Սյու Ուոլսթենհոլմ. «PR մասնագետը պետք է քիչ վախենա» - Mediamax.am

exclusive
19288 դիտում

Սյու Ուոլսթենհոլմ. «PR մասնագետը պետք է քիչ վախենա»

Սյու Ուոլսթենհոլմ
Սյու Ուոլսթենհոլմ

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը նախաձեռնել է Chevening Guest Speaker’s ծրագիրը, որի շրջանակում Չիվնինգ ծրագրի հայ շրջանավարտների հրավերով Հայաստան են այցելում են բրիտանացի փորձագետներ, որոնց հետ հայ ուսանողները ծանոթացել են Միացյալ Թագավորությունում ուսանելու ընթացքում:

 

Այս նախաձեռնության շրջանակում վերջերս Հայաստան էր այցելել Հանրային կապերի Chartered ինստիտուտի նախկին նախագահ Սյու Ուոլսթենհոլմը, որը PR-ի ոլորտի ավագ պաշտոններում աշխատում է ավելի քան 20 տարի: Նա խորհրդատվություն է տրամադրել Amnesty International կազմակերպությանը, Աթենքի քաղաքապետին, միջազգային կառույցների:

 

Ներկայում Սյու Ուոլսթենհոլմը աշխատում է Ուկրաինայի կառավարության հետ՝ խորհրդատվություն տրամադրելով վերջինիս հաղորդակցության եւ PR ոլորտում:

 

Մեդիամաքսը զրուցել է Սյու Ուոլսթենհոլմի հետ:

 

- Ես շատ տպավորված եմ: Իմ այցի ընթացքում հանդիպել եմ Հայաստանի Ամերիկյան եւ Երեւանի պետական համալսարաններում Հանրային կապեր ուսումնասիրող ուսանողների, կառավարության ներկայացուցիչների, լրագրողների եւ պետական մարմիններում հանրային կապերով զբաղվող մասնագետների հետ: Հանդիպել եմ մարդկանց, որոնք ունեն տեսակետներ, երազանքներ եւ հասկանում են, թե ինչպես մենք կարող ենք օգնել իրենց:

 

- Ձեր կարծիքով՝ որո՞նք են Հայաստանում PR մասնագետների հիմնական մտահոգությունները:

 

- Այստեղ տեղին է կատարել հետեւյալ համեմատությունը. երբ ես օգտագործում եմ իմ Apple Mac համակարգիչը, շատ լավ գիտակցում եմ, որ այն պիտանի է ավելի մեծ թվով գործողությունների համար, քան ես ի վիճակի եմ անել: Ես կիրառում եմ համակարգիչը ստեղնաշարով նյութ հավաքելու համար, սակայն այն կարող է ինձ տանել դեպի լուսին՝ միայն թե իմանամ համապատասխան ծրագիրը: Համակարգիչն ավելի խելացի է, քան ես:

 

Կարծում եմ՝ պետական հաստատությունում PR մասնագետը երբեմն իրեն զգում է այդ համակարգչի պես: Քեզ օգտագործում են որպես ստեղնաշար մամուլի հաղորդագրություններ պատրաստելու համար, մինչդեռ դու կարող ես շատ ավելին անել: Դու կարող ես հարաբերություններ կառուցել երիտասարդների, տարեցների, օտար երկրների կառավարությունների եւ համապատասխան կառույցների հետ:

Սյու Ուոլսթենհոլմը Սյու Ուոլսթենհոլմը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հանրային կապերով զբաղվող մասնագետը շատ բաներ կարող է անել: Այստեղ ինձ հանդիպած շատ PR մասնագետներ մշտապես խոսում են լրագրողների հետ: Ինձ հետաքրքիր է՝ նրանք խոսում են միա՞յն լրագրողների հետ: Արդյոք չե՞ն փորձում հարաբերվել այլ խմբերի հետ: Կարծում եմ՝ նրանք ավելի շատ ստանձնում են արձագանքողի դերը, մինչդեռ պետք է ավելի շատ նախաձեռնող լինեն: Հավանաբար, նրանք մտածում են, որ կարիք ունեն բացառապես լրագրողների հետ խոսելու, սակայն Հանրային կապեր ասվածը շատ ավելին է: Ակնհայտ է, որ այստեղ PR մասնագետները ռազմավարական խորհրդատվության կարիք ունեն՝ հասկանալու, թե ինչպես կարելի է ավելի լավ խորհրդատվություն տրամադրել իրենց վերադասին, նախարարին, պատգամավորին:  

 

Սակայն ես չափազանց տպավորված եմ նրանց մասնագիտական մոտեցմամբ, մասնավորապես՝ PR ուսումնասիրող ուսանողների տվյալներով: Որքան ես հասկանում եմ, Հայաստանում չկա որակյալ մարդկային ռեսուրսի խնդիր: Գուցե խնդիրն ավելի շուտ այդ մասնագետներին կամ PR-ի համար հատկացված բյուջեն ճիշտ օգտագործելու մեջ է:

 

- Որո՞նք այն հիմնական սխալները, որոնք հաճախ անում են հանրային կապերի մասնագետները:

 

- Պետք է գիտակցել, որ հանրային կապերը կարող են փոխել իրավիճակը: PR-ը հզոր գործիք է, եւ այս ոլորտի պրոֆեսիոնալները պետք է կարողանան իրավիճակը փոխել դեպի լավը: Իմ կարծիքով՝ պրոֆեսիոնալ PR մասնագետը պետք է տեղյակ լինի հետեւյալ երեք սկզբունքների մասին. նրանք պետք է ճշմարտությունն ասեն, որը միշտ էլ բարդ է: Նրանք պետք է ներգրավված լինեն երկխոսության մեջ՝ լինելով ոչ միայն խոսող, այլեւ լսող: Երկխոսությունը պարտադիր պայման է: Եվ երրորդ՝ նրանց պետք է մտահոգի հանրության շահը:

 

Եթե հաճախորդն ասում է` «Դու պետք է PR անես այս իրավիճակը», «Չե՞ս կարող մի բան մոգոնել, մինչ մենք կփորձենք խնդրից լուծում գտնել», «Փորձի՛ր շեղել մարդկանց ուշադրությունը», ապա ես հրաժարվում եմ աշխատել նման կազմակերպության համար, քանի որ նախընտրում եմ մարդկանց ասել, թե իրականում ինչ է կատարվում: Այս դեպքում PR մասնագետի աշխատանքը բարձր չի վարձատրվում, սակայն այն ինձ գոհացնում է: 

 

- Հաճախ Հայաստանի կառավարությունը կամ պաշտոնյաները նախաձեռնում եւ իրականացնում են իսկապես լավ նախագծեր, սակայն նրանց PR մասնագետները չեն կարողանում այդ հաջողված արդյունքները ներկայացնել լայն հանրությանը: Տեխնոլոգիական այս դարում ինչպե՞ս կարող են նրանք այդ փոփոխությունները տեսանելի դարձնել: Ի՞նչ կառաջարկեիք նրանց:

 

- Փորձե՛ք քիչ վախենալ: Ամենամեծ խնդիրը, որը հետ է պահում մարդկանց հաղորդակցությունից, վախն է ու չիմացությունը: Եթե նրանք կարծում են, որ իրենց վրա կծիծաղեն կամ չեն հասկանա, ապա մենք պետք է օգնենք նրանց՝ հաղթահարելու այս խնդիրը՝ ծանոթացնելով նրանց համապատասխան մարդկանց հետ: Սակայն հաճախ մենք ինքներս չենք ընդունում հաղորդակցության հանդեպ մեր դիմադրությունը:

Սյու Ուոլսթենհոլմը Սյու Ուոլսթենհոլմը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ես չեմ կարծում, որ հեշտ բան է քաղաքական գործիչ լինել անցումային շրջանի երկրներում: Բացարձակապես: Այդ երկրներում հասարակությունը հակված է փոփոխությունների: Նրանք անհամբեր են փոփոխություններ պահանջելիս եւ շատ արագ են քննադատում: Սակայն եթե նրանց ձայնը չլսվի, ապա նրանք ավելի շատ կքննադատեն: Սակայն եթե դուք ներգրավվեք այդ փոփոխություններում ամենախոցելի խմբերին, օգնեք վերջիններիս, որպեսզի նրանց կարիքներն ավելի լավ հասկացվեն, ապա նրանք փոփոխությունը կընդունեն ավելի դանդաղ կերպով: Եվ սա բնական է բոլորիս համար: Եթե մեզ անտեսում են, մենք բարկանում ենք: Շատ են օրինակները, երբ մարդիկ ասում են՝ «Ես ավելի լավ գիտեմ, թե ինչ պետք է արվի», «Մենք դա ավելի լավ կանենք», «Մեզ չեն հասկանում», որից հետո այդ ասողներին «մի կողմ են նետում»:

 

- Ի՞նչ խորհուրդ կտաք հայաստանյան PR մասնագետներին:

 

-  Ավելի մեծ վստահություն ունենալ՝ քննադատելու այն մարդուն, որը խնդրում է ինչ-որ բան անել, քան թե փորձել հաճոյանալ նրան: PR մասնագետները մարդիկ են, որոնք ունեն փորձ, գիտելիք եւ ունակություններ, ուրեմն փորձեք կիսվել դրանցով: Որդեգրեք հետեւյալ դիրքորոշումը. «Եթե դու կարող ես աշխատել ինձ հետ, ապա մենք կկարողանանք դա ավելի լավ անել դա» եւ ոչ՝ «Լավ, եթե սա այն է, ինչ դու ցանկանում ես, ապա արի անենք դա»:  

 

Սյու Ուոլսթենհոլմի հետ զրուցել է Եկատերինա Պողոսյանը

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին