Տարոն Սիմոնյան. երիտասարդները պետք է օգտվեն անցումային շրջանի մեծ հնարավորություններից - Mediamax.am

exclusive
7339 դիտում

Տարոն Սիմոնյան. երիտասարդները պետք է օգտվեն անցումային շրջանի մեծ հնարավորություններից

Մեր առանձնահատկություններից է այն, որ հին ազգի ներկայացուցիչ լինելով՝ մեր մեջ կարող ենք մի ամբողջ պատմական հիշողություն պարփակել եւ դրանից դասեր քաղել:

Տարոն Սիմոնյանը եւ Ասո Թավիթյանը՝ դիպլոմը ստանալիս
Տարոն Սիմոնյանը եւ Ասո Թավիթյանը՝ դիպլոմը ստանալիս

Լուսանկարը` անձնական արխիվից:

Ֆլեթչերի դասախոս, ԱՄՆ-ում ՀՀ առաջին դեսպան Ռուբեն Շուգարյանի եւ ժամանակակից միջազգային իրավունքի պրոֆեսոր պրն. Գլենոնի հետ
Ֆլեթչերի դասախոս, ԱՄՆ-ում ՀՀ առաջին դեսպան Ռուբեն Շուգարյանի եւ ժամանակակից միջազգային իրավունքի պրոֆեսոր պրն. Գլենոնի հետ

Լուսանկարը` անձնական արխիվից:

2009թ. Ֆլեթչեր մեկնած խումբը՝ դեկանի եւ ակադեմիական անձնակազմի հետ
2009թ. Ֆլեթչեր մեկնած խումբը՝ դեկանի եւ ակադեմիական անձնակազմի հետ

Լուսանկարը` անձնական արխիվից:

Ֆլեթչերի այգում տեղակայված հրանոթը ՀՀ անկախության օրվան ընդառաջ ներկվել է եռագույն
Ֆլեթչերի այգում տեղակայված հրանոթը ՀՀ անկախության օրվան ընդառաջ ներկվել է եռագույն

Լուսանկարը` անձնական արխիվից:

Վաշինգտոնում
Վաշինգտոնում

Լուսանկարը` անձնական արխիվից:

Նյու-Յորքում՝ ՄԱԿ-ի գլխամասի դիմաց
Նյու-Յորքում՝ ՄԱԿ-ի գլխամասի դիմաց

Լուսանկարը` անձնական արխիվից:


Մեդիամաքս-ը շարունակում է Get Back! հատուկ նախագիծը, որն իրականացվում է Հայկական Գիտական Համագործակցություն (ARMSCOOP) ցանցի հետ համատեղ:

 

Նախագծում ներկայացվող մարդիկ պատմում են արտասահմանում ուսանելու եւ ապրելու դժվարությունների եւ առավելությունների, ինչպես նաեւ Հայաստան վերադառնալու դրդապատճառների մասին:

 

Տարոն Սիմոնյանը իրավաբան է: Կրթություն է ստացել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում եւ ԱՄՆ Թավթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում: «Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ընկերության գլխավոր տնօրենն է, ինչպես նաեւ Միջազգային եւ համեմատական իրավունքի հայկական կենտրոնի համահիմնադիրը: 2010 թ-ից ԵՊՀ պետության եւ իրավունքի տեսության եւ պատմության ամբիոնի դասախոս է:

 

2009 թ-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան ավարտելուց հետո ընտրության առջեւ էի` ի՞նչ անել, ինչպե՞ս շարունակել ուսումս. ի վերջո, գիտահետազոտական աշխատանքս շարունակեցի ասպիրանտուրայում, միեւնույն ժամանակ, հաճելի պատահականությամբ ընդունվեցի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոց, ինչն ինձ համար մեծ անակնկալ էր` հատկապես 22 տարեկան հասակում: Դրանով մեծ հնարավորություններ էին բացվում` նորը բացահայտելու, գիտելիքներս առավել որակյալ դարձնելու, նաեւ նոր կրթական մշակույթին ծանոթանալու առումով: Բացի այն, որ մեծ եռանդով փորձեցի «ձուլվել» նոր կրթական մշակույթին եւ քաղել այն առավելագույնը, ինչն այնտեղ ինձ կարող էին տրամադրել, միեւնույն ժամանակ, փորձեցի բացահայտել, թե ինչ թաքնված հնարավորություններ ունի այդ կրթական միջավայրն ընդհանրապես եւ իրավագիտական հետազոտական ոլորտը` մասնավորապես: Կարծում եմ, դա ինձ հիմնականում հաջողվեց, որովհետեւ, չսահմանափակվելով եղած ծրագրի շրջանակներում դասախոսությունների յուրացումով, հնարավորություն ստացա մասնակցելու ինչպես Ֆլեթչերի դպրոցի, այնպես էլ Հարվարդի համալսարանի առանձին դասընթացների եւ ավելի համալիր կրթություն ստանալ, ինչը ինձ մեծապես օգնեց վերադառնալուց հետո:

 

Անգլո-սաքսոնական կրթական համակարգում չափազանց շատ է տրամադրվում պրակտիկային ուղղված կրթություն: Երբ փորձում էինք հասկանալ, թե, օրինակ, միջազգային իրավունքի կամ միջազգային քաղաքականության, դիվանագիտության մեջ տեղի ունեցած զարգացումներն ինչ հիմքեր ու օրինաչափություններ ունեն, նման բարձր տեսական մակարդակում դասախոսների պատասխանները մեզ շատ դեպքերում զարմացնում էին, որովհետեւ կարծես չէին ցանկանում, որ այդ ներքին, բարդ օրինաչափություններն ամբողջությամբ հասանելի լինեին մեզ: Այս առումով մենք շատ հաճախ հանդիպում էինք մի անհասանելի տեղեկատվական պատի, որից այն կողմ տեղեկատվություն ստանալը գրեթե անհնար էր. դա վերաբերում է ոչ միայն դասախոսություններին, այլեւ մասնագիտական գրականությանը. այնտեղ ստանում ես գրեթե ամեն ինչ իրավական, քաղաքական, դիվանագիտական գործընթացի վերաբերյալ, դրա լավագույն մասնագետն ես դառնում, բայց բովանդակային առումով այդ գործընթացների հիմնական պատճառները եւ պայմանները մինչեւ վերջ չես գիտակցում:

 

Կարծում եմ, մեզ մոտ՝ Հայաստանում, մյուս ծայրահեղությունն է. ավելի շատ տեսական մակարդակում ենք խորանում` գործընթացն անուշադրության մատնելով: Այդ առումով լավագույն արդյունքը, որ կարելի է քաղել, կլինի այն, որ պետք է լրացնել արդեն գոյություն ունեցածը, մասնավորապես, անգլո-սաքսոնական կրթական համակարգից: Այսինքն, ունենալով տեսական հետազոտական հնարավորություն, նաեւ գործընթացի վերաբերյալ մեր հետազոտական հնարավորությունները զարգացնենք:

 

Ֆլեթչերի դասախոս, ԱՄՆ-ում ՀՀ առաջին դեսպան Ռուբեն Շուգարյանի եւ ժամանակակից միջազգային իրավունքի պրոֆեսոր պրն. Գլենոնի հետ

Լուսանկարը` անձնական արխիվից

 

Մեր շատ ուսանողներ, երբ հոգեբանորեն պատրաստված չեն գնում սովորելու, նրանց վրա օտար մշակույթի հոգեբանական ազդեցությունը շատ մեծ է լինում, ու նրանք գրեթե կուրորեն հավատում են այդ մշակույթի լավագույնը լինելուն: Սա, կարծում եմ, մի քիչ սխալ է ու վտանգավոր, քանի որ այդկերպ մոռանում ենք մեր կրթական մշակույթի տված հնարավորությունների արդյունավետ կողմերը: Նրանց մշակույթն է ուղղակի այդպիսին, նրանք ցանկանում են, որ քո միջոցով իրենց մշակույթը տարածվի, իսկ եթե դու գիտակցում ես, որ կարող ես մշակութային «գործիք» լինել, ապա նույնքան հաջողությամբ խուսափում ես գործիք լինելուց եւ, ընդհակառակը, հնարավորություն ես ստանում օտար մշակույթն օգտագործել արդեն քո սեփականը հարստացնելու համար:

 

Կարծում եմ, գիտակցելով իր տեղը, միաժամանակ՝ ճանաչելով իրեն, իր «առաքելությունը» հասարակության համար` անհատն արդեն ինքնուրույն կորոշի` ինչպես կրթվել եւ իր ստացածը օգտագործել որոշակի գործառույթի համար: Այստեղ կարեւոր է նաեւ պետության դերակատարությունը, որը դիպվածային չպիտի լինի: Սա ալտրուիզմի քարոզ չէ, եւ ես հեռու եմ այն մտքից, որ պետք է ամբողջությամբ նվիրվենք հասարակությանը՝ մոռանալով անհատական նպատակների մասին: Շատ կարեւոր է հասկանալ, որ, ի վերջո, հասարակությունն օգուտ է քաղում, երբ անհատը բավարարված է նաեւ իր կյանքից, մեկը մյուսին փոխլրացնող են:

 

Վերադառնալուց հետո նպատակներս մի քանիսն էին` աշխատել պետական համակարգում եւ ստացածս գիտելիքները ծառայեցնել պետության խնդիրների լուծմանը, ստեղծել գիտահետազոտական կենտրոն, որը կզբաղվի հետազոտական աշխատանքներով միջազգային հանրային իրավունքի բնագավառներում, զարգացնել մասնավոր իրավունքի ոլորտը Հայաստանում: Միեւնույն ժամանակ, քանի որ այդ ժամանակ ԵՊՀ ասպիրանտ էի, պետք է շարունակեի եւ ավարտեի իմ հետազոտական աշխատանքը, որի համար ԱՄՆ-ում եղած ժամանակ կուտակեցի մեծ քանակությամբ գրականություն:

 

2009թ. Ֆլեթչեր մեկնած խումբը՝ դեկանի եւ ակադեմիական անձնակազմի հետ

Լուսանկարը` անձնական արխիվից:

 

Այժմ դասավանդում եմ ԵՊՀ-ում եւ ՀՖՀ-ում, միաժամանակ զբաղվում եմ փաստաբանական գործունեությամբ իմ գրասենյակում, իսկ Միջազգային եւ համեմատական իրավունքի հայկական կենտրոնում հետազոտական աշխատանք եմ իրականացնում: Փորձում եմ համադրել, որովհետեւ գործնականում ստացած գիտելիքներն ու փորձը համալսարանում փոխանցում եմ ուսանողներին, այնտեղ ստացած գիտելիքներս օգտագործում եմ գիտահետազոտական աշխատանքում, վերջինի արդյունքներն էլ` պրակտիկ աշխատանքներում, թե փաստաբանության, թե իրավաբանական այլ գործունեության մեջ:

 

Միջազգային եւ համեմատական իրավունքի հայկական կենտրոնը հիմնադրվել է 2010 թ-ին` հենց այն ժամանակ, երբ ես եւ իմ ընկերներից շատերը կրթությունն ավարտելով վերադարձանք ԱՄՆ-ից: Մեր նպատակն էր համատեղել Հայաստանում եւ դրսում մեր կուտակած գիտելիքները` նպաստելով հայկական իրավունքի դպրոցի զարգացմանը: Մեր կազմակերպած առաջին իսկ մեծ` «Ղարաբաղյան հարցը միջազգային իրավունքի համատեքստում» թեմայով կոնֆերանսին մասնակցեցին ոչ միայն ոլորտի հեղինակավոր մասնագետները, այլեւ պետական բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում՝ վարչապետը:

 

Այսօր, բացի ամենամյա գիտաժողովներից եւ քննարկումներից, նաեւ այլ աշխատանքներ ենք իրականացնում, մասնավորապես, անվճար իրավաբանական խորհրդատվություն ենք տրամադրում զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին զինվորական իրավունքի բնագավառում, ակտիվ համագործակցում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ: Արդեն երկրորդ տարին է, որ տպագրում ենք Միջազգային եւ համեմատական իրավունքի հայկական տարեգիրքը անգլերեն լեզվով, որը տարածվում է աշխարհի առաջավոր բուհերում: Այն ներառում է միջազգային իրավական տարբեր հարցերի շուրջ հետազոտություններ, որոնք որեւէ կերպ առնչվում են հայկական իրականությանը, օրինակ, կատարել ենք Կոսովոյի հիմնախնդրի վերաբերյալ հետազոտական աշխատանք:

 

Ֆլեթչերի այգում տեղակայված հրանոթը ՀՀ անկախության օրվան ընդառաջ ներկվել է եռագույն

Լուսանկարը` անձնական արխիվից

 

Ինչ վերաբերում է «Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» փաստաբանական գրասենյակին, այն հիմնադրել եմ 2011 թ-ին` դարձյալ նպատակ ունենալով նոր մշակույթ ներդնել փաստաբանության բնագավառում: Այդ մշակույթն այստեղ ոչ միայն դատական ասպարեզում օգտագործելի դարձավ, այլեւ նորարարական կիրառում գտավ: Մասնավորապես, գործող ծրագրերից մեկը «e-lawyer» տեղեկատվական համակարգն է, որի նպատակն է մասնագիտական լսարանին ներկայացնել ՀՀ օրենսդրության առավել կարեւոր իրավական ակտերի առանձին նորմերի գործնական մեկնաբանությունները: Մեր մեկ այլ նախագիծ է նորաստեղծ իրավաբանական տեղեկատվական կայքը, որտեղ առկա է հայաստանյան, տարածաշրջանային եւ միջազգային իրավական իրադարձությունների, փաստաթղթերի վերաբերյալ թարմ տեղեկատվություն, ինչը կարող է օգտակար լինել գործող իրավաբաններին: Ստեղծել ենք նաեւ մի շարք միջազգային իրավական տեղեկատվական բազաներում ներկայացված մի կայք (www.lawfirms.am), որտեղ գրանցվող հայաստանյան իրավաբանական գրասենյակները հնարավորություն են ստանում տեսանելի լինել միջազգային հարթակներում: Վերջին ծրագիրը ՀՀ  փաստաբանների պալատի հանրային պաշտպանի էլեկտրոնային գրասենյակի ստեղծումն է, որի տեխնիկական առաջադրանքի հեղինակը մեր գրասենյակն է:

 

Որպես դասախոս եւ հետազոտող ես մեծ հաճույքով իրականացնում եմ գիտահետազոտական աշխատանքներ, գիտական հետաքրքրություններիս շրջանակը մի քանի ոլորտ է ընդգրկում: Հիմնականը կապված է համալիր համակարգերի տեսության հետ, որը կիրառվում է իրավագիտության եւ պետականագիտության բնագավառում` սիներգետիկայի մեթոդաբանությամբ: Այն ուսումնասիրում է անցումային եւ անկայուն փուլում գտնվող հասարակություններում պետաիրավական համալիր գործընթացները` հասկանալու համար վերջիններիս օրինաչափությունները եւ դրանց վրա ներազդելու հնարավորությունները: Սիներգետիկայի մեթոդաբանությունը, մասնավորապես, թույլ է տալիս հասկանալ, թե նման հասարակության եւ պետության համար շեշտը ինչ «էներգակիր» ռեսուրսների վրա պետք է դնել: Այդ ռեսուրսները մեր պարագայում երեքն են` սինկրետիկ (պահպանողական), էնտրոպիկ (քայքայող) եւ սիներգիկ (նորարարական-ստեղծագործական):

 

Անկայուն իրականությունից կայուն իրականության անցում կատարելու համար շեշտը պետք է դնենք գործընթացների զարգացման սիներգիկ վեկտորի վրա, որի հիմնական կրողը անցումային հասարակություններում երիտասարդությունն է` թարմ ուժ, որը հնարավորություն ունի խնդիրներ լուծելու: Այն հասարակությունները, որոնք անցումային փուլում հենվում են սիներգիկ վեկտորի վրա, կարճ ժամանակահատվածում հսկայական արդյունքների են հասնում կայունացման առումով, հետեւաբար, կարեւոր գործնական խնդիր է պետական համակարգը համալրել նոր սերնդի, նոր գաղափարախոսության կրող երիտասարդներով, որոնք միեւնույն ժամանակ իրենց մեջ չեն վերարտադրել նախորդ սերնդի հոգեբանությունն ու արժեբանությունը:

 

Վաշինգտոնում

Լուսանկարը` անձնական արխիվից

 

Մեր առանձնահատկություններից է այն, որ հին ազգի ներկայացուցիչ լինելով՝ մեր մեջ կարող ենք մի ամբողջ պատմական հիշողություն պարփակել եւ դրանից դասեր քաղել: Այս առումով մեր երիտասարդներն ունեն այն առավելությունը, որ հսկայական տեղեկատվության կրողը կարող են լինել, բայց մեր հիմնական խնդիրը այդ տեղեկատվությունը գործնականորեն սխալ օգտագործելը կամ բնավ չօգտագործելն է:

 

Մեր երիտասարդներին խորհուրդ կտայի օգտվել հայկական իրականության այս անցումային շրջանից, որն իր մեջ քաոսի տարրեր պարունակելով՝ միեւնույն ժամանակ ունի հսկայական ստեղծարար հնարավորություններ: Դրանք այս անկայուն իրավիճակում կարող են ծնել այնպիսի արժեքներ, որոնց շուրջ կարող են «պտտվել» ոչ միայն հայ մարդիկ, այլեւ ողջ մարդկությունը: Իսկ մեր երիտասարդությունն այդ պոտենցիալն ունի, բայց, ցավոք սրտի, շատերս դա չենք գիտակցում, գիտակցելուց հետո էլ, եթե կարողանանք ճիշտ օգտագործել, կունենանք այն Հայաստանը, որը մեր երազանքների պետությունն է:

 

Նյու-Յորքում՝ ՄԱԿ-ի գլխամասի դիմաց

Լուսանկարը` անձնական արխիվից

 

Երիտասարդներին կոչ կանեի նաեւ, որ ստեղծեն հիմնականում ընտանիքի, ընկերության ու հայրենիքի շուրջ ձեւավորված մի քանի հիմնարար արժեքներ, որոնք պետք է պայմանավորեն նաեւ իրենց կյանքի իմաստը. այդ դեպքում մենք հնարավորություն կունենանք ստեղծել մի նոր` հորիզոն ընդարձակող իրականություն: Այդ առումով մեր նպատակները պետք է նաեւ աշխարհի ընդարձակմանն ուղղված լինեն, որովհետեւ մեր ազգը ոչ թե ներփակված է ազգային հոգեբանությամբ, այլ իր մեջ կրում է համամարդկային հոգեբանություն, հետեւաբար, մենք նաեւ մարդկությանը օգուտ տալու մեծ հնարավորություն ունենք:

 

Արմեն Մարտիրոսյան

Սամսոն Հովհաննիսյան

Արամ Արարատյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին