Քինգսլի Այկինս. «Սփյուռքի հետ աշխատեք «սրտով եւ մտքով»» - Mediamax.am

exclusive
20364 դիտում

Քինգսլի Այկինս. «Սփյուռքի հետ աշխատեք «սրտով եւ մտքով»»

Քինգսլի Այկինսը
Քինգսլի Այկինսը

Լուսանկարը` Մեդիաամքս

Լուսանկարը`


ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հրավերով, ԵՄ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող «Սոցիալական արձագանք աշխատանքային միգրացիային» ծրագրի շրջանակներում փետրվարին Հայաստան էր այցելել սփյուռքի հարցերով միջազգային փորձագետ, Diaspora Matters կազմակերպության ղեկավար Քինգսլի Այկինսը: Նա Հայաստանում անցկացրել է մի շարք հանդիպումներ, այդ թվում ՀՀ Սփյուռքի նախարարության ներկայացուցիչների հետ՝  ներկայացնելու Սփյուռքի հետ համագործակցության միջազգային փորձը: Մեդիամաքս-ը զրուցել է Քինգսլի Այկինսի հետ:

 

- Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունենում սփյուռքերի հետ՝ հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող զարգացումները՝ միգրացիոն ճգնաժամ, ահաբեկչական սպառնալիքներ եւ այլն: Որո՞նք են ազգային դիմագիծը պահելու տեսանկյունից սփյուռքերի առջեւ ծառացած գլխավոր մարտահրավերները:

 

- Սփյուռքերին վերաբերող ոլորտում մեծ փոփոխություններ են տեղի ունենում: Ավանդապես ընդունված էր համարել, որ սփյուռքի հետ համագործակցության տեսանկյունից ակտիվ էին 4-5 երկիր: Այժմ սփյուռքի հետ ակտիվ շփման մեջ գտնվող երկրների թիվը հասնում է 75-ի: Շատ երկրներ, այդ թվում Հայաստանը, ունեն Սփյուռքի նախարարություն: Երկրները սկսեցին գիտակցել, որ ի դեմս արտերկրում բնակվող հայրենակիցների ունեն սփյուռքի կապիտալ: Տեխնոլոգիաներն ու հաղորդակցության միջոցներն այժմ հնարավոր են դարձնում այն, ինչ առաջ պարզապես անհնար էր պատկերացնել:

Քինգսլի Այկինսը Քինգսլի Այկինսը

Լուսանկարը` Մեդիաամքս

Մարդիկ, որոնք հեռացել էին երկրից եւ որոնց մենք գուցե համարում էինք անվերադարձ կորած, հիմա համարվում են ազգային ակտիվ: Բայց հնարավոր չէ զարգացնել այդ ակտիվները, եթե չկիրառվեն այդ մարդկանց հետ համագործակցելու ճիշտ ռազմավարություններ եւ ծրագրեր:      

 

- Յուրաքանչյուր երկրի դեպքում պահանջվո՞ւմ է Սփյուռքի հետ համագործակցության առանձին, յուրահատուկ ռազմավարություն:

 

-  Կարծում եմ, այն ծրագրերը, որոնք երկրներն իրականացնում են սփյուռքի հետ հարաբերվելիս, շատ նմանություններ ունեն: Շատ երկրներում այսօր սփյուռքը ներկա է դրամական փոխանցումների տեսքով, մյուս երկրներում՝ տարբեր բարեգործական ծրագրերով, շատ երկրներ ունեն առեւտրի եւ ներդրումների ծրագիր, եւ այսօր արդեն այդ երկրներում կան այնպիսի ոլորտներ, ինչպես սփյուռքյան զբոսաշրջություն, սփյուռքյան կամավորություն, մենթորություն, սպորտ եւ այլն: Տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն տվեց ներդնելու այս ամենը, ինչը վկայում է այն մասին, որ սփյուռքերը գտնվում են մշտական, ամուր կապի մեջ հայրենիքի հետ, մինչդեռ անցյալում, երբ մարդիկ մեկնում էին արտերկիր, համարվում էր, որ նրանք առհավետ հեռացել են: Հիմա մարդիկ մեկնում են եւ վերադառնում, անընդհատ շարժման մեջ են: Հիմա աշխարհն  է այլ:   

 

- Ձեր կարծիքով, որքա՞ն արդյունավետ է Հայաստանն օգտագործում  հայկական Սփյուռքի ներուժը:

 

- Դուք Հայաստանում չափազանց հաջողակ եք: Դուք ունեք հայտնի, ճանաչված սփյուռք, հատկապես Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում եւ այլ երկրներում: Դուք նաեւ ունեք Սփյուռքի նախարարություն, Սփյուռքի եւ Հայաստանի կապերով զբաղվող տարբեր կազմակերպություններ: Դուք արդեն մեծ առավելություն ունեք եւ պետք է այն փոխադրեք այլ, ավելի բարձր մակարդակի վրա:

 

-  Որո՞նք ենք այն հիմնական սխալները, որոնք շատ երկրներ թույլ են տալիս սփյուռքի հետ իրենց հարաբերություններում:

 

- Սովորաբար երկրներն իսկապես սխալներ են գործում սփյուռքի հետ աշխատանքում: Թիվ 1 սխալն է կարծել, թե սփյուռքի հետ հարաբերությունները սահմանափակվում են միայն փողով, թե ինչքան շատ փող կարելի է ստանալ սփյուռքից: Սա շատ միակողմանի ու պարզունակ վերաբերմունք է սփյուռքի հանդեպ: Արդյունքում այդ քաղաքականությունը սկսում է նյարդայնացնել եւ զայրացնել սփյուռքերին: Շատ դեպքերում երկրներն առաջնորդվում են զուտ մաթեմատիկական հաշվարկներով, բայց չէ որ կյանքն իրականում միայն դա չէ:

Քինգսլի Այկինսը Քինգսլի Այկինսը

Լուսանկարը` Մեդիաամքս

Տարբեր ռազմավարությունների կարիք կա: Ոմանք կարծում են, թե սփյուռքերը համասեռ երեւույթ են, եւ դրանք նման են իրար: Իրականում դրանք բնավ նման չեն: Փաստացի, հայկական սփյուռքի պարագայում մենք կարող ենք խոսել ոչ թե սփյուռքի, այլ սփյուռքի տեսակների մասին, որոնք բավական տարբեր են միմյանցից: Սա գալիս է փաստելու, որ սփյուռքի հետ հարաբերվելը հեշտ գործ չէ: Այն սրտերը եւ միտքը շահելու երկարաժամկետ աշխատանք է: Այստեղ հնարավոր չէ միանգամից ու հեշտությամբ շահել բոլորի համակրանքը: Սակայն լավ աշխատելու դեպքում պարգեւատրումը  կլինի շատ մեծ: Այն երկրները, որոնք սփյուռքի հետ հարաբերություններում տպավորիչ արդյունքների են հասել, ինչպես օրինակ՝ Իսրայելը, Չինաստանը, Հնդկաստանը, Իռլանդիան, հասկացել էին համբերատար աշխատելու անհրաժեշտությունը: Այդ երկրները նաեւ գիտակցեցին, որ Սփյուռքն էլ պետք է օգտվի այդ հարաբերություններից, եւ սկսեցին կիրառել տարբեր ռազմավարություններ: Իրականում, կարեւոր է նաեւ տարբերակել պետությունը, օրինակ՝ Հայաստանը, եւ ազգը՝ համայն հայությանը, որը գլոբալ երեւույթ է: Այս տարբերակումը թույլ կտա ճիշտ օգտագործել սփյուռքի ներուժը: 

 

- Ինչպե՞ս եք գնահատում հայրենադարձման ծրագրերը, որոնք իրականացվում են տարբեր երկրների կողմից: Դրանք իսկապե՞ս արդյունավետ են:

 

-  Շատ երկրներ են կիրառում երիտասարդ տաղանդների հայրենադարձման ծրագրեր, բայց դրանց մեծ մասը իրականում չի ծառայում իր նպատակին այն պարզ պատճառով, որ սփյուռքում բնակվող հայրենակիցները շատ լավ են իրենց զգում եւ նախընտրում են մնալ այն երկրներում, որտեղ ապրում են: Գուցե Հայաստանի համար էլ է լավ, որ Սփյուռքում ապրող եւ հաջողության հասած մարդիկ մնան այնտեղ, բայց կապ պահեն հայրենիքի հետ, քան գան Հայաստան եւ գուցե ոչ մի նշանակալի բան չանեն այստեղ: Իրականում, երկրների խնդիրն է բարելավել երկրի տնտեսությունը, խթանել Սփյուռքի ներդրումները, ստեղծել  բարենպաստ պայմաններ: Ես վստահ եմ, որ եւ ոչ մի երկրում վիճակը կատարյալ չէ, բայց մարդիկ միեւնույն է անընդհատ շարժման մեջ են: Մեկնում-վերադառնում են հատկապես երիտասարդները, ու դա կանգնեցնել հնարավոր չէ: Նրանք մեկնում են այնտեղ, որտեղ հնարավորությունն է: Քաղաքները նմանվում են գլոբալ մետրոպոլիտենի կոսմոպոլիտ հանգույցների, եւ Երեւանը պետք է փորձի դառնալ այդ կայարաններից մեկը:

 

Քինգսլի Այկինսի հետ զրուցել է Եկատերինա Պողոյսանը

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին