Ավետիք Չալաբյան. «Դուռը կարող է բացվել երեք բանալիով» - Mediamax.am

exclusive
29435 դիտում

Ավետիք Չալաբյան. «Դուռը կարող է բացվել երեք բանալիով»

Ավետիք Չալաբյանը
Ավետիք Չալաբյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը`


Մեդիամաքսի հարցազրույցը «Արար» հիմնադրամի համահիմնադիր եւ խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանի հետ

 

- Ավետիք, մենք ձեզ գիտենք որպես «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հիմնադիրներից մեկը։ Այժմ դուք հանդիսանում եք նաեւ «Արար» հիմնադրամի խորհրդի նախագահ։ Ե՞րբ է ստեղծվել «Արար» հիմնադրամը եւ որոնք են նրա նպատակները:

 

- «Արար» հիմնադրամը ստեղծվել է 2014թ. սկզբին, «5165» Ակումբի մի խումբ անդամների կողմից: Ի տարբերություն ավելի վաղ ստեղծված «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի, որի հիմնական առաքելությունը աջակցությունն է հայրենադարձությանը, «Արար» հիմնադրամի առաքելությունը մեր կողմից բավական ընդարձակ է ձեւակերպված, այն է՝ լուծումներ տալ Հայաստանի եւ հայության առջեւ ծառացած առավել կրիտիկական մարտահրավերներին: Այս ընդհանրական առաքելությունը մեզ հնարավորություն է տալիս կենտրոնանալ այն խնդիրների վրա, որոնք տվյալ պահին, մեր կարծիքով, առավել կարեւոր են: Մյուս կողմից, մենք կենտրոնանում ենք այն մարտահրավերների վրա, որոնք երկարաժամկետ են, իսկ լուծումները երկար տարիների հետեւողական ջանքեր եւ նաեւ նվիրում են պահանջում:

 

Այդ շարքում առաջինը անվտանգության հետ կապված մարտահրավերներն են: Մենք գիտակցում ենք, որ այս տարածաշրջանում մենք անվտանգության սպառնալիքներ ենք ունենալու դեռ շատ երկար ժամանակ, քանի որ մեզ շրջապատող միջավայրը բազմաթիվ վտանգներ է պարունակում մեր պետության եւ հասարակության գոյության համար: Իրականում անվտանգությունն ավելի մեծ խնդիր է, քան զուտ պաշտպանությունը: Այն ունի բազմաթիվ տարրեր՝ տեղեկատվական, հոգեբանական, տնտեսական եւ այլն: Սակայն հաշվի առնելով այն, որ վերջին երկու տարիների ընթացքում Ադրբեջանը էապես ավելացրել է լարվածությունը, «Արարի» ջանքերի զգալի մասը մենք կենտրոնացրել ենք պաշտպանական խնդիրների շուրջ, թեեւ ժամանակի ընթացքում մեր գործունեությունը կտարածվի անվտանգության եւ հարակից խնդիրների ավելի համապարփակ շրջանակի վրա։

 

- Մենք սիրում ենք կրկնել, որ ունենք ամենամարտունակ բանակը տարածաշրջանում եւ զգացական մակարդակում անկեղծորեն հպարտանում ենք մեր Զինված ուժերով: Սակայն երբեմն տպավորություն կա, որ այդ զգացական մակարդակից այն կողմ մեր հասարակությունում չկա այն կոնսենսուսային ընկալումը, որ բանակը Հայաստանի գոյության գլխավոր երաշխավորներից է, եթե ոչ ամենագլխավորը:

 

- Սկսեմ ընդհանուր, սակայն սկզբունքային պնդումից՝ մենք պետք է ընդունենք, որ մեր երկիրը ինքներս պաշտպանելուն այլընտրանք չունենք: Հասարակության որոշ հատվածի մոտ թյուր մտայնություն կա, թե բանակցությունների ճանապարհով կարելի է արագ հասնել խաղաղության: Ես գիտեմ մարդկանց, որոնք ընդհուպ մինչեւ պնդում են՝ «եկեք ճնշում գործադրենք կառավարության վրա, որ Ադրբեջանի հետ խաղաղության հասնի»: Կա մարդկանց մեկ այլ խումբ, որը պատրաստ է մեկնել այլ երկրներ, «պատսպարել» իր երեխաներին, հատկապես՝ արական սեռի, մինչեւ այս անհանգիստ վիճակը անցնի, հետո նոր գուցե մտածի հետ վերադառնալու մասին:

 

Այս սպառողական, ինչ-որ առումով նաեւ միամիտ մոտեցումները բացարձակ անիրատեսական են: Եթե մենք ուզում ենք պահպանել մեր երկիրը, մենք այն նաեւ պետք է պաշտպանենք ֆիզիկապես, որովհետեւ մեզ շրջապատում են այնպիսի հարեւաններ, որոնք հստակ խնդիր ունեն, եթե ոչ ֆիզիկապես վերացնելու, ապա բերելու մեզ այնպիսի իրավիճակի, որում կվերածվենք նրանց ենթակա, համակերպվող եւ ամեն ինչում նրանց ծառայող անդեմ գոյացության՝ առանց ապագայի, անկախության եւ ինքնության: Մեր հարեւան Թուրքիան բացահայտ հայտարարում է, որ պատրաստ է մեզ հետ հարաբերությունները կարգավորել միայն այն դեպքում, եթե մենք «ազատագրենք» Լեռնային Ղարաբաղը, իսկ Ադրբեջանն էլ նույնիսկ երբեմն պնդում է, որ Երեւանը եւ Զանգեզուրը պատմական ադրբեջանական տարածքներ են եւ դեռ պետք է մտածել՝ արժե՞ դրանք թողնել հայերին, թե ոչ: Պարզ է, որ մասամբ դա հռետորաբանություն է, որը, սակայն, արտահայտում է մեր հարեւանների իրական ցանկությունները:

 

Ցավոք, այս պահին մենք դեռ չունենք իրատեսական հնարավորություն մեր հարեւանների հետ խելամիտ համաձայնության գալու, նույնիսկ եթե գնանք ինչ-որ զիջումների՝ կայուն խաղաղության դիմաց: Նրանք անընդհատ մեր առջեւ տարատեսակ մաքսիմալիստական պահանջներ են դնում, փորձելով հանդես գալ ուժի դիրքերից, ու եթե մենք դրան համակերպվենք, դա շղթայական ռեակցիայով աստիճանաբար կհանգեցնի մեր երկրի կորստին: Ուստի, պետք է ընդունենք այս իրողությունը, եւ համապատասխան հետեւություններ անենք:

 

Առաջին հետեւությունն այն է, որ եթե ուզում ես երկիրդ պաշտպանես, ապա պաշտպանության համար պետք է ունենաս բավարար միջոցներ: Երկրորդը՝ միջոցները պետք է խելամիտ եւ արդյունավետ կիրառես: Երրորդն այն է, որ որքան էլ միջոցներ ունենաս, պետք է մտածես, թե դաշնակցային ինչ ձեւաչափերի մեջ ես գործում: Մենք տեսնում ենք, որ մեր տարածաշրջանում բախվում են խոշոր տերությունների շահերը, եւ ըստ էության, ցանկացած տարածաշրջանային հակամարտություն շատ արագ գլոբալ բնույթ է ստանում: Սիրիան դրա դասական օրինակն է: Մեր դեպքում էլ ցանկացած լուրջ հակամարտություն շատ արագ կարող է միջազգայնացվել, ուստի մեզ ուժեղ եւ վստահելի դաշնակիցները երբեք չեն խանգարի։  

 

Երբ խոսում ենք ռեսուրսների մասին, թե մարդկային եւ թե նյութական, ապա բանակը դրանք առաջին հերթին ստանում է հասարակությունից, եւ հենց այս համատեքստում հասարակությունը պետք է մտածի իր սկզբունքային դերի մասին: Ի դեպ, մենք աշխարհի ամենառազմականացված երկրներից ենք, եթե համադրենք բնակչության եւ զինված ուժերի քանակը, ուստի հայ հասարակությունը արդեն իսկ բավական մեծ ռեսուրսներ է տրամադրում բանակին։

 

Բայց որքան էլ շատ է բանակը մարդկային ռեսուրս ստանում, դա բավարար չէ, որովհետեւ մեր հարեւան երկիրը մեզանից ունի գրեթե 3 անգամ շատ բնակչություն, եւ բանակի վրա ծախսում է մեզանից 7-8 անգամ շատ նյութական ռեսուրսներ: Ներկայում նավթի գների անկման պատճառով Ադրբեջանի ռազմական բյուջեն կիսով չափ նվազել է, ինչը նվազեցնում է նաեւ ճնշումը մեզ վրա, սակայն նույնիսկ այդ դեպքում այն կշարունակի մնալ 3-4 անգամ շատ, ուստի բոլոր դեպքերում ռեսուրսների հարաբերակցությունը մեր օգտին չի լինելու: Պետք է առնվազն աշխատել այն ուղղությամբ, որպեսզի այն ռեսուրսները, որոնք մեր բանակը ստանում է հասարակությունից, կարողանա արդյունավետ հակադրել հակառակորդին:

 

Դա անհրաժեշտ, սակայն դեռ բավարար լուծում չի, առավել եւս, եթե հակառակորդի ռեսուրսները կրկին սկսեն աճել:

 

Երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է, որ մեր հասարակության ռեսուրսներն աճեն, առաջին հերթին՝ տնտեսական միջոցները: Դա էլ կբերի մարդկային ռեսուրսների աճին, որովհետեւ մեր երկրի բնակչության գրեթե մեկ երրորդը երկրից դուրս է ապրում: Խոսքը ոչ թե դասական Սփյուռքի մասին է, այլ այն մարդկանց, որոնք հեռացել են անկախության հռչակումից ի վեր: Եթե Հայաստանի տնտեսական հնարավորությունները ընդլայնվեն, այդ մարդկանց զգալի մասը կվերադառնա՝ համալրելով երկրի պաշտպանության համար անհրաժեշտ ռեսուրսային բազան: Կարող եք ասել, որ տնտեսական ռեսուրսները ոչ միայն հասարակության, այլեւ պետության խնդիրն են: Իսկապես այդպես է, պետք է փաստել, որ միայն պետության եւ հասարակության ջանքերի կենտրոնացման պայմաններում է հնարավոր արագացնել տնտեսական աճը Հայաստանում, եւ ժամանակի ընթացքում ապահովել երկրի պաշտպանության համար բավարար տնտեսական բազա։ Դրա համար անհրաժեշտ է ձեւավորել ավելի արդյունավետ, առաջադեմ քաղաքական-տնտեսական համակարգ, որը կարող է երկիրն ավելի արագ զարգացնել, ավելի շատ ներդրումներ ներգրավել, ավելի արագ ինտեգրվել տարածաշրջանային եւ համաշխարհային շուկաներում: Սա իսկապես թե պետության, եւ թե հասարակության գերխնդիրն է, որը առաջիկա տարիներին առանցքային է լինելու մեր բոլոր խնդիրների համատեքստում։

 

Բացի այդ, ինչպիսի տնտեսական միջոցներ էլ երկիրը չձեւավորի, հասարակությունը բանակին պետք է աջակցի մարդկային ռեսուրսներով: Եվ այստեղ կա մի ցավալի խնդիր՝ շատ մարդիկ վստահ են, որ երկրի պաշտպանության խնդիրը պետք է լուծվի մեկ ուրիշի միջոցով՝ ուրիշի զավակի, եղբոր, ամուսնու, բայց ոչ իր որդու միջոցով: Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ երկրից արտագաղթն ունի ընդգծված սեռային շեղում: Ընտանիքները, որոնք արտագաղթում են Հայաստանից, ավելի մեծ հավանականությամբ ունեն տղա, քան աղջիկ երեխաներ: Սա նշանակում է, որ այդ ընտանիքները մտածում են, որ տղա երեխաներին կարող են հեռացնել երկրից, որպեսզի նրանք հեռու մնան ընդհանուր խնդիրը լուծելուց: Սա իսկապես ցավալի է, որովհետեւ բոլորս պետք է հավասար պատասխանատվություն կրենք երկրի պաշտպանության համար, մեր փոխարեն դա ոչ ոք չի անի: Իմ որդիները, որոնք Ռուսաստանում են ծնվել, պետք է եւս վերադառնան Հայաստան՝ երկիրը պաշտպանելու համար: Հակառակ դեպքում մենք կկորցնենք թանկ գնով ձեռք բերված մեր երկիրը, եւ մեզնից բացի այս անգամ ոչ ոքի չենք կարող մեղադրել։ 

 

- Կա մեկ այլ խնդիր: Արդյո՞ք երկրի ֆիզիկական պաշտպանությունը գերնպատակ հռչակելով, մենք չենք սահմանափակի որոշակի քաղաքացիական ազատություններ: Այլ կերպ ասած, դա չի՞ բերի «բանակ-պետություն» մոդելի ձեւավորմանը:

 

- Կարծում եմ, որ ժողովրդավարության եւ անվտանգության հակադրությունը ինչ-որ իմաստով արհեստական է, իրականում աշխարհի ամենապաշտպանված երկրները միաժամանակ աշխարհի ամենաժողովրդավարական երկրներն են:

 

Վերցնենք Շվեյցարիայի օրինակը, որն աշխարհի ամենաժողովրդավարական երկրներից է՝ այն փաստորեն չունի կենտրոնացված կառավարություն, իսկ օրենքների զգալի մասն ընդունվում է հանրաքվեների միջոցով: Միաժամանակ այդ երկիրն աշխարհում ամենապաշտպանվածներից է, Շվեյցարիայի տղամարդ բնակչության զգալի մասը զինված է: Ընդ որում, խոսքը մարտական զենքի մասին է, որոնք նրանք ստանում են ծառայությունից հետո՝ տանը պահելու իրավունքով:

 

Նույնը կարելի է ասել Իսրայելի մասին, որը համադրում է զարգացած ժողովրդավարական համակարգն ու տարածաշրջանի ամենամարտունակ, ամենաարդյունավետ ու դինամիկ բանակներից մեկը:

 

Նույնը կարող է լինել Հայաստանի դեպքում: Սակայն մեզ պետք չէ ունենալ «բանակ-պետություն», որտեղ բանակը փոխարինում է պետությանը: Կարծում եմ՝ Հայաստանում նույնիսկ ամենառազմականացված մարդիկ այդպիսի ցանկություն չունեն: Մեզ պետք է ունենալ հզոր բանակ, ուժեղ պետություն եւ առողջ հասարակություն: Ժամանակակից աշխարհում միայն առողջ, ազատ, ժողովրդավարական արժեքներին նվիրված հասարակությունը կարող է ունենալ ուժեղ բանակ եւ ուժեղ պետություն։

 

- Իսրայելի բանակը նաեւ տեխնոլոգիապես ամենազարգացածներից մեկն է աշխարհում: Կարո՞ղ ենք այդ փորձը ինչ-որ ձեւով օգտագործել Հայաստանում:

 

- Իսկապես, Իսրայելի բանակի փորձը ամենակիրառելի օրինակներից մեկն է մեզ համար: Իր գոյության 68 տարիների ընթացքում Իսրայելը տեսել է 10 պատերազմ: Բայց անգամ այդ պայմաններում Իսրայելը շարունակաբար տնտեսապես զարգացել է, երկրի բնակչությունը 7 անգամ աճել է՝ զգալի չափով հայրենադարձության հաշվին: Նոմինալ արժեքով Իսրայելի տնտեսությունը ՀՀ տնտեսությանը ներկայում գերազանցում է 25 անգամ, ինչը վկայում է, որ ունենալով մեծ բանակ, պատերազմի վտանգ, որն առկա է նաեւ երկրի ներսում (նշածս տաս պատերազմներից երկուսը երկրի ներսում են եղել), երկիրը կարելի է զարգացնել:

 

Այդ զարգացման հիմքում առաջին հերթին ընկած է առողջ հասարակությունը եւ զարգանալու նրա ձգտումը: 70 տարվա ընթացքում Իսրայելում եղել են շրջաններ, երբ տնտեսական աճը դանդաղել է, սակայն պատերազմների ավարտից հետո տեղի են ունեցել հսկայական տնտեսական ցատկեր: Ի դեպ, շատ հաճախ դրանց հիմքում հենց բանակից եկած իմպուլսներն են եղել: Մասնավորապես, Իսրայելի ղեկավարությունը շատ արագ հասկացավ, որ նման հարեւանների պարագայում, որոնց բնակչությունն իրեն գերազանցում է ավելի քան 10 անգամ (օրինակ՝ Եգիպտոսը), այն հնարավորություն չունի սեփական բանակի մարդաքանակով կամ նույնիսկ ավելի բարձր մարտունակությամբ հավասարակշռել նրանց: Փոխարենը պետք է գնալ արագացված տեխնոլոգիական զարգացման ճանապարհով, եւ այդ զարգացման գլխավոր պատվիրատուն հանդիսացավ բանակը:

 

Ընդ որում, այս առումով բանակը միանգամից մի քանի խնդիր էր լուծում: Նախ, իր ներսում ուներ մի շարք ստորաբաժանումներ, որոնք եւ բանակի տեխնոլոգիական խնդիրներն են լուծում, եւ փաստացի տեխնոլոգիական կադրեր պատրաստում տնտեսության համար: Պատահական չէ, որ բանակից դուրս եկած կադրերը շատ հաճախ Իսրայելի տարբեր ստարտափ-ընկերությունների հիմնադիրներ են դառնում:

 

Մյուս կողմից, բանակը երկրի մասնավոր ընկերությունների համար պատվիրատու էր հանդիսանում: Սա կարեւոր որոշում է, որին պետք է Հայաստանում էլ գանք: Շատ հաճախ, երբ բանակը լուծում է սեփական տեխնոլոգիական խնդիրները, ինչպես Իսրայելում, այն ունի այլընտրանք՝ կամ դրսից գնել այդ լուծումները, կամ գնալ որոշակի փորձարկումների, ռիսկերի, եւ խնդիրները լուծել իր երկրի ներսում:

 

Մեր կարծիքով, Հայաստանի պայմաններում կարեւոր է երկարաժամկետ հավասարակշռված լուծում գտնելը: Բանակը պետք է գնա որոշակի ռիսկերի՝ օժանդակելու սեփական երկրի տարածքում գործող ընկերություններին: Բանակը պետք է ընդունի, որ որոշ դեպքերում դա կարող է նաեւ բերել սխալների կամ կորուստների: Բայց եթե մենք դա չանենք, մեր ընկերությունները երբեք չեն սովորի լուծումներ տալ բանակին: Այն պահից, երբ նրանք սովորեն այդպիսի լուծումներ տալ, նրանք կդառնան մեր երկրի պաշտպանության կարեւորագույն օղակներից մեկը:

 

- Որ՞ն է այն «բանալին», որով կարելի է բացել «դուռը» եւ բացատրել մարդկանց, որ երբ ասում ենք «բանակ» կամ «պաշտպանություն», ի նկատի ունենք մեր երեխաների վաղվա օրը: Որո՞նք են այն քայլերը, որոնք կօգնեն այդ միտքը հասցնել մարդկանց:

 

- Կարծում եմ, խոսքը պետք է գնա ոչ թե մեկ, այլ երեք բանալիների մասին, եւ դուռը բացելու համար պետք է երեքն էլ գործածել: Առաջին բանալին պետության ձեռքում է, երկրորդը՝ բանակի, երրորդը՝ հասարակության:

 

Պետությունը պետք է հասարակությանը վստահություն ներշնչի սեփական ուժերի նկատմամբ, գիտակցված գնա երկիրը բարեփոխելու ճանապարհով: Միայն իրական բարեփոխումները կարող են հասարակության հիմնական շերտերին, նաեւ երկրից դուրս գտնվող, ապագայի նկատմամբ վստահություն ներշնչել: Մենք առաջին հերթին պաշտպանում ենք մեր ապագան եւ ուզում ենք համոզված լինել, որ այդ ապագան կլինի բարեկեցիկ, մեր երեխաների համար գրավիչ եւ հեռանկարային: Մեզանից ոչ ոք ցանկություն չունի պաշտպանելու անորոշ, մութ ու գաղջ ապագան: Վստահության այս բանալին պետության ղեկավարության ձեռքում է, եւ իմ կարծիքով՝ այն առայժմ վատ է օգտագործվում:

 

Երկրորդ բանալին բանակի ձեռքում է, եւ ցանկանում եմ տարանջատել բանակը պետությունից, որովհետեւ բանակը՝ պետության մաս լինելով հանդերձ, անմիջականորեն գտնվում է սահմանագծի վրա եւ առերեսվում է հակառակորդին:

Բանակը իր ներսում եւս պետք է հետեւողական բարեփոխումներ իրականացնի, որոնց նպատակը պետք է լինի յուրաքանչյուր զինվորի եւ սպայի անհատական արդյունավետության եւ անվտանգության բարձրացումը: Մենք չպետք է կորուստներ կրենք այնտեղ, որտեղ կարելի է դրանցից խուսափել:

 

Երբ գտնվում ես պատերազմական իրավիճակում, ընդհանրապես կորուստներից խուսափելն անհնար է, բայց երբ վերլուծում ենք ընդհանուր պատկերը, հասկանում ենք, որ կորուստների թիվը կարելի է կրճատել, ընդ որում՝ տարբեր միջոցների գործադրմամբ: Այդ միջոցներն են՝ բանակի տեխնոլոգիական զարգացումը եւ հակառակորդի հետ անմիջական շփման մի մասի իրականացումը ոչ թե մարդկանց, այլ տեխնոլոգիաների միջոցով, զինծառայողների զգոնության եւ անհատական արդյունավետության բարձրացումը, որը հնարավորություն կտա խուսափել հակառակորդի թեկուզ պատահական կրակոցից ստացած կորուստներից: Այդ միջոցների թվում է նաեւ բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավումը: Կորուստների մի մասը, որը կրում ենք, ցավոք, մարտական չեն: Ճիշտ է, ոչ մարտական կորուստների թիվը տարեցտարի նվազում է, սակայն մենք պետք է ձգտենք այն բացարձակ նվազագույնի հասցնել, որպեսզի բանակին երեխա տվող ծնողը համոզված լինի, որ իր որդին ապահով պայմաններում է ծառայում։

 

Հասարակությունը, ում ձեռքին երրորդ բանալին է, չպետք է գտնվի միայն անընդհատ պահանջողի եւ քննադատողի դերում: Հասարակությունը եւս պետք է լինի փոփոխությունների մասնակիցը: Փորձը ցույց է տալիս, որ հասարակության մասնակցությունը պետության եւ բանակի կյանքին հնարավորություն է տալիս բարեփոխումների ընթացքն արագացնել: Հասարակության մասնակցությունը հնարավորություն է տալիս նաեւ ավելի մեծ ռեսուրսներ կենտրոնացնել, որովհետեւ մեր պայմաններում ամեն ինչ չէ, որ կարող է արվել պետական բյուջեի հաշվին:

 

Այս իմաստով, «Արար» հիմնադրամը, լինելով հասարակական կառույց, պիլոտային նախագծերի շրջանակում ռեսուրսներ է ուղղում բանակի կոնկրետ խնդիրների լուծման վրա: Մենք առաջարկում ենք նորարարական լուծումներ, նաեւ հաճախ ֆինանսավորում ենք դրանց փորձարկումը, եւ եթե դրանք իրենց արդարացնում են, շատ դեպքերում բանակը սկսում է դրանց համար ավելի լայն միջոցներ եւ կիրառում ապահովել, եւ դա դառնում է զարգացման փոխադարձ շահավետ մեխանիզմ։ Մեր հիմնադրամից բացի, կան այլ կառույցներ, առայժմ՝  սահմանափակ թվով, որոնք եւս բանակին աջակցում են գործով: Սա այն ձեւն է, որով հասարակությունը կարող է ավելի ակտիվ ներգրավվել, եւ եթե դա տեղի է ունենում ոչ միայն քննադատության, այլեւ անմիջական աջակցության ձեւով, այդ դեպքում հասարակությունը նաեւ շատ ավելին կարող է պահանջել պետությունից, բանակի ղեկավարությունից, կոնկրետ զորամասերից: Ներգրավումը ինչ-որ առումով ավելի մեծ խոսքի իրավունք է տալիս:

 

Մենք իսկապես ապրում ենք ոչ խաղաղ պայմաններում, որոնք ստիպում են վերագնահատել մեր ապրելակերպը: Մենք չեք կարող ամբողջ օրն անցկացնել Երեւանի սրճարաններում եւ օֆիսներում, իսկ ինչ-որ մեկը Տավուշի կամ Արցախի սահմանին ապահովի մեր անվտանգություն՝ մեր մասնակցությունից դուրս: Այդպես չի լինում: Պարտադիր չէ, որ մեզանից յուրաքանչյուրը գտնվի սահմանի վրա, սակայն եթե Հայաստանը համարում ենք մեր եւ մեր երեխաների հայրենիքը, ապա պետք է մասնակցենք նրա պաշտպանությանը: Մեր փորձն արդեն ցույց է տալիս, որ ձեւերը բազմաթիվ են, եւ յուրաքանչյուր ոք կարող է ունենալ իր ներդրումը։

 

Ավետիք Չալաբյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին