Աղասի Մարգարյան. Իմ կինն իմ ընկերն է - Mediamax.am

1952 դիտում

Աղասի Մարգարյան. Իմ կինն իմ ընկերն է


Լուսանկարը`


Չեմ հիշում այն տարին, եղանակը և առավել ևս օրը, երբ ծանոթացա նրա հետ։ Հանրակացարանային  էժանագին օղու անթույլատրելի չափաքանակից առաջացած խումհարի մեջ հիշողություններիս այդ շերտը լղոզված էր։

 

Չէի էլ կարող երբևէ պատկերացնել, որ խորամանկ ժպիտով այդ աղջիկը դառնալու էր իմ շարունակությունը։ Իսկ ժպիտն ընկալում էի որպես դժվար թաքցվող մեծամտության արտահայտություն։ Սխալվում էի։ Չնայած այս սխալն հասկացա արդեն տարիներ անց։

 

Մեր հանդիպումը սեր չէր ՝ ոչ առաջին, ոչ էլ երկրորդ ու երրորդ հայացքից։ Սիրո համար տարիներ պահանջվեցին: Ընդամենը   զրույց էր Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայի» և Քամյուի «Անկումի» մասին։

 

Երևի թե հետաքրքիր զրույց էլ չէր, քանի որ բառ անգամ չեմ հիշում։ Ծանոթությունը սակայն շարունակվեց ու վերածվեց  ընկերության։ Ուզում էինք հավատալ, որ այնուամենայնիվ հնարավոր է տղամարդու և կնոջ միջև զուտ ընկերություն, որը երբեք չի վերածվի սիրո կամ ատելության։ Չհաջողվեց։

 

Իմ կինն իմ ընկերն է․ մտածում եմ բառերի մասին  ու կասկածում՝ արդյոք մի քանի բառի մեջ  կարող է տեղավորել այն աշխարհը, որն ստեղծվել է իմ կյանքում՝ նրա գոյությամբ։ Ես վախենում եմ բառերից՝  բառերը  հաճախ ծուղակներ են, որոնք պարզունակ են դարձնում այն, ինչ զգում ես։

 

Ես չեմ կարող բառերով նկարագրել, թե ինչպես ծնվեց մեր առաջնեկը, ինչպես սոցիալական պայմանների կամ ավելի ճիշտ այդ պայմանների բացակայության հարկադրանքով, միայնակ թողնելով կնոջս ու 5 ամսեկան որդուս, մեկնեցի Մոսկվա՝ «խոպան», թե ինչպես իր ամբողջ էությամբ դեմ լինելով՝ պաշտպանեց որոշումս,  ինչպես վերադարձա՝  այլևս երբեք նրան ու նրանց մենակ չթողնելու ներքին համոզմամբ։ 

 

Չեմ ուզում պատմել մեր կենցաղային ու ավելի բարդ դժվարությունների հաղթահարման մասին, չեմ ուզում խոսել վարձով բնակարանի անհարմամարության ու էլի հազար ու մի հոգսերի մասին, որոնք վաղուց արդեն սովորական են դարձել ու որոնց լուծման մեջ էլ հերոսական կամ ռոմանտիկ ոչինչ չկա։

 

Եվ  առավել ևս` ես չեմ ուզում իմ կնոջ մասին խոսել միայն այս ու այն դժվարության հաղթահարման կապակցությամբ , քանզի իմ կնոջ և կարծում եմ նաև ցանկացած կնոջ համար վիրավորական կլինի, եթե ամուսինն՝   իրեն օգնելու համար շնորհակալ լինի,   ինչպես կարող եմ իմ կնոջը կոչել ինձ ընկեր, սատար, իմ ընտանիք,  իմ ամբողջություն, եթե նրա առաքինությունն  ու առաքելությունը միայն  ինձ օգնելու կամ աջակցելու մեջ եմ տեսնում։ Մի՞թե կինը միայն ամուսնուն օգնելու համար է ստեղծված։

****

Նա իմ աշխարհի երկրորդ բևեռն է, որն հավասարակշռում է մեզ, երբեմն հակազդում,  երբեմն էլ ընդդիմանում, մեկ-մեկ էլ՝ վիճում և այս բազմազանությունն է ձևավորվում  այն առանցքը, որի շուրջ պտտվում է մեր կյանքը, մեր առօրյան՝ մանր ու մեծ հոգսերով, խնդիրներով, ձեռքբերումներով ու երբեմն էլ կորուստներով։

 

Իմ կինն իմ ընկերն է․ ու կրկին կասկածում եմ, արդյոք ընկեր բառը կարող է ընդգրկել ու արտահայտել  իմ ու իմ  կնոջ ընկերության համապարփակությունը, խորությունը, ներքին կռիվն ու անբեկանելի համերաշխությունը։ Երբևէ կարո՞ղ եմ, «իմ կինը» բառակապակցությունից  հետո վստահ կերպով գրել այն գոյականը, կամ խոսքի որևէ այլ մասը, որը կլինի վերջնական ու աներկբա։ Եվ ուզու՞մ եմ արդյոք գտնել այդ բառը։

 

Բառերը շարունակում են խանգարել։ «Իմ կինը» ․․․ Գիտակցումը  բառերից անդին է, անգամ հույզերից ու զգացմունքներից, որովհետև նա իմ կենսաձևն է՝ առանց պաթոսի ու գեղեցիկ, երբեմն էլ ճոռոմ արտահայտությունների։ Իմ կինն իմ մարտահրավերն է, իմ հաղթանականած մարտահրավերը՝ ինքս ինձ և աշխարհին։ Եվ այդ «իմ»-ը ոչ թե իրերի վիճակ է, այլ  մշտապես չդադարող գործընթաց է` սիրո, աջակցության, ընկերության և ապրելու։ «Իմը» միշտ պաշտպանության կարիք ունի բոլոր տեղերում և ժամանակներում որովհետև «իմ կինը․․․»  դուրս է տարածության և ժամանակի չափումներից, որովհետև ամուսնական միասնության մեջ ժամանակն այլ կերպ է հոսում, իսկ տարածությունը` այլ չափումներ ստանում։

***

Նոյեմբերյան սովորական ու անշուք  մի երեկո, երբ անհասկանալի մի քմահաճույքով ուզում ես, հենց այնպես, մի քիչ վիճել կնոջդ հետ, մի քիչ նեղանալ ՝առանց պատճառի, մի քիչ ուշադրություն խնդրել, հասկացա, որ այլևս մենք չենք կարողանում նույնիսկ վիճել, չի ստացվում նեղանալ ու խռովել, մնում էր միայն ծիծաղել՝ միասին, համերաշխ ու լիաթոք։

 

Իմ կինն իմ աշխարհի առանցքն է․․․

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին