Արտակ Բեգլարյան. «Սովորելու ընթացքում հավաքած ծաղկափոշին պետք է բերել եւ մեղր դարձնել հայրենիքում» - Mediamax.am

exclusive
4144 դիտում

Արտակ Բեգլարյան. «Սովորելու ընթացքում հավաքած ծաղկափոշին պետք է բերել եւ մեղր դարձնել հայրենիքում»

Նախագծի հերոսները պատմում են արտասահմանում ուսանելու դժվարությունների եւ առավելությունների, Հայաստան վերադառնալու մասին:

Արտակ Բեգլարյանը Արարատի գագաթին
Արտակ Բեգլարյանը Արարատի գագաթին

Լուսանկարը` անձնական արխիվից

Արտակը Լոնդոնում
Արտակը Լոնդոնում

Լուսանկարը` անձնական արխիվից

Վաշինգտոնում՝ Մահաթմա Գանդիի արձանի մոտ
Վաշինգտոնում՝ Մահաթմա Գանդիի արձանի մոտ

Լուսանկարը` անձնական արխիվից

Կայաքինգով զբաղվելիս
Կայաքինգով զբաղվելիս

Լուսանկարը` անձնական արխիվից

Արտակ Բեգլարյանը Արարատի գագաթին
Արտակ Բեգլարյանը Արարատի գագաթին

Լուսանկարը` անձնական արխիվից

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ
ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ

Լուսանկարը` անձնական արխիվից


Մեդիամաքսը շարունակում է Get Back! հատուկ նախագիծը, որն իրականացվում է Հայկական Գիտական Համագործակցություն (ARMSCOOP) ցանցի հետ համագործակցությամբ:

 

Նախագծում ներկայացվող մարդիկ պատմում են արտասահմանում ուսանելու եւ ապրելու դժվարությունների եւ առավելությունների, ինչպես նաեւ Հայաստան վերադառնալու դրդապատճառների մասին:

 

Արտակ Բեգլարյանը ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղարն է: Ուսում է ստացել Երեւանի պետական համալսարանում՝ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, Սալոնիկիի Ալեքսանդրի տեխնոլոգիական կրթական ինստիտուտում, Լոնդոնի Համալսարանական քոլեջում (UCL) եւ ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում: Արտակը մի շարք հասարակական կազմակերպությունների, ակումբների, նախաձեռնությունների նախագահ է կամ հիմնադիր-անդամ (այդ թվում՝ «Արցախակերտում» ՀԿ-ի համանախագահ), ինչպես նաեւ երկու գիտական եւ շուրջ 30 վերլուծական հոդվածների հեղինակ: Ստեփանակերտում ծնված Արտակ Բելգարյանը տեսողությունը կորցրել է 6 տարեկանում՝ ականի պայթյունից:

 

Ինձ համար կրթությունը կարեւոր ու անհրաժեշտ օղակ է մարդու զարգացման ճանապարհին: Տարբեր ուսումնական հաստատություններում կրթություն ստանալս կբնութագրեի որպես ուսանելու եւ զարգանալու մշտական ձգտում: Խորհրդանշական է նաեւ իմ կրթական ուղու աշխարհագրությունը, քանզի կրթությունը միայն ֆորմալ հաստատությունները եւ դասախոսները չեն, այլեւ տվյալ հասարակության միջավայրը, մշակույթը եւ շրջապատող բոլոր պայմանները: Յուրաքանչյուր նոր համալսարանում ու նոր երկրում ձեռք եմ բերել ոչ միայն նոր գիտելիքներ ու հմտություններ, այլեւ կյանքի փորձառություն, ինչը արտասահմանում կրթություն ստանալու առավելություններից է: Սակայն արտասահման ասելով՝ չպետք է հասկանալ այն ամենը, ինչը սեփական երկրի սահմաններից դուրս է: Արտասահմանյան կրթություն ասելով՝ սովորաբար հասկանում ենք առաջադեմ համալսարանում ու միջավայրում ուսանելը, անձամբ ես հենց դրան էլ ձգտում էի, ինչի շնորհիվ ստացել եմ այն, ինչ ցանկանում էի:

 

Արտակը Լոնդոնում

Լուսանկարը` անձնական արխիվից

 

Հայրենիք վերադառնալն այլընտրանք չուներ

 

Համալսարանից դեպի կյանքի հաջորդ փուլ անցումը կհամարեի մերօրյա երիտասարդի գլխավոր անորոշություններից ու մարտահրավերներից մեկը: Այն ոչ միայն անցում է դեպի աշխատանք, այլեւ, լայն իմաստով, դեպի ինքնաիրացման հորձանուտ, որտեղ ավյունով ու երազանքներով լեցուն երիտասարդին սպասում են թեւաթափություններ ու տեղատվություններ, բախումներ ու բեկումներ: Թեեւ իմ դեպքն էլ բացառություն չէր, սակայն մի բան միանշանակ էր ինձ համար՝ հայրենիք վերադառնալն այլընտրանք չուներ, իմ ինքնաիրացումը տեսնում էի այստեղ՝ անկախ սպասումներիս ու նպատակներիս՝ կյանքի կոչման համար կանխորոշված պայմաններից:

 

Վաշինգտոնում՝ Մահաթմա Գանդիի արձանի մոտ

Լուսանկարը` անձնական արխիվից

 

Բոլորն էլ ունենում են թե՛ սպասումներ, թե՛ նպատակներ. իմ սպասումը, ինչպես սովորաբար լինում է շատերի մոտ, այլոց կողմից սեփական ներուժը արժեւորելն էր: Նպատակներս, բարեբախտաբար, չհասան երազանքների մակարդակի, դրանք թեեւ հավակնոտ, սակայն իրատեսական ու հասանելի հորիզոններ էին շրջագծում, ուղղված էին ու են սեփական ներուժի զարգացման եւ իրացման միջոցով հայրենիքին օգտակար լինելուն: Եթե ընդհանրական եւ պատկերավոր ձեւակերպեմ, ապա նպատակս է «աշխարհը շալակած տանելը, ոչ թե ելնել շալակն աշխարհի»: Իհարկե, ինքնաիրացման ճանապարհներն ու մեթոդները տարբեր են. ես նպատակ ունեի ընտրել մասնագիտական, գիտական եւ քաղաքացիական գործունեությունը եւ կարծես այդ ուղով էլ շարժվում եմ: Եթե աստիճանաբար ավելի արդյունավետ եւ օգտակար մարդ ու քաղաքացի չդառնամ, ուրեմն ձախողվում եմ նպատակներիս հասնելու երթում:

 

Կայաքինգով զբաղվելիս

Լուսանկարը` անձնական արխիվից

 

Մարդ-հայ-քաղաքացի-պաշտոնյա տեսլականը

 

Ձգտում եմ վարքս կառուցել մարդ-հայ-քաղաքացի-պաշտոնյա «դերերի» շրջանակում, որոնք սերտորեն միակցված են եւ ոչ թե բացառում, այլ փոխլրացնում են իրար: Տեսլականս արդյունավետության հնարավոր առավելագույն մակարդակի հասնելն է տարբեր ճակատներում, ինչի շնորհիվ իմ աղյուսը կդնեմ հայրենիքիս զարգացման որմին: Զարգացած Հայաստանը, որին ձգտում եմ նաեւ ես, իմ պատկերացմամբ պետք է լինի ապահով, բարեկեցիկ, արդար եւ օտար եզերքներից վերադարձած հայերով լեցուն: Կրթությունն այն գլխավոր գործոնն է, որը բերրի հող է ստեղծում զարգացման, իսկ անհատի պարագայում՝ քաղաքացիական ակտիվ դիրքորոշման եւ պատասխանատվության համար: Այն կրթությունը, որը չի ձեւավորում այդ կապը եւ սոցիալականացման համապատասխան ուղով չի շարժում քաղաքացուն, համարում եմ կիսատ:

 

Արտակ Բեգլարյանը Արարատի գագաթին

Լուսանկարը` անձնական արխիվից

 

Կարծում եմ՝ ոչ միայն պետությունն է պատասխանատվություն կրում քաղաքացու առջեւ, այլեւ քաղաքացին՝ պետության: Որքան շատ մարդ ունենա պատասխանատվության այդ զգացումը, այնքան ավելի շուտ կհասնենք մեր ձգտած Հայաստանին: Այդ պատասխանատվությունը պետք է լինի թե՛ մասնագիտական, թե՛ քաղաքացիական: Կարծում եմ՝ ինձ, ընդհանուր առմամբ, հաջողվում է նմանատիպ պատասխանատվություն դրսեւորել, իհարկե, ոչ այն մակարդակով, որը կցանկանայի ունենալ: Խնդիրները քիչ չեն, սակայն հիմնական խնդիրը ժամանակի սղությունն եմ համարում:

 

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ

Լուսանկարը` անձնական արխիվից

 

Արտասահմանում ուսանել ցանկացող հայ երիտասարդներին խորհուրդ կտամ առավելագույնս քաղել թե՛ բուն կրթությունից, թե՛ նոր միջավայրից, այնուհետեւ այդ ծաղկափոշին բերել եւ մեղր դարձնել հայրենի փեթակում: Իհարկե, երբեմն դրսում ավելի մեծ ու հեշտ հնարավորություններ կարող են տրվել ինքնաիրացման համար, սակայն կոչ եմ անում միշտ մտքում պահել հայրենի եզերքը՝ որպես հիմնական դարբնոց:

 

Ուրիշների եւ իմ սեփական փորձից ելնելով՝ խորհուրդ կտամ նաեւ չակնկալել, թե գրկաբաց կսպասեն, կամ միանգամից հնարավոր կլինի սարեր շրջել: Սովորաբար սպասում են նրան, ում գիտեն, իսկ ում մասին տեղյակ չեն պատշաճ կերպով, ժամանակ է պետք ճանաչելու համար: Այնպես որ պետք է մշտապես պատրաստ լինել տեղատվությունների ու թեւաթափությունների, առնվազն մինչեւ սեփական ձեռքերով սեփական արահետը հարթելը:

 

Արմեն Մարտիրոսյան

Սամսոն Հովհաննիսյան

Արամ Արարատյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին