Մուշեղ Բաբայան. Իմ կինն իմ ընկերն է - Mediamax.am

3903 դիտում

Մուշեղ Բաբայան. Իմ կինն իմ ընկերն է


Լուսանկարը`


Ծանոթացանք համացանցում։ Այո, այո` համացանցում։ Պատահեց այնպես, որ ունեինք բոլորովին տարբեր հետաքրքրություններ, սակայն այդ հետաքրքրությունների վերաբերյալ նույնանման ընկալումներ։ Ու հենց այդ պարադոսքն էլ միմյանց հետ շփվելու ցանկությունը օրեցօր մեծացնում էր։

 

Երբեմն ես շեղվում էի մեզ կապող պարադոքսից` փորձելով սիրահարվել զրուցակցիս, սակայն ի տարբերությու ինձ` նա մշտապես սթափ էր ու թույլ չէր տալիս դուրս գալ անչափ հետաքրքիր պարադոքսալ կապի շրջանակներից։ Մի անգամ մենք նույնիսկ պայման կապեցինք` ըստ որի ես պարտավորվեցի այլևս սիրահարվելու փորձեր չանել և ինձ դրսևորել բացառապես որպես լավագույն ընկեր (այսինքն անջատել հոգիս ու դառնալ ռոբոտ)։

 

Այսպես սկսվեց միմյանց ճանաչելու երկարատև ուղին։ Մենք միասին նկարչությամբ էինք զբաղվում (ինքը լավ է նկարում, ես` ծիծաղելի), երաժշտություն էինք լսում, երբեմն էլ երգում։ Մեր երաժշտական նախասիրություններն էլ են էականորեն տարբերվում իրարից։ Երաժշտության ընկալումը մեզ մոտ միանշանակ է միայն Ռուբեն Հախվերդյանի վերաբերյալ։ Մնացյալ դեպքերում նույն պարադոքսային կապի մեջ ենք։

 

Ժամանակն ու Հախվերդյանը իրենց գործն արեցին և ես ի վերջո խախտեցի զինադադարի վերաբերյալ վերոնշյալ պայմանագիրն ու առանց պատերազմ հայտարարելու հարձակվեցի։ Հակառակորդը փորձեց դիմադրել, սակայն ես իմ խորամանկությամբ կարողացա գրավել բարձունքը, քանի որ ռազմավարությունս ճիշտ էր։

 

Պայմանագիրը կնքելու պահին իսկ ես գիտեի, որ մի օր խախտելու եմ այն։ Դա ուղղակի ռազմավարական քայլ էր, որով ես սիրտը գրավելու մտադրությունը ժամանակավորապես հետաձգում էի` միտքը գրավելու հստակ վճռականությամբ։

 

Նա այդպես էլ չիմացավ, որ իրականում իր սրտի դռները բացվեցին, քանի որ միտքը վաղուց գրավված էր։ Այս տողերը կարդալուց հետո կիմանա, բայց չի նեղանա` չէ որ նա իմ ընկերն է։

 

Իսկ այն, որ իմ կինն իմ ընկերն է կանխորոշված էր դեռ վաղուց։ Չէ՞ որ մինչ ամուսիններ լինելը` մենք պայանագիր էինք կնքել` ըստ որի հավերժապես լավ ընկերներ ենք լինելու։ Եթե ֆիլմերում միմյանցից բաժանվելու պահին են որոշում մնալ ընկերներ, ապա մենք սկզբում որոշեցինք մնալ ընկերներ և միայն հետո ամուսնացանք։ Ահա թե ինչու իմ կինը վաղուց իմ ընկերն է և ահա թե ինչու մեզ երբևէ չի կարող սպառնալ բաժանումը։

 

Պետք է խոստովանեմ, որ այդ փաստը ես գիտակցել եմ համատեղ ամուսնական կյանքի տարիների ընթացքում։ Սկզբնական` սիրահարվածության, շրջանում գերակշռում են պոետիկ, ռոմանտիկ զգացմունքները, իսկ ընկերությունը դրսևորվում է ժամանակի ընթացքում։

 

Այդ ընկերությունը առավել զգալի դարձավ, երբ ես սկսեցի ապրել Հայաստանի սահմաններից դուրս։ Հենց այդ ժամանակ է, երբ ընկեր ունենալու մեծ պահանջ ես զգում։ Կտրուկ փոխվում է կյանքդ, երբ փոխում ես բնակավայրդ, որտեղ գրեթե անվերջ շրջապատված ես ուսանողական, աշխատանքային կամ բանակային ընկերներով։

 

Եվ ահա հենց այդ ժամանակ էր, որ ընկեր ունենալու կարիքը ավելի քան մեծ էր։ Ուզում եմ, որպեսզի սխալ չընկալվի` կինս ոչ թե փոխարինեց ընկերներիս, որոնց կարիքն ունեի և հիմա էլ ունեմ, այլ դարձավ իմ ևս մի նոր ընկերը։

 

Այս նյութը գրում եմ որպես ևս մեկ սիրո խոստովանություն` այս անգամ հրապարակային։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին