ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի հարցազրույցը Մեդիամաքսին
- Պարոն Նազարյան, վերջին շրջանում ՀՀ պաշտպանության նախարարությունը սկսել է ավելի մեծ ուշադրություն դարձնել կիբերանվտանգության խնդիրներին: Ինչո՞վ է դա պայմանավորված:
- Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը աշխարհում ամենաարագ զարգացող ճյուղերից է, եւ այդ զարգացմանը զուգընթաց ի հայտ են գալիս տեղեկատվական բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ կիբերհանցագործությունների նոր տեսակներ:
Հաշվի առնելով ներկայիս մարտահրավերները, տարածաշրջանում անվտանգության միջավայրը, ակնհայտ է դառնում Հայաստանի անվտանգությանը սպառնացող կիբերհանցագործությունների չեզոքացման անհրաժեշտությունը, ինչը հնարավոր է կիբերանվտանգության համակարգի շարունակական զարգացմամբ:
- Գարնանը հայտնի դարձավ, որ Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում ստեղծվել է Կիբերանվտանգության գերազանցության կենտրոն: Որո՞նք են այս հաստատության հիմնական գործառույթները եւ զարգացման հեռանկարները:
- ՀՀ պաշտպանության նախարարությունը «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ն եւ
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը նախաձեռնել են «Հայ Տեք» կիբերանվտանգության կենտրոնի ստեղծման հայեցակարգի մշակումը եւ ծրագրի հետագա իրականացումը:
Ծրագրի նպատակն է ստեղծել «Հայ Տեք» կիբերանվտանգության կենտրոն, որը կապահովի պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծումը եւ դրանց կիրառումը, առավել արդյունավետ կօգտագործի զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածում:
Ծրագրի հիմնական նպատակներն են.
- ապահովել արդեն ներդրված ավտոմատացված կառավարման եւ պաշտպանական հատուկ համակարգերի արդյունավետ շահագործումը;
- մշակել եւ իրականացնել նախազորակոչային տարիքի երիտասարդների գիտելիքների եւ հմտությունների զարգացման ծրագրեր եւ դրանց հիման վրա իրականացնել նրանց որակավորում;
- իրականացնել բարձր տեխնոլոգիաների բնագավառի կադրերի ՊՆ համակարգ ներգրավումը;
- իրականացնել ՊՆ կադրերի ուսուցումը եւ վերապատրաստումը;
- ծառայել որպես հարթակ պաշտպանական համակարգերում
կիբերանվտանգության խնդիրների բացահայտման եւ լուծումների մշակման համար, ինչպես նաեւ ունենալ առանցքային դերակատարություն կիբերանվտանգության մասնագետներ պատրաստելու եւ վերապատրաստելու հարցում:
- Վերջերս Դուք գլխավորեցիք ՀՀ ՊՆ պատվիրակությունը, որը հանդիպումներ ունեցավ Microsoft ընկերության գլխավոր գրասենյակում: Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել այցի արդյունքում:
- Այցը կայացել էր ՀՀ կառավարության եւ «Մայքրոսոֆթ» ընկերության միջեւ ստորագրված «Կառավարության անվտանգության ծրագրի վերաբերյալ» պայմանագրի շրջանակներում: Մենք այցելեցինք «Մայքրոսոֆթ» ընկերության
կիբերհանցագործությունների պայքարի, տվյալների պահպանման, ինչպես նաեւ նորարարության կենտրոններ:
Հանդիպումներ ունեցանք «Մայքրոսոֆթ»-ի տարբեր մասնագետների հետ, ինչպես նաեւ ընկերության փոխնախագահ Վահե Թորոսյանի հետ: Նրա հետ հանդիպման ընթացքում քննարկել ենք ՀՀ կիբերանվտանգության ծրագրի մշակման եւ ՀՀ պաշտպանության նախարարության կիբեռանվտանգության ոլորտում համապատասխան մասնագետների պատրաստության գործում «Մայքրոսոֆթ»-ի կողմից հնարավոր աջակցությանն հարցեր:
Պայմանավորվածություն ենք ձեռք բերել հստակեցնել կիբերանվտանգության ծրագրի հիմնական ուղղությունները՝ ելնելով Հայաստանի առանձնահատկություններից, եւ ներկայացնել դրանք «Մայքրոսոֆթ»-ին: Ի դեպ, հոկտեմբերի երկրորդ կեսին Վահե Թորոսյանը այցելելու է Հայաստան:
- Կիբերանվտանգության ապահովումն այսօր ՆԱՏՕ-ի առաջնային ուղղություններից մեկն է համարվում: Կարո՞ղ է կիբերանվտանգության ոլորտը դառնալ Հայաստանի եւ ՆԱՏՕ գործակցության ոլորտներից մեկը:
- Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում մենք արդեն իսկ այս ոլորտում համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ:
Ասեմ ավելին, հաշվի առնելով Հայաստանի կիբերանվտանգության ապահովման կարեւորությունը՝ այս ոլորտում համագործակցություն կարելի է ծավալել շահագրգիռ տարբեր կառույցների եւ կազմակերպությունների հետ:
- Վերջին շրջանում լարվածության աճ է գրանցվում հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում: Արդյոք կա՞ վտանգ, որ հակառակորդը կարող է փորձել ոտնձգություններ կատարել նաեւ կիբերտիրույթում՝ փորձելով վնաս հասցնել հայկական կողմի ցանցային ենթակառուցվածքին:
- Նման վտանգ առկա է, եւ անգամ հակառակորդի կողմից փորձեր են արվել ոտնձգություններ կատարելու ՀՀ պաշտպանության նախարարության Ձեր կողմից նշված տիրույթում, սակայն դրանք ժամանակին կանխվել են: Սա է նաեւ պատճառներից մեկը, որ մեծ ուշադրություն ենք դարձնում կիբերանվտանգության խնդիրներին՝ փորձելով շարունակաբար կատարելագործվել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: