«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակում կայացավ վրացի ռեժիսոր Զազա Ուրուշաձեի «Մանդարիններ» ֆիլմի երեւանյան պրեմիերան: Ֆիլմը, որ 1990-ականներին Աբխազիայի շրջանում տեղի ունեցող պատերազմի մասին է, տասնյակ մրցանակների է արժանացել, իսկ 2015թ. առաջադրվել է «Օսկար» եւ «Ոսկե Գլոբուս» մրցանակների` «լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում: Զազա Ուրուշաձեն ղեկավարում է նաեւ Վրաստանի Կինեմատոգրաֆիստների միությունը:
-Կարծես, շատերի համար մանդարինը խաղաղության նոր խորհրդանիշ է դարձել:
-Հուսով եմ, որ այդպես է: Հավանաբար, դա տեղի է ունեցել այն պատճառով, որ արդյունքում ֆիլմը շատ մարդասիրական է ստացվել:
-Դուք ասում եք. «Արդյունքում մարդասիրական ֆիլմ ստացվեց»: Ի սկզբանե ա՞յլ բան էիք նախատեսում:
-Ոչ, պարզապես ի սկզբանե նպատակ չեմ ունեցել մարդասիրական թեմայով ֆիլմ նկարահանել: Սա ֆիլմ է հասարակ մարդկանց մասին, որոնք նույնիսկ պատերազմի ժամանակ կարողացել են պահպանել մարդկային կերպարը: Կատարյալ մարդ հիշեցնող Իվոն փորձում է հաջորդ սերունդներին ինչ-որ ճշմարտություններ, մարդկային կարեւոր արժեքներ փոխանցել:
-Հետաքրքիր էր երեւանյան պրեմիերայից հետո հետեւել հանդիսատեսի արձագանքին. չնայած կոնֆլիկտային թեմատիկային՝ շատերի մոտ լուսավոր հետք մնաց:
-Դա ինձ համար չափազանց կարեւոր է: Կան ֆիլմեր, որոնք միայն անելանելիության նստվածք են թողնում մարդկանց մոտ: Սակայն կյանքը շարունակվում է, եւ միշտ հույս կա, որ վերջը պարզապես մի նոր բանի սկիզբ է:
- Իսկ հանդիսատեսի արձագանքը Ձեզ համար կարեւո՞ր է:

Լուսանկարը` Մեդիամաքս
-Իհարկե, հակառակ դեպքում՝ ինչո՞ւ ենք ֆիլմ նկարահանում: Անկեղծ չի լինի ասել, որ ռեժիսորի համար հանդիսատեսի կարծիքը կարեւոր չէ: Իհարկե, ես չեմ ասում, թե ի սկզբանե պետք է միայն հանդիսատեսի մասին մտածել եւ հատուկ կոմերցիոն ժապավեն ստեղծել: «Օսկար»-ի եւ «Ոսկե գլոբուս»-ի անվանակարգերում հայտնվելը հաճելի է, սակայն ինձ համար կարեւոր փաստ է այն, որ ֆիլմը համաշխարհային ներկայացվածություն ստացավ, շատ երկրներ գնեցին ֆիլմի ցուցադրության իրավունքը:
Եւ ես շատ շնորհակալ եմ հայ հանդիսատեսին, որ ֆիլմն այդպես ջերմ ընդունեց:
-Իսկ կա՞ ինչ-որ մեկը, որի մասին մտածում եք ֆիլմ նկարահանելիս:
- Մեր բոլորի կյանքում էլ կան մոտ մարդիկ, որոնց կարծիքը մեզ համար չափազանց կարեւոր է: Ես ցանկանում եմ, որ հենց նրանք լինեն առաջինը, որ կտեսնեն ու կգնահատեն ֆիլմը, ինձ համար շատ թանկ է նրանց կարծիքը:
-Հետաքրքիր է, որ Ձեր ընտանիքում կինոյի աշխարհից մարդ չկա:

Լուսանկարը` Մեդիամաքս
-Ճիշտ եք, հայրս խորհրդային դարպասապահ էր՝ ԽՍՀՄ հավաքականի ֆուտբոլիստ Ռամազա Ուրուշաձեն: Նա շատ զարմացավ, երբ ես հայտարարեցի, որ ցանկանում եմ ռեժիսոր եմ դառնալ:
-Ի դեպ, ի տարբերություն շատերի, դուք Ձեզ այլ մասնագիտությունում անգամ չեք էլ փորձել:
- 15 տարեկան էի, երբ զգացի, որ ցանկանում եմ լինել կինոյի աշխարհում: Երբ փոքր էի եւ նկարչությամբ էի զբաղվում, զգում էի, որ ինձ մոտ շատ լավ չի ստացվում եւ որ ես վստահաբար մեծ նկարիչ չեմ դառնալու: Հետո որոշեցի ճարտարապետ դառնալ, սակայն հասկացա, որ դա իմը չէ, եւ եթե ես կինո չստեղծեմ, ապա կլինեմ աշխարհի ամենադժբախտ մարդը:
-Ո՞վ է կինոյում գլխավոր մարդը:
-Ամեն ինչ փոխկապակցված է: Ի՞նչ կարող է անել ռեժիսորը՝ առանց լավ թիմի: Դա հենց նրա խնդիրն է՝ գտնել լավ դերակատարների: Եթե դերասանը տապալում է իր դերը, կամ օպերատորը չի կարողանում իրականացնել իր առջեւ դրված խնդիրը, ուրեմն մեղավոր է միայն ռեժիսորը: Դերասանը լավ դերակատար է, սակայն կինոն ռեժիսորն է ստեղծում:
-Իսկ ի՞նչն է ավելի դժվար՝ սկսե՞լ, թե՞ պահպանել այն մակարդակը, որին հասել եք:
-Իհարկե, ամենասկզբում ամենադժվարն էր: Ես երբեւէ չեմ մտածում, թե ինչի եմ հասել: Հենց այն պահին, որ մտածեմ, կդադարեմ աշխատել եւ էլ որեւէ հետաքրքիր բան չեմ նկարահանի: Պարզապես պետք է կինո նկարել, անկեղծ լինել եւ սիրել այն, ինչ անում ես:
Ես ապրում եւ շնչում եմ նկարահանումից նկարահանում: Անվանակարգեր, մրցանակներ, փառատոններ, հարցազրույցներ՝ այս ամենը լավ է, սակայն ես իսկապես երջանիկ եմ այն ժամանակ, երբ աշխատում եմ: Նկարահանման պրոցեսն ինձ համար բացարձակ երջանկություն է: Ինձ համար կյանքը կինոն է, եւ ես ամեն ինչ տեսնում եմ կադրերով: Սա չափազանց հետաքրքիր է, սակայն երբեմն հոգնեցուցիչ է: Բայց ինչ անես, այլ կերպ ապրել ես չեմ կարող:
Զրուցեց Լենա Գեւորգյանը
Լուսանկարները`Մարիամ Լորեցյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: