Ավետիք Չալաբյան. «Օլիգարխիայի իշխանությունն այլեւս անցյալ է» - Mediamax.am

exclusive
29582 դիտում

Ավետիք Չալաբյան. «Օլիգարխիայի իշխանությունն այլեւս անցյալ է»

Ավետիք Չալաբյանը
Ավետիք Չալաբյանը

Լուսանկարը`


Մեդիամաքսի հարցազրույցը «Արար» հիմնադրամի համահիմնադիր եւ խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանի հետ

 

- Ադրբեջանի կողմից իրավիճակի կտրուկ սրումը, ըստ Ձեզ, ինչո՞վ էր պայմանավորված: Ինչո՞ւ հենց հիմա նման քայլի գնաց Ադրբեջանը եւ ի՞նչ խնդիրներ էր դրել իր առջեւ:

 

- Կարծում եմ՝ սրա մասին արդեն բավական խոսվել է՝ մինչ ապրիլի 2-ը ձեւավորված ստատուս-քվոն կարող էր շատ երկար շարունակվել, եւ ժամանակը դադարել էր աշխատել Ադրբեջանի օգտին: Ադրբեջանին պետք էր ինչ-որ ձեւով խարխլել ստատուս-քվոն եւ տաքացնել հակամարտությունը, ստիպել միջնորդներին ճնշում գործադրել հայկական կողմի վրա` միակողմանի զիջումների գնալու: Սա Ադրբեջանի ծրագիր-մինիմումն է։ Ծրագիր-մաքսիմումով Ադրբեջանը ցանկանում էր մարտի դաշտում հաջողությունների հասնելով՝ մեզ պարտադրել հակամարտության կարգավորման իրեն բարենպաստ տարբերակները: 

 

Կա եւս երկու լրացուցիչ գործոն: Դրանցից մեկն այն է, որ Ադրբեջանի ներսում տնտեսական եւ սոցիալական վիճակը մեկ տարվա ընթացքում կտրուկ վատացել է:

 

Ադրբեջանի իշխանությունները ներքին լսարանի շեղող տարբեր գործողությունների կարիք ունեին: Իշխող վարչախումբը ցանկանում էր ռազմահայրենասիրական համախմբման միջոցով մեղմել տնտեսական ճգնաժամի ազդեցությունը եւ երկարաձգել իր անվերապահ վերահսկողությունը հասարակության վրա: Մյուս գործոնը Թուրքիան է, որը տարածաշրջանային գրեթե բոլոր հակամարտությունների կողմ է դարձել: Թուրքիան փորձում է ձեւավորել լրացուցիչ խաղաքարտեր, որnնք ինքը կօգտագործի մերձավորարեւելյան ճգնաժամի արդյունքում սեփական խարխլված դիրքերը ամրապնդելու համար։ Այս պատերազմում Թուրքիան հակամարտության ակնհայտ կողմ էր, թեեւ դեռ մինչեւ վերջ պարզ չէ, թե բուն մարտական գործողություններում այն ինչ դեր է ունեցել։

 

Ինչո՞ւ հենց հիմա, թերեւս մի քանի գործոն համադրվեց, սակայն հիմնականն այն է, որ Ադրբեջանը ցայտնոտի մեջ է հայտնվել, հիմա պետք է դա աներ, որովհետեւ ապագայում արդեն շատ ավելի դժվար կլիներ, մասնավորապես, Հայաստանին ժամանակակից սպառազինությունների նոր խմբաքանակների մատակարարման եւ իր ներսում հակասությունների հետագա սրման պայմաններում։

 

-Այս գործողությունից հետո ի՞նչ հաջողության հասավ Ադրբեջանն իր մինիմում եւ մաքսիմում ծրագրերում եւ որտե՞ղ չհաջողեց:

 

-Ադրբեջանն իր ծրագիր-մինիմումը կատարեց, տաքացրեց հակամարտությունը, նրա ռազմական շանտաժը ստիպեց բոլոր միջնորդ կողմերին ակտիվացնել գործունեությունը, նույնիսկ սկզբում մեզ վրա որոշ անհարկի ճնշում գործադրել:

Ադրբեջանը նաեւ որոշակիորեն կատարեց իր ներքին խնդիրը՝ առաջացնելով ռազմահայրենասիրական վերելքի թեեւ կարճատեւ, բայց բավական ուժեղ ալիք, մինչեւ սկսեց ակնհայտ դառնալ, որ դրա առիթն առանձնապես չկա. ռազմաճակատում արձանագրված ոչ մեծ դիրքային հաջողությունները տրվել են ծանր կորուստների գնով, եւ հիմա հասարակությունը սկսում է հասկանալ, որ իրեն հերթական հուսախաբությունն է սպասում:

 

Ադրբեջանի ծրագիր-մաքսիմումը, բնականաբար, ձախողվեց, մարտի դաշտում նրա գրանցած հաջողությունները ավելի շատ անակնկալ հարձակման գործոնով են պայմանավորված եւ տակտիկական բնույթ ունեն, իսկ արցախյան բանակի հակահարձակումը ցույց տվեց, որ նույնիսկ վերջին տարիների երկարատեւ ռազմական պատրաստությունից հետո, մարտի դաշտում իրենք որոշիչ առավելություն չունեն: Հայաստանի եւ Արցախի միասնական ուժերի արագ ինքնակազմակերպումը եւ դիմադրությունը չեզոքացրեց ադրբեջանական գերակայության մյուս գործոնները, եւ առնվազն մարտի դաշտում Ադրբեջանը որոշիչ հաջողություն չկարողացավ արձանագրել: Բացի այդ, ակնհայտ դարձավ, որ Հայաստանը ոչ միայն ունի ասիմետրիկ հարվածի հնարավորություն, բայց եւ ունի վճռականություն այդ հարվածը հասցնելու, եթե Ադրբեջանը փորձի հակամարտության մասշտաբն ընդարձակել:

 

Պետք է նկատի ունենալ նաեւ, որ մարտական գործողություններն ընթանում են Ադրբեջանի կարեւորագույն տրանսպորտային ուղիներին բավական մոտ, եւ դրանց խոցման դեպքում կտուժեին Ադրբեջանի նավթագազային ենթակառուցվածքները, որոնց սեփականատերը միայն Ադրբեջանը չէ: Ադրբեջանի միջազգային գործընկերները չէին ցանկանա, որ իրենց ներդրումները զոհ գնային Ադրբեջանի ռազմական արկածախնդրությանը: Կարծում եմ, որ այս կողմից էլ որոշակի ճնշումն Ադրբեջանի վրա բերել է նրան, որ այն գիտակցել է հակամարտության հետագա ծավալման ողջ վտանգավորությունը իր համար: Մի բան է բլից-կրիգը, մեկ այլ բան` երկարատեւ պատերազմը. վերջինի դեպքում Ադրբեջանը շատ ավելի խոցելի է դառնում, առաջին հերթին ներսից։ 

 

- Ճիշտ է` Ադրբեջանը մարտի դաշտում հաջողության չհասավ, բայց ամեն դեպքում սկզբում կարողացավ անակնկալի բերել: Ըստ Ձեզ, ինչո՞ւ դա տեղի ունեցավ եւ առաջին օրերին ինչո՞ւ հայտնվեցինք դիվանագիտական մեկուսացման մեջ:

 

-Սա ցավալի խնդիր է, որը լուրջ վերլուծության կարիք է զգում։ Մի քանի հետեւություններ, սակայն, արդեն հիմա ակնհայտ են։ Ադրբեջանը հետեւողական դիվանագիտական եւ մարտական պատրաստություն էր իրականացրել, որը մենք չէինք նկատել, եւ համարժեք չէինք արձագանքել, ոչ էլ գնահատել էինք իրենց վճռականությունը:

 

Ադրբեջանը, մոտեցնելով մեր առաջավոր դիրքերին երկու գրոհային բրիգադ, դա կարողացել էր իրականացնել մեզանից գաղտնի. կամ մեր հետախուզությունը լավ չէր աշխատել, կամ էլ հետախուզական հաղորդումները վերլուծող ղեկավարները համարժեք չէին արձագանքել, հակառակ դեպքում դժվար է բացատրել մեր դիրքերի վրա անակնկալ գիշերային գրոհը։

 

Բոլոր դեպքերում, ռազմաճակատում մեր կորուստների զգալի մասը տեղի է ունեցել անակնկալ հարձակման հետեւանքով, եւ սա անհետեւանք չպետք է անցնի: Կարծում եմ, որ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է լուրջ վերլուծության ենթարկի մեր բացթողումները, եւ համապատասխան հետեւություններ անի, ապագայում այսպիսի իրավիճակները բացառելու համար, իսկ եթե կան նաեւ մեղավորներ, նրանք պետք է պատժվեն։  

 

-Որոշակի խնդիրներ արդեն բարձրաձայնեցիք, բայց եթե փորձեք վերլուծել` ընդհանուր առմամբ ինչպիսի՞ պաշտպանական եւ անվտանգային խնդիրներ բացահայտեց քառօրյա պատերազմը:

 

- Ամենամեծ խնդիրը, ըստ իս, պատերազմից 22 տարի հետո դեռեւս Արցախի կարգավիճակի անհստակություն է, եւ հենց դա է Ադրբեջանին արկածախնդրության հիմքեր տալիս` փորձել ռազմական ճանապարհով այդ կարգավիճակը կանխորոշել: Աշխարհում վերջին 22 տարիներին շատ բան է փոխվել, առաջացել են ինքնորոշման բազմաթիվ նոր նախադեպեր (Կոսովո, Աբխազիա, Պաղեստին, Ղրիմ), սակայն մենք չենք կարողացել այդ նախադեպերից պատշաճ օգտվել: Պաղեստինն, օրինակ, լիարժեք ճանաչված անկախ պետություն չէ, բայց դիտորդի կարգավիճակ ունի ՄԱԿ-ում, այլ դեպքերում էլ յուրաքանչյուր նոր սուբյեկտն ունի մասնակի ճանաչում եւ միջազգային պայմանագրերի որոշակի համակարգ:

 

Մեր իշխանություններն այստեղ լուրջ բացթողումներ ունեն, քանի որ համաձայնել են բանակցությունների բավական նեղ ֆորմատի հետ, որն, ըստ էության, փակուղի է մտել: Ամբողջ այս ընթացքում, սակայն, մենք չենք փորձել զուգահեռ միջոցներ ձեռնարկել, որպեսզի Արցախը սկսի ընկալվել որպես միջազգային իրավունքի սուբյեկտ: Մենք պետք է աշխատենք հիմա այդ կարգավիճակի ձեռքբերման ուղղությամբ, այս հարցում կարեւորագույն քայլ է Արցախի եւ Հայաստանի միջեւ ռազմական փոխգործակցության համաձայնագիրը, որի մասին ՀՀ նախագահը հայտարարեց պատերազմի ամենասուր օրերին: Դրա մասին չպետք է այսօր մոռանալ:

 

Իմիջիայլոց, մեզ վրա մեծ ճնշում է գործադրվելու, որպեսզի մոռանանք, բայց մենք պետք է հասնենք նրան, որ մեր գործընկերների համար Արցախը սկսի ընկալվել որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, եւ վերադառնա բանակցային սեղանի շուրջ՝ որպես ինքնուրույն կողմ:

 

Երկրորդ խնդիրը մեր պաշտպանական ռազմական դոկտրինն է՝ մենք մեզ միակողմանիորեն դրել ենք պաշտպանվողի դերում, ակնկալելով դրանից քաղաքական դիվիդենտներ։ Ադրբեջանի նկատմամբ թողտվությունը, սակայն, ցույց տվեց, որ պաշտպանողական դոկտրինը քաղաքական դիվիդենտներ չի բերում, քանի որ երկու կողմերին էլ, ի վերջ, դնում են հավասար նժարների վրա: Մի քանի ամիս առաջ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ մենք անցնում ենք հակառակորդի սանձահարման դոկտրինին: Դա նշանակում է, որ եթե տեսնում ենք ուժերի կուտակում, մենք կարող ենք առաջինը հարվածել, որպեսզի կանխենք նրանց ագրեսիվ գործողությունները, եւ մենք հիմա խոսքից պետք է անցնենք գործի, դա նաեւ լավագույն երաշխիքն է այսուհետեւ անակնկալի չգալու: Անընդհատ պաշտպանվողի դերում լինելը հակառակորդին դրդում է հարձակման, իսկ կանխարգելիչ հարվածները կարող են վերջապես ստիպել նրան առաջնագծից հեռացնել հարձակվողական տեխնիկան:

 

Երրորդ խնդիրը մեր պաշտպանության վրա ծախսվող ռեսուրսներն են` վաղուց ակնհայտ է, որ դրանք անբավարար են, որ մի քանի տարի Ադրբեջանը մեզնից 7 անգամ շատ ռազմական բյուջե ուներ, եւ որ վաղ թե ուշ սա բերելու էր ռազմավարական հաշվեկշռի խախտման, սակայն մեր իշխանությունները այս հարցում տարօրինակ անհոգություն էին ցուցաբերում, առավել եւս պետական մյուս կառույցների ֆինանսավորման շարունակվող աճի ֆոնի վրա։ Սա սկսեց փոխվել միայն վերջին մեկ տարում, մասամբ սրանով է պայմանավորված Ադրբեջանի հապճեպությունը:

 

Չորրորդ խնդիրը մեր ռազմատեխնիկական համագործակցության նեղ շառավիղներ էր, փոքր բացառությամբ` ամբողջ սպառազինությունը գնվում էր Ռուսաստանից` ավելի էժան լինելու պատրվակով, բայց մենք բաց թողեցին բարձր տեխնոլոգիական որոշակի զինատեսակների մատակարարման հնարավորությունը, մասնավորապես, Իսրայելից կամ Բելառուսից, եթե ոչ դրանցով համատարած զինվելու, ապա առնվազն գործողության առանձնահատկությունները հասկանալու եւ հակաթույն պատրաստելու մասով:

 

Դրան ավելանում է նաեւ սեփական բարձր տեխնոլոգիական սեկտորի հետ աշխատանքի անբավարար մակարդակը, դրա մասին այսօր շատ է խոսվում, դա սպառազինությունները Ռուսաստանից «էժան» գնելու վիճելի տրամաբանության շարունակությունն է։

 

Մյուս լուրջ խնդիրն էլ մեր արտաքին քաղաքականության սխալներն են: Առաջին հերթին սա վերաբերվում է ԵՏՄ հապշտապ անդամակցումը՝ առանց դրա դիմաց բավարար առավելություններ ստանալու, եւ ԵՄ հետ վստահության կորստի գնով, արդյունքում նաեւ մեր արեւմտյան գործընկերների հետ ռազմավարական համագործակցության հնարավորությունների անբավարար օգտագործումը, եւ նաեւ ԱՊՀ տարածաշրջանում դիվանագիտական նախաձեռնության զիջումը Ադրբեջանին: Այս ամբողջը պակասեցրել է մեր քաղաքական դիմադրողականությունը, արդյունքում զգալի չափով բանակը իր վրա է վերցրել հարվածի ծանրությունը։

 

- Ձեր կարծիքով, ինչ հաջողություններ արձանագրեցինք մենք այս պատերազմում:

 

- Արցախի բանակը, առաջին հարվածից հետո, արագ ուշքի եկավ, եւ դաժան մարտերով կարողացավ վերականգնել խախտված հավասարակշռությունը ռազմաճակատում, հակառակորդին շոշափելի կորուստներ պատճառելով: Զուտ մարտավարության տեսանկյունից մեր կողմը, որոշակի բացառություններով, կարողացել է շատ պրոֆեսիոնալ գործել: Զինված ուժերի տարբեր միավորների աշխատանքն ու նաեւ համագործակցությունը հնարավորություն ստեղծեց հզոր կրակային պատնեշ ձեւավորել, եւ հակառակորդը առաջնագծի ճեղքումից հետո չկարողացավ ավելի խորանալ, իսկ շատ տեղերում էլ հետ շպրտվեց:

 

Հաջորդ հաջողությունն այն է, որ Արցախի իշխանությունները կարողացան շատ օպերատիվ աշխատել, կանխել խուճապը, արագ մոբիլիզացնել ռեսուրսները` հիմնական զինվորական եւ քաղաքացիական ծառայությունները, եւ առաջնագծում մարտնչող մեր բանակին հուսալի թիկունք ապահովել:

 

Բացի այդ, մենք դրա մասին քիչ ենք խոսում, բայց պետք է նշել, որ քառօրյա պատերազմի ամենակրիտիկական օրերին ՀՀ բարձրագույն իշխանությունը դրսեւորեց հստակ քաղաքական կամք, նրա վճռականությունը այդ օրերին կարեւոր դեր խաղաց հակառակորդի հարձակումը կասեցնելու գործում: Պետք է հիշել, որ ապրիլի 4-ին Ադրբեջանը սպառնում էր ռմբակոծել Ստեփանակերտը, իսկ արդեն հաջորդ օրը հրադադար խնդրեց: Դա մեր ռազմաքաղաքական ղեկավարության վճռականության շնորհիվ էր. իրենք հստակ հասկացան, որ մեր խաղաղ բնակավայրերի ռմբակոծումը կհակադարձվի ասիմետրիկ հարվածներով, եւ հետ կանգնեցին այդ ճակատագրական քայլից:

 

Եվ իհարկե, եւ Արցախի, եւ Հայաստանի հասարակությունը միահամուռ արձագանքեցին ստեղծված իրավիճակին, եւ միացան դիմադրությանը, ընդդիմությունը եւս միանգամից միացավ դրան: Սփյուռքի բազմաթիվ կառույցներ, իրավիճակը գնահատելուց հետո, արագ միացան գործին` ներառյալ սեփական երկրներում հասարակական կարծիքի վրա ազդելու նպատակով: Ազգային համերաշխության այս դրսեւորումը շատ կարեւոր էր, եւ խախտեց հակառակորդի հաշվարկները, կոմունիկացիոն դաշտում իրենք սկսեցին տանուլ տալ: Մարդիկ շատ արագ ինքնակազմակերպվեցին` առանց որեւէ մեկից հրահանգ ստանալու, տեղում շատ հստակ կողմնորոշվեցին` ով ինչ պետք է անի:

 

Այդ իմաստով մենք անգնահատելի գերազանցություն ունեցանք Ադրբեջանի նկատմամբ: Ակնհայտ է, որ Ադրբեջանի պետությունը կռվում է հայկական պետությունների եւ հասարակության, ամբողջ հայկական աշխարհի դեմ: Այդ իմաստով, Ադրբեջանի պետական ուժի գերակշռումը չեզոքացվում է ամբողջ հայկական հասարակության տարաբնույթ ուժերի շնորհիվ, եւ սա է, թերեւս, մեր ամենամեծ հաջողությունը։

 

- Փորձենք թվարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու կարճաժամկետ քայլերը: Ինչպե՞ս խուսափել իրավիճակի անբարենպաստ զարգացումներից:

 

- Ադրբեջանի մոտ բլից-կրիգ չստացվեց, եւ հիմա այն ձգտելու է բանակցությունների վերսկսման՝ սեփական պայմաններով։ Այստեղ մեր համար իրավիճակը մասամբ անբարենպաստ է լինելու, եւ մեր կարճաժամկետ գործողությունները պետք է ուղղված լինեն խախտված հավասարակշռությունը վերականգնելուն: Որոշակի դիվանագիտական քայլեր արդեն տեսանելի են։ Շատ կարեւոր է, որ այդ բանակցությունները չավարտվեն մեզ համար անբարենպաստ որեւէ փուլային համաձայնագրով, կարծում եմ, մեր իշխանություններն էլ սա լավ հասկանում են:

 

Պետք է այնպես անել, որ այդ բանակցություններն հնարավորություն տան մեզ ժամանակ շահել, այն հիմա մեր օգտին է աշխատում: Դա մեր ամբողջ դիվանագիտական ռեսուրսի մոբիլիզացիան է պահանջում: Ադրբեջանն, ըստ էության, որեւէ համաձայնագրի պատրաստ չէ, նրա հետ խելամիտ խաղաղ կարգավորման որեւէ տարբերակ հիմա հնարավոր էլ չի համաձայնեցնել, ուստի կարեւոր է, որ Ադրբեջանը հերթական անգամ հանդես գա անիրատեսական պահանջներով, որոնք կմերժվեն ոչ միայն մեր, այլեւ բոլորի կողմից: Սակայն այս ժամանակը պետք է օգտագործել այնպես, որպեսզի մենք կարողանանք կանխել  հերթական ռազմական գործողությունները:

 

Այստեղ մեր իշխանությունը պետք է կտրուկ քայլերի գնա` խախտելով հնարավոր տաբուները: Օրինակ, այն պետք է մինչեւ վերջ հասցնի Արցախի հետ ռազմա-քաղաքական պայմանագրի ստորագրումը, եւ համառություն դրսեւորի՝ Արցախի իշխանություններին ի սկզբանե բանակցությունների մասնակից դարձնելու մասով: Սա Ադրբեջանից դիվանագիտական նախաձեռնությունը խլելու կարեւորագույն միջոց է: Մեզ բարեկամական երկրներում պետք է ակտիվացնել Արցախի ճանաչման գործընթացը, սա կարեւոր ասիմետրիկ հարված է ադրբեջանական ագրեսիվ դիվանագիտությանը։

 

Երկրորդը, անհրաժեշտ են արագ քայլեր հնարավոր ռազմական գործողություններին լավ պատրաստվելու համար: Արցախի եւ ՀՀ պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ մեծածավալ աշխատանք է պետք կատարել՝ ինժեներական կառույցներ, պահեստազորի նախապատրաստում, սպառազինության եւ զինամթերքի պաշարների լրացում, Ռուսաստանից ակնկալվող ժամանակակից սպառազինությունների մատակարարում, առաջնագիծը դիտարկման սարքավորումներով համալրում եւ այլն: Այս նպատակով պետք է իրականացնել նաեւ պետական բյուջեի արագ վերաբաշխում՝ այսօր այն ռազմական իրավիճակի համար պարզապես ճոխություն է: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի հակառակորդը այս տարվա ընթացքում նոր ռազմական արկածախնդրության գայթակղություն չունենա, թեեւ այն լրիվ բացառել չի կարելի։ 

 

Վերջապես, նաեւ երկրի ներսում պետք է գնալ հստակ քայլերի՝ իշխանության ինքնամաքրման ուղղությամբ․այս պատերազմը ունեցավ փառավոր հերոսներ, բայց եւ ակնհայտ հակահերոսներ, այդ մարդիկ այլեւս բարոյական իրավունք չունեն մեզ կառավարելու, նրանք առնվազն տապալել են իրենց աշխատանքը, իսկ իրականում նաեւ ակնհայտ վնաս են բերել երկրին։ Իշխանությունը պետք է ազատվի այդ հակահերոսներից, հասարակության պահանջը այստեղ ակնհայտ է։

 

- Խնդիրների հիմնաքարային, երկարաժամկետ քայլերով լուծումները որո՞նք են: Կարող ենք, արդյո՞ք, հաղթել այս պատերազմում:

 

- Այո, իհարկե, եւ դրա լավ օրինակը Իսրայելն է։ Այս երկիրը ունեցել է բազմակի գերակշռող հակառակորդներ, բայց կարողացել է լուծել մի քանի կարեւոր խնդիր՝ սեփական առաջանցիկ զարգացում, բանակը դարձրել է պետության առանցքը, ձեռք է բերել հզոր դաշնակիցներ, եւ կարողացել է պատերազմը տեղափոխել հակառակորդ երկրների ներսը: Այս նույն միջոցները շատ ակտուալ են նաեւ մեզ համար, եւ մեզ պետք է աստիճանական անցում կատարել հակառակորդին զսպելու եւ ստատուս քվոն պահպանելու քաղաքականությունից՝ կայուն խաղաղություն պարտադրելու քաղաքականության:

Երկրի ներսում ֆունդամենտալ տրանսֆորմացիան պետք է իրականացվի։ Ապրիլի 1-ից հետո օլիգարխիայի միահեծան իշխանությունն այլեւս անցյալ է, երկիրը պետք է վերջնական թոթափի այն։ Իշխանությունը առաջինը պետք է սկսի սերնդափոխությունը, եւ չսահմանափակվի կոսմետիկ զոհաբերություններով:

 

Այստեղ համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ բոլոր մակարդակներով, տարբեր դիրքերում պետք է հայտնվեն երիտասարդ, բանիմաց եւ ազնիվ մարդիկ, որոնք պատրաստ են ծառայել իրենց երկրին եւ չեն ձգտում օլիգարխ դառնալ:

 

Ընդդիմությունն էլ իր աշխատանքն ունի անելու՝ այս կրիտիկական հանգրվանին այն մոտեցել էր էլ ավելի վատ վիճակում, քան իշխանությունը՝ տրոհված բազմաթիվ մանր խմբերի, որոնք իրական այլընտրանք չեն ներկայացնում իշխանությանը։ Ընդդիմությունը պետք է ոչ միայն համախմբվի, այլեւ որակապես նոր այլընտրանք առաջարկի իշխանությանը, եւ տա հասարակությանը իրական ընտրության հնարավորություն։

 

Մեզ անհրաժեշտ է որակապես նոր դիվանագիտություն, սակայն մեր պայմաններում սա անհնար է առանց Սփյուռքի ակտիվ կենտրոնների հետ համագործակցության, այնտեղ են հիմնական ռեսուրսների աղբյուրները։ Սփյուռքի կենտրոնների հետ համագործակցությունը իշխանությունը պետք է վերականգնի` ընդունելով իր կատարած սխալները, եւ համագործակցության ազնիվ, թափանցիկ ու փոխշահավետ մոդել առաջարկելով՝ այդ դեպքում մենք կկարողանանք մոբիլիզացնել ամբողջ հայկական աշխարհի ուժերը՝ հակառակորդին դիմագրավելու վրա։

 

Բանակի վրա ծախսվող ռեսուրսները պետք է որակապես մեծացվեն, եւ ոչ միայն սպառազինություններ գնելու համար, այլեւ առաջին հերթին բանակը զինծառայողների համար ավելի գրավիչ դարձնելու համար։ Մենք միայն վերջերս ենք սկսել օգտագործել մեր դաշնակից պետությունների ռեսուրսները, եւ սա պետք է շարունակել: Ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու Ռուսաստանի Դաշնությունը չի կարող մեզ սպառազինություն մատակարարել, իսկ սրանից 5 տարի հետո 1 մլրդ դոլարի պարտք ներել, սրանից բառացիորեն 2 շաբաթ առաջ այն Ուզբեկստանին ավելի քան 800 մլն դոլարի պետական պարտք է ներել, եւ այն նույնիսկ դաշնակից չի: Եթե ճիշտ ենք աշխատում, մարդիկ հասկանում ու ներում են պարտքը, որովհետեւ մենք հավաքական անվտանգության կարեւոր խնդիրներ ենք լուծում, եւ լուծում ենք արդյունավետ: Իրատեսորեն, մենք մեր ռազմական բյուջեն այս եւ այլ աղբյուրների հաշվին մոտավորապես 50 տոկոսով կարող ենք մեծացնել առանց տնտեսության համար լրացուցիչ բեռ ստեղծելու: Հիմա, երբ Ադրբեջանում նավթի վաճառքից եկամուտները կտրուկ նվազել են, սա արդեն բավարար կլինի ռազմավարական հաշվեկշիռը պահելու համար:

 

Եվ վերջինը՝ եթե Ադրբեջանը շարունակի իր արկածախնդիր քաղաքականությունը, մենք հետագայում պատերազմը պետք է տեղափոխենք Ադրբեջանի ներս, այնտեղ կան սոցիալ-տնտեսական, էթնիկական, դասակարգային, կրոնական եւ այլ խորը հակասություններ: Մի քանի նման ձախողված ռազմական գործողություններ, եւ պատերազմը կտեղափոխվի Ադրբեջանի  ներս, ինչը տեղի ունեցավ 1993 թվականին, երբ Գյանջայի բրիգադը լքեց դիրքերը Մարտակերտում եւ գնաց Բաքուն գրավելու:

 

- Փորձենք ամփոփել մեր զրույցը: Առաջնորդվելով նախկինում Ձեր հնչեցրած երեք բանալիների տրամաբանությամբ` ի՞նչ պետք է անեն հիմա պետությունը, բանակը, եւ հասարակությունը:

 

- Այս իրադարձությունները ցույց տվեցին, որ բանակը եւ հասարակությունը առնվազն մի քայլ առաջ են իրենց զարգացման մեջ, քան պետությունը, ուստի առավել մեծ խնդիրը այսօր ունի պետությունը, այն պետք է բարեփոխումների արագացված ծրագիր գործարկի։ Պետությունը պետք է հասարակությանը ներկայացնի մրցունակ, հասկանալի, թափանցիկ զարգացման տեսլական: Այն պետք է ապահովի նաեւ այդ տեսլականը` նոր մարդկանցով, կառույցներով, արժեքներով, գործողության մեխանիզմներով, որոնք հասարակության վստահությանը կարժանանան:

 

Բանակն իր հերթին պետք է վերլուծի քառօրյա պատերազմի փորձը, եւ անցնի հակառակորդի սանձման ավելի գործուն ռազմավարության, նաեւ դառնա պահանջատեր` պետության նկատմամբ:

 

Հասարակությունը արդեն հրաշալի դրսեւորեց իրեն վտանգի պահին, սակայն այն պետք է անցի պատերազմական ժամանակի գիտակցության, երբ ամեն օր էլ պատերազմ է, եւ դա պահանջում է բոլորիցս ռեսուրսների մոբիլիզացիա, լարված  աշխատանք, եւ հավատ հաղթանակի նկատմամբ։

 

Այս փորձությունը ցույց տվեց, որ մեր ճակատագիրը մեր ձեռքում է, եւ մեր ներսի խնդիրներն են թույլ տվել հակառակորդին գնալու այս արկածախնդրությանը։ Եթե մենք հաղթահարենք մեր խնդիրները, ապա կարճաժամկետ հեռանկարում կկարողանանք դիմակայել հակառակորդի ճնշմանը, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ հաղթել եւ կայուն խաղաղություն պարտադրել:

 

Ավետիք Չալաբյանի հետ զրուցել է Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին