«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «100 կյանք» (100 LIVES) նախագիծը վերջերս ներկայացրեց երգահան եւ բանաստեղծ Մարինե Ալեսի «Ձեզանից մեկը....» խորագրով համերգաշարը, որի նպատակը մշակույթի միջոցով երկխոսության կամուրջ ստեղծելն է Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգների միջեւ:
Գրական-երաժշտական երեկոյի ձեւաչափով համերգների ընթացքում ելույթ ունեցան Ֆորշը, Դավիթ Ամալյանը, Գեւորգ Հակոբյանը, Ջանինան, Ջիվան Գասպարյան կրտսերը՝ «Կադանս» անսամբլի նվագակցությամբ: Համերգները կայացան Գյումրիում, Թբիլիսիում եւ Սանկտ Պետերբուրգում:
Շրջագայության ընթացքում 100 LIVES նախագիծն ու Մարինե Ալեսը նվերներ հանձնեցին Թբիլիսիի եւ Սանկտ Պետերբուրգի հայ համայնքների մշակութային կենտրոններին, ինչպես նաեւ Գյումրիի երաժշտական դպրոցի սաներին:
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային եւ երիտասարդության կենտրոնի պարի խմբին նրանք ազգային տարազներ, իսկ Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե եկեղեցուն կից մշակութային կենտրոնին՝ դաշնամուր են նվիրել: Գյումրիի Շերամի անվան երաժշտական դպրոցն ու Գյումրիի քաղաքապետարանի «Անի» նվագախումբը փողային գործիքներ ստացան:
Նոյեմբերի 10-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում նշվեց, որ «Ձեզանից մեկը....» համերգաշարը ընդլայնելու է իր աշխարհագրությունը: Մեդիամաքսի խնդրանքով Մարինե Ալեսը պատմել է նախագծի մասին:
100 LIVES նախագծի մասին
Չի կարելի ասել, որ իմ ու եղբորս (Ռուբեն Վարդանյանի-Մեդիամաքս) համար դա սոսկ անձնական նախագիծ է: Ամեն երկրորդ հայ ընտանիքը կորուստներ է կրել Ցեղասպանության ժամանակ: Ընտանիքներ գիտեմ, որոնց մոտ անձնական գործոնը շատ ավելի խորն է արտահայտված: Միեւնույն ժամանակ, մենք գիտակցում ենք, որ եթե չլիներ մի հասարակ թուրք ձիապանը, մեր պապը կարող էր եւ չփրկվել:
Մենք պետք է դիմացկուն լինենք ու վստահ նայենք դեպի ապագան, այլ ոչ թե տառապենք եւ աշխարհից աղերսենք կամ պահանջենք, որ ճանաչեն մեր ողբերգությունը՝ սա է «100 կյանք»-ի հիմնական ուղերձը, որը նախագծի հիմքում դրել են Ռուբենը, Նուբար Աֆեյանը եւ Վարդան Գրեգորյանը:
Ցավոք սրտի, այսօր անցյալի սխալներն ու սարսափները սկսում են կրկնվել, եւ, ինչպես տեսնում ենք, դա ֆարսի տեսքով չէ տեղի ունենում: Այդ կրկնողությունները գնալով ավելի ողբերգական են դառնում…
«100 կյանք» նախագիծն ինձ համար արժեքավոր է, քանի որ այն թույլ է տալիս նորովի խոսել խնդրի մասին: Նման մոտեցումը թույլ է տալիս հարցը ավելի ծավալուն կերպով ներկայացնել եւ նոր երանգներ է հաղորդում ժամանակակից աշխարհում հայ ազգի ուղու ընկալմանը:

Լուսանկարը` IDeA
«Շնորհակալություն» ասում են ուժեղները: Մի դասախոսություն էի լսում, որտեղ խոսվում էր այն մասին, որ «շնորհակալություն» եւ «խնդրեմ» բառերը ամենաքիչը օգտագործում են հետխորհրդային տարածքում: Այնպես չէ, որ մենք ամաչում ենք շնորհակալ լինել, ավելի շուտ, միշտ չէ, որ դա անհրաժեշտ ենք համարում:
Ինձ համար այս նախագիծը պատասխանատվության զգացումի մասին է: Ցավոք սրտի, այդ զգացումը սկսել է լուծվել ժամանակակից տեղեկատվական աշխարհում: Մարդկանց շփման սահմաններն ու տարածությունը ընդլայնվել են, բայց շփումն անդեմ է դարձել:
Գյումրիի, Թբիլիսիի եւ Սանկտ Պետերբուրգի համերգների մասին
Մեր համերգները ավելի ճիշտ կլինի սինթետիկ ներկայացում անվանել, քանի որ երաժշտական համարները, որոնք ներկայացվել են տարբեր ոճի կատարողների կողմից, զուգորդվել են տարբեր բովանդակություն, ձեւ եւ տեւողություն ունեցող 12 տեսապատմություններով:
Ինձ երբեմն ասում են, որ «համերգները լավն էին, բայց տխուր էին»: Դրանք չէին էլ կարող ուրախ լինել: Բայց տխրությունը կարող է տարբեր լինել, եւ մենք ձգտում էինք, որ մեր պարագայում տխրությունը լուսավոր լինի: Պատահական չէ, որ մեր ներկայացումների ընթացքում ամենաշատը խոսում ենք սիրո մասին: Մենք փորձում ենք պատմել սիրո մասին, որը տարբեր է լինում:

Լուսանկարը` IDeA
Գյումրեցի հանդիսատեսը ամենապահանջկոտներից է Հայաստանում՝ նրանք ոչ մեկի հանդեպ ներողամտություն չեն ցուցաբերում, եւ գյումրեցիների ջերմ ու զգացական արձագանքը մեզ համար առանձնահատուկ կարեւորություն ուներ:
Թբիլիսին մի կենտրոն էր, որով անցնում էին մեր երեխաների հոսքերը Ցեղասպանությունից հետո, եւ մենք փորձեցինք համերգին ներկայացնել Սերգեյ Գորոդեցկու պատմությունը: Նա Թիֆլիս էր գնացել որպես «Русское слово» թերթի թղթակից, ծանոթացել ու ընկերացել էր Հովհաննես Թումանյանի հետ, ինչից հետո, թողնելով իր բարեկեցիկ կյանքը, երեք տարի փրկում էր երեխաներին Արեւմտյան Հայաստանից:
Ընդհանրապես, դժվար է բառերով գնահատել տարբեր ազգերի բոլոր այն ներկայացուցիչների գործունեությունը, ովքեր փրկում էին մեր երեխաներին Ցեղասպանությունից հետո: Նրանք մեր ազգի գենոֆոնդն էին փրկում, ինչի համար մենք պետք է խոնարհվենք նրանց առջեւ:
Երազում եմ, որ Գյումրիի, Թբիլիսիի եւ Սանկտ Պետերբուրգի երեխաները, որոնց մենք գործիքներ նվիրեցինք, որոշ ժամանակ անց միավորվեն «100 կյանք» գաղափարի շուրջ եւ սեփական ներկայացումը կազմակերպեն, որը կխորհրդանշի ժամանակների եւ սերունդների կապը:
Նախագծի շարունակության մասին
Մենք շատ ժամանակ չունենք, քանի որ հանդիսատեսից ստացված հույզերը արագ կորում են, թե՛ ինձ մոտ, եւ թե՛ մեր կատարողների:
Համերգների բովանդակությունը վերափոխվող է, մենք փոխում էինք այն՝ կախված քաղաքից: Մի տեղ ավելի շատ էր երաժշտությունը, մի տեղ՝ պոեզիան: Գյումրիում ավելի շատ ելույթ էինք ունենում հայերեն, Թբիլիսիում եւ Սանկտ Պետերբուրգում՝ ռուսերեն:
Գյումրիում եւ Թբիլիսիում մենք ներկայացրեցինք պատմություններ, որոնք «100 կյանք» նախագծին վստահել էին հասարակ, ոչ հանրային մարդիկ՝ Գոռ Ավետիսյանն ու Լարիսա Աֆանդյանը:

Լուսանկարը` IDeA
Ինձ համար կարեւոր է, որ մեր պատմությունը դառնա պակաս անձնական եւ ավելի ընկալելի: Դրան կարելի է հասնել համամարդկային արժեքների վրա հիմնվելով: Մենք պետք է ի վերջո հասկանանք, որ եթե ողբերգություն է տեղի ունենում Կամբոջայում, Եգիպտոսում կամ Ֆրանսիայում, ապա դա բոլորիս է վերաբերում:
Դոստոեւսկին ասում էր, որ «Սատանան պայքարում է Աստծո դեմ, իսկ մարտի դաշտը մարդկանց սրտերն են»: «100 կյանք» նախագիծը հենց այդ մասին է: Մենք պայքարում ենք մարդկանց սրտերի համար, ոչ միայն նրանց, ովքեր գիտեն Ցեղասպանության մասին, այլեւ նրանց, ովքեր չգիտեն կամ ձեւացնում են, թե չգիտեն:
Թուրքիայի, մեղքերի եւ քավության մասին
Քչերն են մտորում այն մասին, որ Օսմանյան Թուրքիան, պարտվելով Առաջին Աշխարհամարտում, այդ պատերազմից դուրս եկավ մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ի եռակի բարձր ցուցանիշով: Մի երկրում, որտեղ առանց հայերի ու մյուս քրիստոնյաների չէր լինի թատրոն ու գրական լեզու, սկսեցին ստեղծել այլ մտածողություն եւ կրթության մակարդակ ունեցող սերունդ՝ նրա հաշվին, ինչը կողոպտել ու յուրացրել էին:
Սերգեյ Էյզենշտեյնն ասում էր, որ եթե չարը անպատիժ է մնում, մարդկությունը կորցնում է իր դեմքը: Դրանից կարելի է խուսափել միայն քավության ու հատուցման ճանապարհով:

Լուսանկարը` IDeA
Մեր նախնիների անցած ծանր ճանապարհի շնորհիվ, մենք այսօր ավելի ուժեղ ու երջանիկ ենք: Նրանք մեզ ոչ թե ատելություն, այլ սիրելու, արարելու ու շնորհակալ լինելու կարողություն ժառանգեցին: Ես շնորհակալ եմ պապիկիս, որը 9 տարեկանում որբ մնալով, արժանապատիվ մարդ մեծացավ, կյանքի ընթացքում շատ բան կորցրեց, սակայն երբեք չդավաճանեց՝ ոչ իրեն, ոչ էլ ուրիշներին:
Գրի առավ Արա Թադեւոսյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: