Սթիվ Քյուրքչյան. Spotlight-ը հոգ է տանում «փոքր մարդկանց» համար - Mediamax.am

exclusive
32512 դիտում

Սթիվ Քյուրքչյան. Spotlight-ը հոգ է տանում «փոքր մարդկանց» համար

Սթիվեն Քյուրքչյանը
Սթիվեն Քյուրքչյանը

Լուսանկարը` Bu.edu

Լուսանկարը`


Spotlight ֆիլմն այս տարի արժանացավ «Օսկարի»՝ լավագույն գեղարվեստական ֆիլմ անվանակարգում։ Այն հիմնված է իրական դեպքերի վրա եւ պատմում է The Boston Globe թերթի հետաքննող լրագրողների մասին, որոնք բացահայտել էին կաթոլիկ եկեղեցում տեղի ունեցած մանկապղծության դեպքերը։

 

«Օսկարի» մրցանակաբաշխությունից հետո Բոստոնում բնակվող իմ բարեկամ Արթուր Մարտիրոսյանը գրեց, որ հետաքննող խմբի անդամներից մեկը Սթիվեն Քյուրքչյանն էր։ 2001թ., երբ Բոստոն էինք այցելել Momentum ծրագրի շրջանակում, Արթուրը մեզ տարել էր The Boston Globe-ի խմբագրություն՝ Սթիվենի հետ հանդիպելու։ Այն ժամանակ նա «ընդամենը» երկու Պուլիտցերյան մրցանակ ուներ։

 

Իսկ այս անգամ, կրկին Արթուրի «միջնորդության» շնորհիվ, ինձ հաջողվեց զրուցել ամերիկյան լրագրության ամենահեղինակավոր մրցանակին երեք անգամ արժանացած մարդու հետ։

 

- Դուք դիտե՞լ եք «Ուշադրության կենտրոնում» (Spotlight) ֆիլմը: Ինչպիսի՞ տպավորություն ունեք դրանից:

 

- Ես շատ տպավորված եմ ֆիլմի բովանդակությամբ, որովհետեւ այն փոխանցում է զոհերի՝ սեռական ոտնձգության ենթարկվածների հանդեպ կատարվածի ողջ սարսափելի էությունը: Ֆիլմը նաեւ նկարագրում է Բոստոնում կաթոլիկ եկեղեցու հզորությունը, եկեղեցու եւ դրա հետեւորդների ամենազորությունը: Այն ցույց է տալիս, որ թեեւ առերեւույթ եկեղեցու իմաստությունը, հեղինակությունը եւ բարի գործերը հարցականի տակ դնելու իրական պատճառներ չկային, այնուամենայնիվ, հակառակը ապացուցող փաստերը, ցավոք, մեր շուրջ էին: Եվ սա չափազանց երկար ժամանակ շատ բնական է ընկալվել թե՛ իրավապահ համակարգի, թե՛ հանրության եւ թե՛, ցավոք, թերթերի կողմից: Այս երկու պատճառներով պայմանավորված՝ ես շատ գոհ եմ ֆիլմից: 

Այնուամենայնիվ, կարծում եմ՝ նրանք (ֆիլմի հեղինակները-Մեդիամաքս) պատմության որոշ հատվածներ սխալ են հասկացել, մասնավորապես` որոշ անհատների, այդ թվում` իմ հետ կապված դրվագները: Որոշ հատվածներում ինձ չափից ավելի բացասական են ներկայացրել, բայց ինձ բացատրում են, թե «սա Հոլիվուդն է», եւ պարզապես պետք էր ցույց տալ, որ թերթի խմբագրությունում որոշ մարդիկ բացասական կերպարներ էին: Սակայն դա փոխանցելու համար ինձ ընտրելն անարդար էր եւ սխալ:

 

- Հեղինակները կապ հաստատե՞լ էին Ձեզ հետ՝ ֆիլմի վրա աշխատելու ընթացքում:

 

- Այո, 2014թ. ես 3-4 ժամ տեւողությամբ հարցազրույց տվեցի նրանց՝ պատմելով այդ հետաքննության մեջ իմ ունեցած դերի մասին:

 

Այդ գործը ստացավ «Գոգանի սկանդալ» անվանումը: Ջոն Գոգանն այն հոգեւորականն էր, որը սեռական ոտնձգություններ էր իրականացրել բազմաթիվ երեխաների նկատմամբ եւ տարիներ շարունակ գտնվել էր եկեղեցու պաշտպանության ներքո: Նրա դեմ բողոք չէր ներկայացվել ոստիկանություն, թեեւ եկեղեցում տեղյակ էին, որ նա սեռական բռնության է ենթարկում երեխաներին: Ես ֆիլմի հեղինակներին պատմել եմ նաեւ իմ հետաքննած նախորդ՝ հայր Ջեյմս Պորտերի մասնակցությամբ դեպքի բոլոր մանրամասները: Նրա եւ մի քանի այլ հոգեւորականների մասին ես գրել էի դեռեւս 1990-ականներին:

Boston Globe-ի լրագրողները (առաջին շարքում) եւ ֆիլմում նրանց դերակատարները (երկրորդ շարքում) Boston Globe-ի լրագրողները (առաջին շարքում) եւ ֆիլմում նրանց դերակատարները (երկրորդ շարքում)

Լուսանկարը` Seacia Pavao/Open Road Films

«Բոսթոն Գլոբի» Spotlight թիմը Ջոն Գոգանի մասնակցությամբ պատմությունը բացահայտեց 2002թ., եւ մենք աշխատեցինք այն լիակատար կերպով բացահայտելու ուղղությամբ 2002-2003 թվականներին: Որպես թիմի անդամ՝ ես մի քանի տասնյակ հոդվածներ գրեցի եւ արժանացա իմ երրորդ Պուլիտցերյան մրցանակին:    

 

- Ֆիլմի վերաբերյալ ես մի քանի հոդված տեսա ռուսական մամուլում, եւ նրանցից մեկը չափազանց հետաքրքիր էր: Դրանում ասվում էր, որ ֆիլմում ցուցադրված լրագրության այդ տեսակը երբեք չի կարող գոյատեւել Ռուսաստանում՝ հաշվի առնելով այդ երկրի ներկայիս քաղաքական համակարգը եւ ազատ մամուլի հանդեպ սահմանափակումները: Ձեր կարծիքով՝ այսպիսի հետաքննող լրագրությունը հնարավոր է միայն ազատ մամուլի հարուստ ավանդույթներ ունեցող Միացյալ Նահանգներո՞ւմ:   

- Շատ խոր, հետաքրքիր եւ բարդ հարց եք տալիս: Թիմը, որում ես աշխատել եմ «Բոստոն Գլոբում», ձեւավորվել էր Լոնդոնի «Սանդի Թայմս» թերթում գործող «Տեսադաշտ» թիմի (Insight Team) օրինակով:

 

Հետաքրքրական է, որ հանրությունը ոչ սիրում, ոչ էլ գնահատում է լրագրողներին: Հասարակական կարծիքի ուսումնասիրությունների արդյունքները «Դուք սիրու՞մ եք լրագրողներին, դուք համակրո՞ւմ եք մեդիային» հարցին մարդիկ պատասխանում են՝ «Ո՛չ, մենք չենք սիրում նրանց: Նրանք քթները խոթում են մեր գործերի մեջ»: Սակայն ժողովրդավարությունը կենդանի պահելու համար անհրաժեշտ է ունենալ տեղեկացված հանրություն: Այն, ինչ անում են հետաքննող լրագրողները, այդ թվում՝ ես, կառավարության, գործարարների կամ պաշտոնյաների տարածած մամուլի հաղորդագրություններից լուր սարքելը չէ: Այդ մամուլի հաղորդագրություններում ներկայացվում են միայն դրական բաները, որոնք արել է կառավարությունը կամ բիզնեսը: Որպես հետաքննող լրագրողներ՝ մենք լուրերի եւ հոդվածների համար գաղափարները ստանում ենք հասարակ մարդկանցից, որոնք ամեն օր տքնաջան աշխատում են, երեխա մեծացնում, հարկ մուծում եւ հետեւում օրենքներին: Նրանք չեն կարող դա թողնել եւ իրենք բարձրաձայնել այդ թեմաները: Նրանք զգում են, որ ինքնուրույն չեն կարող հակազդել բացասական երեւույթներին եւ ի դեմս մեզ բարձրախոսի կարիք ունեն:

Սթիվեն Քյուրքչյանը գործընկերների հետ տոնում է 1980 թվականին ստացած Պուլիտցերյան մրցանակը Սթիվեն Քյուրքչյանը գործընկերների հետ տոնում է 1980 թվականին ստացած Պուլիտցերյան մրցանակը

Լուսանկարը` Boston Globe

Ի՞նչ են նրանք անում: Զանգահարում են թերթի խմբագրություն, եւ սա բացառիկ բան չէ Բոստոնում, ԱՄՆ-ում, Անգլիայում կամ առհասարակ Արեւմուտքում: Դա ամենուր է: Այս գործընթացը հիմնված է հասարակության վրա, որը ցանկանում է փոխել իր կառավարությունը, քանի որ, իր կարծիքով, կառավարությունը ճիշտ բաներ չի անում:

 

ԱՄՆ սահմանադրության երկրորդ լրացման մեջ ասված է, որ դու կարող ես զենք պահել, եթե համապատասխանում են որոշակի կանոնակարգերի: Ամերիկայի քաղաքացիները կարող են զենք գնել եւ զենք կրել: Սա կարեւոր գործոն է: Նրանք, ովքեր հիմնեցին ամերիկյան կառավարությունը 1700-ականների ավարտին, կարծում էին, որ եթե քաղաքացիների մի որոշ խմբի կարծիքն անտեսվում է, ապա վերջիններս պետք է զենք բարձրացնելու եւ իշխանությունը ռեպրեսիվ կառավարությունից վերցնելու հնարավորություն ունենան: Բայց իրականում ԱՄՆ գոյության ընթացքում շատ սակավաթիվ դեպքեր եղան, երբ մարդիկ ստիպված էին զենքը ձեռքին փողոց դուրս գալ՝ իրենց ձայնը լսելի դարձնելու նպատակով: Ինչո՞ւ: Ինչո՞ւ դա տեղի չունեցավ: Սահմանադրության առաջին փոփոխության պատճառով: Առաջին փոփոխությունն ամրագրում է մամուլի, խոսքի եւ ձեր գանգատները կառավարությանը հասցեագրելու ազատությունը: Սա ԱՄՆ-ում գործող շատ կարեւոր ու հիմնարար սկզբունք է:     

ԱՄՆ-ում նաեւ կա այն հավատը, որ այս կառավարությունը, որքան էլ զորեղ այն լինի, ավելի զորեղ չէ, քան ես ու իմ ընտանիքը: Եթե ես տեսնում եմ սխալ բան, ես կարող եմ փոխել այն: Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում Ռուսաստանում, բայց, դատելով իմ ընթերցածից, կարող եմ ասել, որ այնտեղ բացակայում է «ես կարող եմ փոխել դա» մոտեցումը: Հանրությունը պետք է օգտագործի մամուլը, եւ մամուլն իր հերթին պետք է խոսի հանրության անունից, եւ անկախ լինի իշխանություններից:

 

Հայաստանում կան մի քանի կազմակերպություններ, բայց ես ծանոթ եմ մեկին, որը հրաշալի աշխատանք է կատարում վերջին 15 տարվա ընթացքում, եւ դա ՀԵՏՔ-ն է:

 

-Այո՛, հետխորհրդային տարածքում եւ Հայաստանում մարդիկ զբաղվում են հետաքննական լրագրությամբ, մասնավորապես ՀԵՏՔ-ը: Բայց տարբերությունն այն է, որ երբ նրանք անգամ բացահայտում են կոռուպցիայի եւ խախտումների հնչեղ դեպքեր, այդ դեպքերի 99%-ի մասով ոչինչ տեղի չի ունենում, որովհետեւ իրավապահ մարմինները հրատարակված փաստերի եւ վկայությունների հիման վրա իրական հետաքննություն չեն սկսում: Ի՞նչ խորհուրդ կտաք նման երկրներում գործող լրագրողներին:  

 

- Իմ խորհուրդը նույն է: Ես այն տվել եմ նաեւ ՀԵՏՔ-ի ղեկավար Էդիկ Բաղդասարյանին, երբ հանդիպեցինք 2002թ.: Պարզապես շարունակեք գրել: Առանց ձեր հոդվածների վատ տղաները լավը չեն դառնա, եւ վատ քաղաքական գործիչները եւս լավը չեն դառնա: Դուք պետք է հավատացնեք հանրությանը, որ ձեր հոդվածները, լուսաբանումը, անկախությունը եւ խիզախությունը ի վերջո կփոխեն իրերի դրությունը՝ դանդաղ, բայց վստահ:

 

Եթե հանրությունը ցինիկ դառնա եւ միայն բացասական մտածի՝ պնդելով թե՝ «ոչինչ չի փոխվելու», ապա դուք՝ քաղաքացիներդ, արժանի չեք այդ լրագրողների լուսաբանմանը: Դա ձեր՝ Հայաստանի քաղաքացիների, եւ ոչ թե անկախ, քաջ ու խիզախ լրագրողների մեղքն է: Միշտ էլ կա հայկական այն մտածելակերպը, թե «մենք ոչինչ չենք կարող անել», «այս ամենը, ինչպես միշտ, գործարք է», «խեղճ-խեղճ մենք»: Այս մտածելակերպով ոչ մի բան էլ չի փոխվի: Դուք պետք է այդ ամենի մասը դառնաք, եւ ես չեմ խոսում փողոցները գրավելու, բողոքի ակցիաների, պատուհանները կոտրելու մասին: Ես խոսում է քվեարկելու, վերահսկելու, ձեր թաղամասում, ձեր համայնքում, ձեր քաղաքում կատարվող իրադարձություններին մասնակցելու մասին:

 

 

Կարող է, մենք ի վիճակի չենք փոխել նախագահին, ես հասկանում եմ դա, բայց վաղ թե ուշ, նրանք, ովքեր կդառնան քաղաքական գործիչներ, կգիտակցեն, որ հասարակությունը ցանկանում է լավ կառավարություն, որն արձագանքում է իր կարիքներին: Մարդիկ ցանկանում են լավ առողջապահություն, լավ կրթություն, լավ աշխատատեղեր, լավ ճանապարհներ եւ լավ շրջակա միջավայր: Մեզանից կարող է պահանջվել հավելյալ 20 տարի այս իրականությունը կառավարության գիտակցություն հասցնելու համար, բայց երբ դա տեղ հասնի, այն ոչ մի տեղ այլեւս չի անհետանա: Մեր Իրավունքների մասին օրենքն ընդունվել է 1700-ականների վերջին, եւ 225 տարի անց էլ այն շարունակում է մնալ հիմնարար հավատամք, որը վկայակոչում են եւ՛ առաջադիմականները, ե՛ւ պահպանողականները: Դուք չեք կարող խլել իմ խոսքի եւ քվեարկելու ազատությունը, ինչպես ես չեմ կարող խլել ձեր զենքը:

 

- Դուք լրագրող եք շուրջ 50 տարի եւ ականատես եք եղել այս մասնագիտության մեջ կատարվող բազմաթիվ փոփոխություններին: Որո՞նք են ամենամեծ ձեռքբերումները եւ որո՞նք՝ ամենամեծ կորուստները: 

 

- Ամենամեծ կորուստն այն է, որ մարդիկ տպագիր թերթ չեն գնում եւ չեն օգտագործում այն որպես գովազդային հարթակ, ինչպես դա նախկինում էր: Մինչ համացանցը կդառնար շարժիչ ուժ, մարդիկ, ովքեր ցանկանում էին տուն գնել, բնակարան վարձել կամ աշխատանք գտնել, հայտարարություններ էին փնտրում թերթերում՝ հատուկ առանձնացված բաժնում:

 

Թերթերը հարթակ էին, մարդիկ ընթերցում էին մեզ` մասամբ գովազդային նյութերի, բայց նաեւ մեր լրագրության համար: Մեր եկամուտները կտրուկ անկում ապրեցին: Այսօր էլ բազմաթիվ ընթերցողներ ունենք, բայց արդեն համացանցում:

 

Խնդիրն այն է, որ համացանցի գովազդային եկամուտներն անհամեմատ ավելի փոքր են, քան թերթի գովազդային եկամուտները: Գովազդը համացանցում դեռեւս այնքան արդյունավետ չէ, ինչպես դա տպագիր թերթում էր: Քանի որ թերթերը մեծ գումարներ չեն բերում, սկսվում են լրագրողական հաստիքների կրճատումները: Ժամանակին «Բոստոն Գլոբի» խմբագրական բաժինը ավելի քան 500 աշխատակից ուներ` իհարկե, բոլորը լրագրողները չէին: Մենք ունեինք արտասահմանյան թղթակցային կետեր, վաշինգթոնյան մեծ բյուրո: Այսօր մենք կրճատել ենք մեր Վաշինգտոնի բյուրոն եւ փակել ենք արտասահմանյան բյուրոները: Մենք շարունակում ենք օգտագործել լրատվական գործակալությունների նյութերը, բայց դրանք նույնն են Բոստոնի, Օկլահոմայի կամ էլ Լոս Անջելեսի բնակիչների համար:

Սթիվեն Քյուրքչյանը 2001 թվականին Սթիվեն Քյուրքչյանը 2001 թվականին

Լուսանկարը` Արա Թադեւոսյան

Իսկ երբ տեղում է գտնվում Գլոբի թղթակիցը, մեր ընթերցողներն ավելի լավ են տեղեկացված, քանի որ նրանք ստանում են այնտեղ կատարվող իրադարձության «Բոստոնյան ընկալումը»: 1988 թ. Սպիտակի երկրաշարժի ժամանակ մեր Մոսկվայի թղթակից Դեվիդ Ֆիլիպովը Հայաստան մեկնեց: Ու չնայած մյուս խոշոր թերթերը՝ Թայմսը եւ Հերալդը, տպագրեցին իրենց հոդվածները, Դեվիդի հոդվածն առանձնանում էր, որովհետեւ նա զրուցել էր մարդկանց հետ, ովքեր ընտանիք, հարազատներ ունեին Բոստոնում կամ Մասաչուսեթս նահանգում: Այդ ճգնաժամը ավելի լավ ես հասկանում, երբ գիտես, որ այնտեղ քեզ հարազատ կամ ծանոթ մարդիկ են ապրում:   

 

Հպարտ եմ ասել, որ հետաքննող լրագրությունը շարունակում է կարեւոր լինել: «Բոստոն Գլոբում» շարունակում է գործել Spotlight թիմը, նրանք շարունակում են ուշադրության կենտրոնում պահել մեր համայնքի համար կարեւոր խնդիրները:            

 

- Դուք երեք անգամ արժանացել եք Պուլիտցերյան մրցանակի: Ի՞նչ խորհուրդ կտայիք այն երիտասարդներին, ովքեր այսօր ցանկանում են լրագրող դառնալ:

 

- Լրագրող դառնալով՝ դուք այնքան գումար չեք վաստակի, եթե աշխատեք որպես փաստաբան, ճարտարագետ կամ գործարար: Բայց դա մի կողմ դնենք: Լրագրողի մասնագիտությունը ձեզ թույլ է տալիս ներգրավված լինել մարդկանց կյանքում, եւ դու նույնքան կարեւոր ես նրանց կյանքում, որքան պաշտոնյան կամ ոստիկանությունը:

 

Իրականում, որոշ իմաստով դու առավել կարեւոր ես նրանց համար, քան պաշտոնյան կամ ոստիկանը, քանի որ նրանք մաս են կազմում այս կամ այն կազմակերպության, հաստատության, որը ցանկանում է ճշտի կամ ստի միջոցով հավերժացնել ինքն իրեն: Թերթը դրա կարիքը չի զգում: Անկախ եւ ազատ թերթը միշտ էլ լինելու է, եւ լրագրողը կախված չէ այս կամ այն կառավարական կազմակերպությունից, կուսակցությունից, եւ թղթակցի վրա ազդեցություն են թողնում միայն լրագրության վարպետության սկզբունքները եւ ուղեցույցները:

Լրագրության վարպետությունը պարտադրում է, որ դու արդար ու կատարյալ աշխատես: Կատարյալ ասելով՝ նկատի ունեմ շարունակել հարցեր տալ, բացահայտել ինքներդ ձեզ եւ օգտագործել ձեր կրթությունը, փորձը եւ դաստիարակությունը:

 

Կարծում եմ՝ հայ կամ ներգաղթյալ լինելը որոշ իմաստով օգնում է, որովհետեւ դու պայքարող ես: Դու գիտես, թե ինչ է անարդարությունը եւ դա մտահոգում է քեզ: Եթե դու ունես աշխարհի բոլոր փողերը, դու չես կարող լավ լրագրող դառնալ, որովհետեւ չես կարող զգալ այն անարդարությունը, որը զգում են բռնապետության կամ պատերազմի զոհ դարձածները: Դու իսկապես չես կարող դա զգալ: Երբ զգում ես անարդարությունը, դա ստիպում է քեզ ավելի շատ աշխատել՝ այդ պատմությունը այնքան գրավիչ ձեւով ներկայացնելու համար, որքան դա հնարավոր է, բայց միեւնույն ժամանակ ազնիվ մնալով: Ազնվությունն այն է, երբ համոզված ես, որ պատմությունը ճիշտ ես հասկացել, որ կատարվածը մեկ անձի կամ մեկ կուսակցության մեղքը չէ: Դու չես մարդկանց լավը եւ վատը անվանել: Աշխարհը իրականում մոխրագույն է, ոչ թե սեւ ու սպիտակ: Այն ավելի քան մոխրագույն է:   

Boston Globe-ի խմբագիր Մարթի Բարոնը շնորհավորում է Սթիվեն Քյուրքչյանին 2003 թվականին՝ Պուլիտցերյան մրցանակի կապակցությամբ Boston Globe-ի խմբագիր Մարթի Բարոնը շնորհավորում է Սթիվեն Քյուրքչյանին 2003 թվականին՝ Պուլիտցերյան մրցանակի կապակցությամբ

Լուսանկարը` Charles Krupa/AP

Կարծում եմ՝ այսքան տարի ներգրավված լինելով այդ գործում, կարող եմ ասել, որ լավ կյանք եմ ապրել, քանի որ մասնակցել եմ ոչ թե պաշտոնյաների, նախագահների կամ նրանց կուսակցությունների ղեկավարների, այլ փոքր մարդկանց մտահոգությունները, գանգատները, դժգոհությունները վեր հանելու գործին:  Փոքր մարդիկ, ովքեր մտահոգված են, որ իրենց երեխաները լավագույն բուժումը չեն ստանում հիվանդանոցում կամ լավագույն կրթությունը չեն ստանում դպրոցում, կամ նրանց վախեցնում են փողոցում, քանի որ  ոստիկանությունը ուշադրություն չի դարձնում:

 

Կարծում եմ, հայ լինելը, Բոստոնում հայկական ընտանիքում մեծանալը, շատ փող չունենալը, միջին խավից ցածր մակարդակում ապրելը եւ տեսնելը, թե ինչքան շատ են մարդիկ աշխատում, որպեսզի սնունդ ունենան, որպեսզի վստահ լինեն, որ իրենց տունը մաքուր է, եւ ամենակարեւորը՝ համոզվեն, որ իրենց երեխաներն ուսում են ստանում եւ պաշտպանված են: Սա էր իմ նպատակը 1950-ականներին եւ այդ նպատակը այդքան տարի անց նույն է իմ թաղամասում: Այնտեղ, որտեղ ժամանակին ապրում էին հայերը, հիմա ասիացիներ են, որտեղ մի ժամանակ ապրում էին հրեաները, այժմ աֆրիկյան երկրների բնակիչներն են կամ նոր ներգաղթած իռլանդացիները կամ իտալացիները: Սա ներգաղթյալների թաղամաս է, բայց նրանք բոլորը դեռեւս այն համոզմունքին են, որ «ես կարող եմ Ամերիկայում իմ ընտանիքի մասին ավելի լավ հոգ տանել, քանի իմ հայրենիքում, որովհետեւ պետությունը պաշտպանում է անհատներին, եւ մամուլը շարունակելու է այնպես անել, որպեսզի պետությունը, իշխանությունը ուշադրության կենտրոնում պահի անհատին»: 

 

-Դուք բազմաթիվ հոդվածներ եք գրել Հայոց ցեղասպանության մասին: Անցած տարի լրացավ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, եւ շատերը կարծում են, որ 2015-ը շրջադարձային պահ դարձավ, որից հետո մենք սկսեցինք ավելի շատ մտածել մեր ինքնության մասին: Ո՞րն է հայի կերպարը Ձեզ համար: Արդյո՞ք հայը պետք է խոսի հայերեն, թե դա պարտադիր չէ: Արդյո՞ք նա պետք է անպայման քրիստոնյա լինի:

 

- Թույլ տվեք անկեղծ լինել: Մենք չենք խոսում նույն լեզվով այստեղ՝ Ուոթերթաունում, ինչպես դուք խոսում եք Երեւանում: Այսպիսով, լեզուն որոշիչ չէ, չնայած ես շատ եմ ամաչում, որ չեմ սովորել իմ մոր եւ հոր գեղեցիկ լեզուն: Որքան ծաղրելի է այն անձնավորությունը, որին մարդիկ համարում են հաջողակ ամերիկահայ, բայց չի կարող խոսել իր մայրենի լեզվով: ԱՄՈ՛Թ: (Այս բառն ասում է հայերեն-Մեդիամաքս): Եթե ես ապրեի եւս հարյուր տարի, հայերեն կսովորեի ոչ թե այն պատճառով, որ հաղորդակցվեի հայ պաշտոնյաների հետ, այլ որ կարողանայի ընթերցել 1800-ականների հայերենը, եկեղեցու բնօրինակ փաստաթղթերը: Դա է իմ պատկերացմամբ մշակույթը, որն ինձ հպարտանալու առիթ է տալիս:

 

Ես գիտեմ, թե ինչ է ինձ համար նշանակում հայ լինելը: Դա նշանակում է  հպարտություն, մեծ հպարտություն ՝ հասնելու մեծ նվաճումների իմ ընտանիքի, իմ համայնքի, իմ եկեղեցու, իմ մեծ գերդաստանի, ՅԱՆ ընտանիքի, Քյուրքչյան-Գասպարյան ընտանիքի համար: Ես մեծացել եմ որպես ամերիկացի, հաճախել եմ իրավագիտության ամերիկյան դպրոց: Ես գիտեի՝ ինչ է նշանակում հայ լինել, բայց դա մի բան էր, որն այրում էր ինձ ներսից: Դրանք կարգախոսներ էին՝ երբեք մի կորցրու անունդ, կորցրու ձեռքդ նախքան կկորցնես անունդ, երկու հայ միասին կստեղծեն նոր Հայաստան: Հրաշալի մտքեր, որոնք մեզ ասել է Սարոյանը: Դրանք ճշմարտություն էին ինձ համար, քանի որ ճշմարիտ էին իմ ընտանիքի եւ իմ տան ներսում: 

 

Եթե ես կռվում էի երկու քույրերիս հետ, մայրս բարձրացնում էր իր ձեռքը: «Հինգ մատ»,- ասում էր նա: Դա նշանակում էր՝ եթե երկու մատները կամ մեկ մատը վնասվեն, ձեռքը չի աշխատի, եւ պետք է բոլոր մատները միասին աշխատեն: Բոլոր այս խոսքերը ճիշտ են, եւ դրանք գոյություն ունեն բոլոր ընտանիքներում: Կա մի բան, որը մեր ազգը կենդանի է պահելու եկող հազարամյակների ընթացքում, եւ դա մեր հպարտությունն է, ողջ մնալու հպարտությունը: Մենք տեսնում ենք դա միմյանց աչքերում, մեր եկեղեցիներում:  

Սթիվեն Քյուրքչյանի հայրը՝ Անուշավանը՝ մայրիկի եւ հորաքրոջ հետ 1920 թվականին Սթիվեն Քյուրքչյանի հայրը՝ Անուշավանը՝ մայրիկի եւ հորաքրոջ հետ 1920 թվականին

Լուսանկարը` Սթիվեն Քյուրքչյանի արխիվից

Ես մեծացել եմ՝ լինելու ամերիկացի, չնայած ես հպարտ եմ հայ լինել: Ես ամբողջությամբ հայ եմ, իմ ողջ ԴՆԹ-ն հայկական է: Իմ պապը, ում անունը ժառանգել եմ, սպանվեց Ցեղասպանության ժամանակ: Ես իմ պատմության մասին ոչինչ չգիտեի նախքան իմ հոր, ցեղասպանությունը վերապրած եւ 3-4 տարեկանում ԱՄՆ տեղափոխված մարդու հետ պատմական Հայաստան գնալս: Ես այնտեղ տեսա եկեղեցիներ եւ նրանք նման էին այն եկեղեցիներին, որոնք ես տեսել եմ Ուոթերթաուն հրապարակում: Դրանք կործանված էին, բայց դրանց մեջ արվեստ կար, խաչեր կային, հայկական խաչքարեր, որմնանկարներ: Նայում էի դրանց եւ ապշում էի, թե որքան հիասքանչ ազգ ենք մենք: 

 

Դա ինձ կարծես շանթահարեց. «Սա ես եմ, սա իմ մասին է, իմ հայ լինելու մասին է, եւ ես ունեմ դրա կաթիլը: Իմ հայրն ուներ այդ հանճարեղության կաթիլը՝ նա հիանալի արվեստագետ էր: Այդ հանճարեղության կաթիլը մեր ընտանիքում ուրիշ ոչ մեկին չի փոխանցվել, բայց մեզ փոխանցվել է մեր ժառանգությունը: Կապ չունի, թե 1/5, 1/10, 1/100–ով եք հայ: Դու հայ ես, որովհետեւ դա քո արյան մեջ է, դա քո պատմության մեջ է, եւ դա ճշմարիտ պատմություն է: Երբ երկու հայ միավորվում են, նրանք փնտրում են ընդհանրություններ: Նրանք չեն փնտրում բիզնես: Դուք փնտրում եք «Ո՞ր եկեղեցին եք դուք գնում: Ո՞ր հայկական դպրոցն եք դուք հաճախում, որտե՞ղ է ձեր ընտանիքն անցկացնում ամառային արձակուրդները: Ո՞ր գյուղից եք դուք: Ի՞նչ է պատահել ձեր մեծ պապին»:

 

Թուրքիայում հիմա շարժում է սկսվել՝ իսլամացած հայերը որոնում են իրենց արմատները: Ինչո՞ւ: Նրանք չեն փնտրում իրենց փողերը: Պետք է հասկանալ, թե ինչը մեզ ողջ պահեց, եւ ազնիվ ասած, մեզ կենդանի պահեց մեր բարի կամքը, բարի էությունը, աշխատասիրությունը, կրթության հանդեպ մղումը: Մենք մեր պատմության հետ բերում ենք մի հիասքանչ խառնուրդ, որի համար բոլորս պետք է հպարտ լինենք: Կարծում եմ, որ այդ ճանաչումը, գիտակցումը, այդ հպարտությունն է, որ կօգնի մեզ՝ հայերիս ողջ մնալ: Անկախ նրանից, թե մենք 2 միլիոն ենք թե 10 միլիոն Արցախում, Երեւանում: Դա կարեւոր չէ: Աշխարհում միշտ էլ հայեր կլինեն: Քանի դեռ մենք գիտենք մեր պատմություն եւ ունենք մեր կենտրոնը՝ Երեւանը, մենք ողջ կլինենք:

 

P.S. 2015 թվականի մարտին լույս է տեսել Սթիվեն Քյուրքչյանի “Master Thieves: The Boston Gangsters Who Pulled Off the World’s Greatest Art Heist”գիրքը: Այն պատմում է մեր ժամանակների ամենահանդուգն հանցագործություններից մեկի մասին՝ 25 տարի առաջ Բոստոնի Isabella Stewart Garnder Museum գողացվեցին 500 մլն դոլար արժեք ունեցող արվեստի գործեր, ներառյալ Ռեմբրանդտի երեք կտավները: Գրքի մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու եւ այն պատվիրելու համար կարող եք այցելել հեղինակի կայքը:

 

Սթիվեն Քյուրքչյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին