Կառլոս Գոն. «Հայաստանը սփյուռքի միջոցով աշխարհի առջեւ բացվելու հսկայական ներուժ ունի» - Mediamax.am

exclusive
15281 դիտում

Կառլոս Գոն. «Հայաստանը սփյուռքի միջոցով աշխարհի առջեւ բացվելու հսկայական ներուժ ունի»

Կառլոս Գոնը
Կառլոս Գոնը

Լուսանկարը` http://indianautosblog.com/

Լուսանկարը`


Renault եւ Nissan ընկերությունների գլխավոր տնօրեն, Renault-Nissan դաշինքի ղեկավար Կառլոս Գոնի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքսին

 

Հանգստյան օրերին գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանի հրավերով Հայաստան այցելեց աշխարհի ամենահայտնի թոփ-մենեջերներից մեկը, Renault եւ Nissan ընկերությունների նախագահ եւ գլխավոր տնօրեն, Renault-Nissan դաշինքի ղեկավար Կառլոս Գոնը:

 

Բրազիլիայում ծնված ծագումով լիբանանցի Կառլոս Գոնը համաշխարհային ճանաչում ստացավ նրանից հետո, երբ Nissan-ը դուրս բերեց խորը ճգնաժամից՝ ծախսերի կրճատման կոշտ ծրագրի միջոցով:

 

Կառլոս Գոնը եղել է Դիլիջանում, այցելել է Հաղարծին, Գառնի եւ Գեղարդ, Մատենադարան, Գաֆեսջյան արվեստների Կենտրոն, Երեւանի կոնյակի գործարան:

 

Երեւանից մեկնելուց առաջ Կառլոս Գոնը համաձայնվեց պատասխանել Մեդիամաքսի հարցերին:

 

- Դուք Հայաստանում երկու օր անցկացրեցիք: Ինչպիսի՞ տպավորություններ ստացաք:

 

- Սա մասնավոր այց է՝ Ճապոնիա մեկնելու ճանապարհին: Վաղուց էի ցանկանում Հայաստան այցելել եւ իմ ընկեր Ռուբեն Վարդանյանի հրավերը շատ տեղին էր:

 

Ես լիբանանցի եմ, իսկ Լիբանանում կա մեծ հայկական համայնք, ուստի ծանոթ էի հայկական խոհանոցին, սովորույթներին, լեզվին: Շատ երկրներում ունեմ հայ ընկերներ: Սակայն սա իմ առաջին այցն էր Հայաստան, եւ տպավորություններս շատ են տարբերվում նրանից, ինչ ես ակնկալում էի տեսնել:

 

- Ինչու՞:

 

- Նախեւառաջ, Երեւանը ակնկալածիցս շատ ավելի ժամանակակից քաղաք է: Զբոսնեցի քաղաքի կենտրոնում, այդ թվում՝ Հանրապետության հրապարակում, որտեղ տեղակայված են թանգարանները: Շատ հավանեցի Գաֆեսջյան արվեստների կենտրոնը: Ինձ դուր եկան քաղաքի շենքերը, սրճարանները եւ ռեստորանները: Քաղաքում շատ է երիտասարդությունը, եւ Երեւանը շատ ավելի աշխույժ է, քան ես պատկերացնում էի: 

 

Ինձ զարմացրեց նաեւ բազմազանությունը: Դիլիջան էինք գնում, եւ թունելից դուրս գալուց անմիջապես հետո բնապատկերն այնպես կտրուկ փոխվեց, որ մի պահ թվաց, թե հայտնվել եմ ուրիշ երկրում: 

 

Երրորդ գործոնը, որի մասին ենթադրություններ ունեի, հայկական սփյուռքի ներգրավվածությունն է երկրի զարգացման մեջ, նրա օգնությունը Հայաստանին՝ բոլոր հնարավոր միջոցներով: Զգացի, որ մեծ հոգատարություն եւ աջակցություն է դրսեւորվում հայերի նոր սերնդի նկատմամբ, որի ներկայացուցիչները հետագայում զբաղվելու են երկրի եւ տնտեսության զարգացմամբ: Հայաստանում տեսա սփյուռքի ներկայացուցիչների կողմից իրագործված խոշոր նախագծեր:

 

- Դուք այցելեցիք UWC Dilijan դպրոց, որը ստեղծվել է Ռուբեն Վարդանյանի, Վերոնիկա Զոնաբենդի եւ նրանց ընկերների եւ գործընկերների ջանքերով: Ի՞նչ եք մտածում այդ դպրոցի հեռանկարների մասին:

 

- Ինձ ապշեցրեց գաղափարը՝ ամբողջ աշխարհից հավաքված երիտասարդ տաղանդները սովորելու են այնպիսի համակարգում, որը թույլ կտա նրանց հարստացնել միմյանց: Շատ են տպավորում նաեւ ակադեմիական մակարդակը, ինչպես նաեւ հիանալի բնությունը:

 

Դպրոցի ստեղծումը հիանալի գաղափար է, քանի որ Հայաստանում բավականաչափ բնական ռեսուրսներ չկան: Երկրի գլխավոր ռեսուրսը նրա մարդկային ներուժն է, եւ այդ առումով կրթությունը առաջնային է դառնում: Այն ամենն, ինչը կարող է կրթության բնագավառում չափանիշներ ստեղծել եւ նպաստել Հայաստանի հանդեպ  միջազգային հանրության հետաքրքրության աճին, լավ է ձեր երկրի համար:

 

- Շատերն ասում են, որ Հայաստանի եւ Լիբանանի միջեւ շատ ընդհանրություններ կան: Մասնավորապես՝ բարդ հարեւանները եւ աշխարհաքաղաքական դժվարությունները:

 

- Այո, որոշակի նմանություններ կան, սակայն կան նաեւ տարբերություններ:

 

Առաջին նմանությունը դա Սփյուռքն է, որն առավելություն է ինչպես Հայաստանի,այնպես էլ Լիբանանի համար: Ինձ պատմեցին, որ աշխարհում ապրում է 8-9 մլն հայ եւ նրանցից միայն երեք միլիոնն է բնակվում Հայաստանում: Ինչ վերաբերում է լիբանանցիներին, նրանց ընդհանուր թիվը կազմում է մոտ 20 մլն, եւ միայն չորս միլիոնն է ապրում Լիբանանում: Լիբանանյան սփյուռքի ներկայացուցիչները տնտեսության գլխավոր աջակիցներն են. նրանք ներդրումներ են կատարում, գնում են անշարժ գույք եւ հողատարածքներ:

 

Երկրորդ ընդհանրությունը պատմությունն է: Հայաստանն ունի դարավոր պատմություն, հնագույն քաղաքակրթություն, եւ շատ հայեր կարող են մտովի մի քանի հազար տարի հետ տեղափոխվել եւ պատմել իրենց երկրի պատմությունը:  Նույնը վերաբերում է Լիբանանին: Պատմության ընթացքում Հայաստանն ու Լիբանանը ապրել են բազում ողբերգական եւ երջանիկ պահեր եւ դա օգնում է ազգի բնավորության կայացմանը:

 

- Ռուբեն Վարդանյանը սիրում է կրկնել, որ 21 դարում գլխավոր ակտիվը մարդիկ են: Համաձա՞յն եք այդ մտքի հետ: Ինչպե՞ս է պետք տնօրինել այդ «ակտիվը»:

 

- Այո, դա ակնհայտ է: Դուք չունեք նավթ, խոշոր գյուղատնտեսություն, ելք դեպի ծով: Ձեր գլխավոր ակտիվը մարդիկ են: Հայերը հայտնի են ողջ աշխարհում ամենատարբեր բնագավառներում՝ արվեստներ, գիտություն, արհեստներ: Ինչպե՞ս օգտագործել այդ առավելությունը: Առաջնայինը կրթությունն է: Ոչ միայն դպրոցները եւ համալսարանները, այլեւ կրթական չափանիշների բարձրացումը: Երկրորդը՝ ձեռքբերված գիտելիքների կիրառությունն է: Միայն կրթությունը բավարար չէ, անհրաժեշտ է վարժեցնել մարդկանց փորձի միջոցով եւ ներդնել սպասարկման չափանիշներ՝ տուրիստական եւ այլ բնագավառներում: Այդ ամենը կարող է կազմակերպվել միջազգային մակարդակով, քանի որ Հայաստանը աշխարհի առջեւ բացվելու հսկայական հնարավորություն ունի՝ իր սփյուռքի միջոցով: 

 

Կառլոս Գոնի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին