր կողմերին:

 

Հ․Գ․ Առաջիկայում Մեդիամաքսը կփորձի ստանալ խնդրի վերաբերյալ շահագրգիռ այլ կառույցների կարծիքը եւս։

 

Արսեն Քարամյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը։

Լուսանկարը՝ Արսեն Քարամյանի անձնական արխիվից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին