Տոմիսլավ Նիկոլիչ. «Սերբիան կատարյալ ԵԱՀԿ Գործող նախագահ կլինի ԼՂ խնդրի լուծմանը նպաստելու համար» - Mediamax.am

exclusive
11289 դիտում

Տոմիսլավ Նիկոլիչ. «Սերբիան կատարյալ ԵԱՀԿ Գործող նախագահ կլինի ԼՂ խնդրի լուծմանը նպաստելու համար»

Տոմիսլավ Նիկոլիչը
Տոմիսլավ Նիկոլիչը

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը`


 

Հոկտեմբերի 11-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սերբիայի Հանրապետության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը: Այցից առաջ Մեդիամաքս-ը բացառիկ հարցազրույց է ունեցել Սերբիայի նախագահ հետ:

 

- Պարոն նախագահ, որո՞նք են լինելու ձեր այցի օրակարգի առանցքային հարցերը:

 

- Այցի ժամանակ հայ գործընկերների հետ կփորձենք մեր երկրների միջեւ համագործակցությունը բարելավելու ուղիներ գտնել: Երբ ասում եմ «բարելավել համագործակցությունը», նկատի ունեմ մեր տնտեսական համագործակցությունը, որովհետեւ մեր բարեկամ ժողովուրդների միջեւ հարաբերությունները ավանդաբար գերազանց են եղել: Այնուամենայնիվ, 2014 թ.-ի առաջին կիսամյակում Սերբիայի եւ Հայաստանի միջեւ առեւտրաշրջանառության ծավալը կազմել է մոտ 10 միլիոն ԱՄՆ դոլար՝ սա գովելի արդյունք չէ, եւ տնտեսական հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ կա:       

 

Մեր երկրների միջեւ առկա իրավա-պայմանագրային դաշտն այնքան էլ տպավորիչ չէ, դա մեզ մտահոգում է ու համապատասխան քայլեր ձեռնարկելու տեղիք տալիս: Մեզ հետաքրքրում են կոնկրետ առաջարկներ եւ նախագծեր, որոնց իրականացումը կարող է նպաստել թե՛ Սերբիայի, թե՛ Հայաստանի բարեկեցությանը: Սրանք են լինելու իմ այցի ընթացքում կայանալիք քննարկումների հիմնական թեմաները:  

 

 - Ձեր կարծիքով, տնտեսության ո՞ր ոլորտներում կարող են համագործակցել մեր երկրները, եւ ինչպե՞ս եք պատկերացնում տնտեսական կապերի ակտիվացումը:

 

-  Արդեն երկու տարի է, ինչ Սերբիան ակտիվ աշխատանք է տանում՝ բարելավելու իր բիզնես միջավայրը, եւ դրական փոփոխություններն ակնհայտ են, հատկապես արտասահմանյան ներդրողների կողմից մեր երկրի վարկանիշը գնահատելու ցուցանիշի տեսանկյունից:

 

Մենք ամուր դիրքեր ունենք հատկապես գյուղատնտեսության ու էներգետիկայի ոլորտներում:  Բարելավելով բիզնես միջավայրը՝ մենք լայնորեն բացում ենք մեր դռները օտարերկրյա ընկերությունների առաջ: Վերջիններս արդեն հետաքրքրություն են ցուցաբերում՝ ներդրումներ կատարելով մեր երկրում, եւ կարծում եմ, որ հայկական ընկերությունների համար եւս լավ հնարավորություններ կան:

 

Մյուս կողմից, Հայաստանը, որը շարունակաբար զարգանալով, հիանալի շուկա է մեր ընկերությունների համար: Ես վստահ եմ, որ միասին աշխատելով, կարող ենք ընդհանուր շատ ուղիներ գտնել՝ մեր տնտեսական համագործակցությունը խորացնելու համար:

 

- Բելգրադում Հայաստանի ԱԳ նախարարի հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ Սերբիայի արտաքին գործերի նախարարը Իվիցա Դաչիչը նշել էր, որ Սերբիան մտադիր է դեսպանություն հիմնել Երեւանում:  Ե՞րբ եք նախատեսում դա անել:

 

- Սա տեխնիկական խնդիր է, որը գտնվում է մեր երկրի ԱԳՆ լիազորությունների ոլորտում: Ամենակարեւորն այն է, որ առկա է կամք դա հնարավորինս շուտ իրագործելու համար: Համոզված եմ՝ բոլորս էլ կհամաձայնենք, որ խելամիտ չէ մեր հարաբերությունները կառավարել Աթենքում գտնվող մեր դեսպանությունների միջոցով:

 

- Սերբիայի նախորդ նախագահ Բորիս Տադիչի օրոք սերբ-ադրբեջանական հարաբերությունները բարձրացան ռազմավարական կապերի մակարդակի, ինչը, ոմանց կարծիքով, ետին պլան մղեց Երեւանի եւ Բելգրադի պատմական լավ հարաբերությունները: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:

 

-  Վերջին երկու տարում, ինչ ստանձնել եմ նախագահի պաշտոնը, արել եմ հնարավոր ամեն ինչ ՝ այնպիսի արտաքին քաղաքականություն ապահովելու համար, որը Սերբիայի դռները կբացի ողջ աշխարհի համար: Չեմ կարծում, որ Հայաստանի համար վատ է եղել այն, որ իմ նախորդը ցանկացել է հաստատել ավելի լավ հարաբերություններ Ադրբեջանի հետ: Այլ երկրների հետ հարաբերություններում Սերբիան գնում է իր նախորդի՝ Հարավսլավիայի հետքերով, եւ ունի միայն բարեկամներ: Աշխարհում կան շատ երկրներ, որոնց միջեւ առկա են լարված հարաբերություններ, բայց դրանք Սերբիայի համար բարեկամ երկրներ են:

 

Լավ չէ, որ նման հարաբերություններ դեռեւս հաստատված չեն մեր երկրների միջեւ:

Ափսոսում եմ դրա համար, քանի որ մենք անտեղի շատ ժամանակ ենք կորցրել: Բայց այժմ բոլորս լավ հնարավորություն ունենք ուղղելու այդ սխալը՝ ի նպաստ մեր ժողովուրդների:

 

- Սերբիայի ներկայացուցիչները բազմիցս շնորհակալություն են հայտնել Հայաստանին՝ Կոսովոյի հարցում դիրքորոշման համար:  Ինչպիսի՞ն է Սերբիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:

 

- Ինչպես մենք ցուցադրել ենք Կոսովոյի եւ Մետոխիայի հարցում, Սերբիայի դիրքորոշումն հետեւյալն է՝ աշխարհում գոյություն չունի այնպիսի հակամարտություն, որը հնարավոր չէ լուծել խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով:

 

Սերբիայի սկզբունքային դիրքորոշումն այն է, որ պետք է հարգվեն Մադրիդյան սկզբունքները, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը պետք է աջակցություն ստանան: Մնացած ամեն ինչ պարզապես ահավոր խառնաշփոթի նախաբան է, խառնաշփոթ, որը ճաշակեցինք մեր սեփական փորձով: Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Սերբիան կողջունի ցանկացած նախաձեռնություն, որը կբերի խնդրի խաղաղ կարգավորմանը եւ կբացառի ժողովուրդների տառապանքը եւ նոր զոհերը: Պատերազմը երբեք ոչ մի լավ բան չի տվել:

 

- 2015թ. Սերբիան նախագահելու է ԵԱՀԿ-ում: Արդյո՞ք ԼՂ կարգավորումը լինելու է Ձեր երկրի նախագահության առաջնահերթությունների թվում:

 

-  ԵԱՀԿ-ում նախագահության շրջանում Սերբիան ձգտելու է իր լիակատար աջակցությունը ցուցաբերել Եվրոպայում առկա բոլոր, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ արդյունավետ կարգավորմանը միջազգային իրավունքի եւ յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականության հարգանքի հիման վրա: Ունենալով լավ հարաբերություններ խնդրի (ԼՂ հակամարտության –խմբ.) մեջ ներգրավված երկու երկրների հետ՝ Սերբիան, հավանաբար, կատարյալ ԵԱՀԿ Գործող նախագահ կլինի, որը կարող է նպաստել խնդրի լուծմանը:

 

Տոմիսլավ Նիկոլիչի հետ զրուցել է Եկատերինա Պողոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին