Ռուբեն Աթոյան. «Հուսով եմ, քարտեզը թույլ կտա զգալ Երեւանի աուրան» - Mediamax.am

exclusive
10149 դիտում

Ռուբեն Աթոյան. «Հուսով եմ, քարտեզը թույլ կտա զգալ Երեւանի աուրան»

Ռուբեն Աթոյանը
Ռուբեն Աթոյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը`


Մեդիամաքս-ի աջակցությամբ հրատարակվել է Երեւանի ռելիեֆային գեղարվեստական քարտեզը անգլերեն եւ ռուսերեն լեզուներով` պատի եւ գրպանի տարբերակներով:

 

Քարտեզի գրպանային տարբերակը Հայաստանի հյուրերին կբաժանվի Երեւանի հյուրանոցներում:

 

Երեւանի բնակիչները քարտեզները կարող են մատչելի գներով ձեռք բերել «Բուկինիստ», «Նոյան Տապան» եւ «Արթբրիջ» գրախանութներում: 

 

Մեդիամաքս-ը զրուցել է քարտեզի հեղինակի` Ռուբեն Աթոյանի հետ:

 

- Ե՞րբ ծնվեց Երեւանի գեղարվեստական եռաչափ քարտեզը ստեղծելու գաղափարը:    

 

- Երեւանի պանորամային քարտեզը` որպես քաղաքի 20-րդ դարավերջի վերջին փաստագրված պատկեր ստեղծելու գաղափարը ծնվել է 1999 թվականին: Նախագիծը նվիրված էր Քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակին: 

 

- Որքա՞ն ժամանակ պահանջվեց ծրագրի իրականացման համար, եւ այդ գործում ի՞նչն էր հատկապես դժվար:

 

- Աշխատանքը մեկնարկեց 2000թ. աշնանը եւ ավարտվեց 2001թ. գարնանը: Հիմնական բարդությունը կայանում էր նրանում, որ չկային հանրային օգտագործման ճշգրիտ պլաններ եւ օդալուսանկարներ: Քաղաքի եռաչափ պատկերը հավաքվում էր շենքերի էսքիզների, փողոցների երկայնքով եւ բարձրահարկ շինություններից (օրինակ, շենքերի տանիքներից) կատարվող լուսա- եւ տեսանկարահանումների միջոցով:  

 

Քարտեզն առաջին անգամ ցուցադրվեց 2001թ. մայիսին Երեւանի Նկարիչների տանը՝ իմ անհատական քարտեզագրական ցուցահանդեսում: 

 

- Երեւանը վերջին տարիներին շատ է փոխվել, եւ որոշ շենքեր ու կառույցներ, որոնք կային Ձեր քարտեզի առաջին տարբերակներում, այսօր այլեւս չկան: Ի՞նչ կասեք այդ մասին: 

 

- Ինչպես նշեցի, Երեւանի իմ համայնապատկերը քարտեզագրական փաստաթուղթ է, որը պահպանել է 20-րդ դարավերջի քաղաքի կենտրոնի բոլոր շինությունները: Նույնիսկ նախորդ դարի 60-ական թվականներին Երեւանը բացարձակ ուրիշ էր` ամբողջապես կառուցված հայկական բազմագույն տուֆից: Սակայն ավելի ուշ թաղամասերի ներսում ի հայտ եկան բետոնե բարձրահարկ շենքերը, որոնք մեծապես փոխեցին քաղաքի տեսքը:      

 

Մի քանի տասնամյակ տեւած դադարից հետո դարասկզբին կենտրոնում սկսվեց բուռն շինարարություն, եւ այդպիսին է շատ մեգապոլիսների ճակատագիրը. քանդվում են հին, խարխուլ կառույցները, փոխարենը կառուցվում են նորերը` հիմնականում ապակուց եւ բետոնից:

 

 

Դա հակասական զգացողություններ է առաջացնում: Մի կողմից, ցանկալի է, որ քաղաքը դինամիկ զարգանա, մյուս կողմից, այն կորցնում է իր բացառիկ տեսքը, որը բնորոշ էր միայն Երեւանին:  

 

- Քարտեզը ստեղծվել է, հրատարակվել եւ հասանելի կլինի ինչպես զբոսաշրջիկներին, այնպես էլ Երեւանի բնակիչներին: Ինչպիսի՞ զգացողություններ ունեք այդ կապակցությամբ:

 

- «Անիվ» ամսագրի ընկերոջ`Արտեմ Կոնստանդյանի աջակցությամբ մեզ հաջողվեց թարմացնել Երեւանի քարտեզը. ներկայացված է 2013թ. վերջի համայնապատկերը: Դրանով քարտեզը ստացավ «կյանքի նոր ուղեգիր»: Կցանկանայի նշել տպագրության բարձր որակը, ինչը հատկապես կարեւոր է նմանատիպ գեղարվեստական-քարտեզագրական պատկերների համար: Ուրախ եմ, որ Երեւանի պանորամային քարտեզը հասանելի կլինի քաղաքի բնակիչներին եւ զբոսաշրջիկներին, ովքեր, հուսով եմ, «կզգան» քաղաքի աուրան եւ մթնոլորտը:

     

- Պատմե´ք մեզ այլ գեղարվեստական քարտեզների մասին, որոնք Դուք ստեղծել եք կամ նախատեսում եք ստեղծել:

 

- Ես հեղինակել եմ շուրջ 100 պանորամային քարտեզագրական պատկերներ` արված 1987-2014թթ.: Դրանք պատմական կենտրոնների, քաղաքների, կղզիների, հանգստյան գոտիների, ամրոցների եւ ճարտարապետական հուշարձանների համայնապատկերներն են` Վենետիկի, Վատիկանի, Բեռլինի, Բեռնի, Ցյուրիխի, Երուսաղեմի, Վարշավայի, Կրակովի, Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Ռիգայի, Վիլնյուսի, Մինսկի, Կիեւի, Լվովի, Աստանայի, Լարնակայի, Կիպրոսի, Ղրիմի, Սիցիլիայի, Անգկոր-Վատ (Կամբոջա) համալիրի, Ուկրաինայի եւ Բուլղարիայի հանգստավայրերի, Լիտվայի, Լեհաստանի, Բելառուսի ամրոցների եւ այլն: Դրանց մեծ մասը հրատարակվել է:

   

Բացի Երեւանից ու Էջմիածնից, ստեղծվել են նաեւ Հայաստանի շրջանաձեւ համայնապատկերը, «Հայերը Իտալիայում», «Հայկական ձեռագիր մշակույթի կենտրոնները», «Հայերը Ղրիմում» քարտեզները (վերջին երկուսը` համահեղինակությամբ):

 

Վերոնշյալ բարերարը օժանդակել է նաեւ «Արցախի պանորամային պատկերազարդ քարտեզի» ստեղծման ծրագիրը, որի հրատարակումը նախատեսված է այս տարի: Մի շարք այլ նախագծեր (հայկական գաղթօջախների, Հայաստանի քաղաքների, Շուշիի, Անիի, Կարսի վերակառուցման քարտեզները) նախատեսվում է իրականացնել առաջիկա տարիների ընթացքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին