Արթուր Հովհաննիսյան. Իմ կինն իմ ընկերն է - Mediamax.am

5986 դիտում

Արթուր Հովհաննիսյան. Իմ կինն իմ ընկերն է


Լուսանկարը`


Ես ապրում էի երկու աշխարհում: Աշխարհ առաջինում հիմա հին, բայց լուսավոր ու հարազատ պատուհաններ կան, փայտյա սովետական դուռ ու գետնին փռած գունավոր, բայց ժամանակին ճաշակով խալիներ, նոր հեռուստացույց՝ տեղադրված մաշված ու արդեն ճաքճքաց սերվանտի վրա, երկաթյա ճաղերով վանդակ՝ իր փոքրիկ ու կանաչ բնակիչ թութակով, որի անունը դեռ չեմ էլ որոշել: Համար մեկ աշխարհում է ապրում աղջիկս՝ երկու տարեկան Եվան, որը վերջերս արդեն  «պապա ջան» է ասում, իմ սիրելի ու հարազատ աշխարհում է ապրում նաև նա՝ Մարիամը. նա իմ կինն է, իսկ դրանից առաջ այդ աշխարհում ապրում էի միայն ես:

 

Երկրորդ աշխարհում մութ էր: Այն սկսվում էր փայտյա սովետական դռան այն կողմից: Մյուս աշխարհն անհամեմատ մեծ էր, բայց չափսերով: Այնտեղ ապրում էին իմ վախերը, ցանկություններն ու սխալները: Յուրաքանչյուր անգամ դռան այն կողմում հայտնվելուն պես ինձ կանչում էր այն ամենը, ինչ չկար առաջինում, իսկ չկաները շատ էին: Ժամանակի ընթացքում ես հասկացա, որ արդեն վաղուց ապրում էի մի աշխարհում, որտեղ ես էլ չկայի, ու չկային նաև ցանկություններս, որոնք սխալների պատճառ էին դարձել ու վերածվել վախերի: Ինձ համար հարազատ էր միայն իմ ներկայությունը: Ինձ հետ ես խոսում էի, ինձ վրա բարկանում ու ինքս ինձ հայհոյում: Այդ ժամանակ իմ ընկերը իմ «ես»-ն էր:

 

Նա սև մազեր ուներ, իմ աչքերի նման աչքեր, ցրտից կարմրած այտեր, իսկ գլխին մի գլխարկ էր, որն առաջին հայացքից կարող էր տարօրինակ թվալ: Մենք ծանոթացանք: Մեկ շաբաթ անց հասկացա, որ արդեն երեք օր է «Ես»-ի հետ չեմ խոսել, ինքն էլ ինձ ոչինչ չի ասել. ես արդեն ուրիշի հետ էի խոսում, նրան էի պատմում գաղտնիքներս, ու նա էր բարկանում ինձ վրա: Նա եկավ ու խառնեց աշխարհներս: Այդ ժամանակից ի վեր փայտյա դռան հետևում չեն այլևս սխալներս ու վախերս. դրանք արդեն վաղուց կորել են, իսկ ցանկություններս ներսում են՝ իմ առաջին ու միակ աշխարհում:

 

Հիմա իմ հին ընկեր «Ես»-ին դժվարությամբ եմ  հիշում, նրան փոխարինել է նա՝ Մարիամը, իմ կինը, իմ ընկերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին