Վազգեն Աբգարյան. Ամեն ինչ քեզանից է կախված - Mediamax.am

exclusive
3666 դիտում

Վազգեն Աբգարյան. Ամեն ինչ քեզանից է կախված

Մեդիամաքս-ը շարունակում է Get Back! հատուկ նախագիծը, որում ներկայացվող մարդիկ պատմում են արտասահմանում ուսանելու եւ ապրելու դժվարությունների եւ առավելությունների մասին:

Վազգեն Աբգարյանը տիկնոջ հետ
Վազգեն Աբգարյանը տիկնոջ հետ

Լուսանկարը` անձնական արխիվից

Վազգեն Աբգարյանը Քեմբրիջում
Վազգեն Աբգարյանը Քեմբրիջում

Լուսանկարը` անձնական արխիվից

Վազգեն Աբգարյանը Քեմբրիջում
Վազգեն Աբգարյանը Քեմբրիջում

Լուսանկարը` անձնական արխիվից


Մեդիամաքս-ը շարունակում է Get Back! հատուկ նախագիծը, որն իրականացվում է Հայկական Գիտական Համագործակցություն (ARMSCOOP) ցանցի հետ համագործակցությամբ: Նախագծում ներկայացվող մարդիկ պատմում են արտասահմանում ուսանելու եւ ապրելու դժվարությունների եւ առավելությունների մասին, Հայաստան վերադառնալու դրդապատճառների մասին:

 

Վազգեն Աբգարյանը «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության» ֆինանսական տնօրենն է, նաեւ դասավանդում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում: 2004 թ. ավարտելով Անանիա Շիրակացու անվան ճեմարանը՝ ընդունվել է Հայ-ռուսական համալսարան` Համաշխարհային տնտեսագիտություն ֆակուլտետը: 2011 թ-ի պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը: 2008 թվականից աշխատել է «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ներդրումային ընկերությունում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ: 2011թ. ընդունվել է Քեմբրիջի համալսարան՝ Ֆինանսների մասնագիտությամբ, եւ հաջողությամբ ավարտել է այն 2012թ.` ստանալով մագիստրոսի կոչում:

 

Ինչո՞ւ որոշեցի դիմել հենց Քեմբրիջ: Աշխատելով ներդրումային ընկերությունում, հիմնականում շփվում էի արտասահմանյան ներդրողների հետ: Այդ ընթացքում այն եզրահանգման եկա, որ մենք երբեմն տարբեր լեզուներով ենք խոսում: Դա մեր եւ նրանց աշխատաոճի տարբերության հետեւանքն էր: Հենց արտասահմանցի ներդրողների հետ ֆինանսական կրթվածության տեսանկյունից մեկ մրցունակ լեզվով խոսելու ցանկությունը արտասահմանում սովորելու պատճառներից մեկը հանդիսացավ:

 

Մյուս պատճառն այն էր, որ փնտրում էի ոչ թե ակադեմիկ, այլ գործարար ուղղվածությամբ ծրագիր: Դա պետք է լիներ MBA-ին մոտ ծրագիր, որը, սակայն, պետք է մասնագիտացված լիներ ֆինանսների ուղղությամբ: Աշխարհում երեք բարձրակարգ համալսարան կա, որոնք նման ուսումնական ծրագիր են առաջարկում ՝ Քեմբրիջը, Լոնդոնի բիզնես դպրոցը եւ ԱՄՆ-ի Փրինսթոնի համալսարանը: Ընտրեցի Քեմբրիջի ծրագիրը, որտեղ շեշտը դրվում է ինչպես կորպորատիվ ֆինանսների, այնպես էլ ներդրումների եւ ներդրումային բանկային ոլորտի վրա: Միաժամանակ, այդ ծրագիրն առաջարկում էր շատ լավ ակադեմիկ գիտելիքներ կիրառական ֆինանսների ոլորտի վերաբերյալ:

 

Ծրագիրը նաեւ փայլուն հնարավորություն էր ընձեռում յուրաքանչյուր շաբաթ հյուրընկալել միջազգային ճանաչում ունեցող կազմակերպությունների ղեկավարների, ովքեր ներկայացնում էին իրենց փորձը: Դա հնարավորություն էր «առաջին ձեռքից» տեղեկանալ զարգացած երկրի ֆինանսական համակարգի զարգացումներին:

 

Քեմբրիջում ուսանելու մեկ այլ առավելությունը, անշուշտ, դասընկերն են՝ այդ բազմազգ խումբը, որի ներկայացուցիչները ֆինանսական աշխարհի ապագա առաջնորդներն են: Մեր խմբում 40 ուսանող էր սովորում՝ 23 երկրից: Նրանց հետ շփվելով, եւս շատ բան ես սովորում եւ հասկանում:

 

Վազգեն Աբգարյանը Քեմբրիջում

Լուսանկարը` անձնական արխիվից

 

Վերադառնա՞լ, թե՞ մնալ

 

Չեմ դիտարկում վերադարձը որպես «բացարձակ» արժեք: Ֆինանսաբանկային ոլորտն առհասարակ երկու հիմնական առանձնահատկություն ունի: Առաջինն այն է, որ հնարավորություն ունես քո երկրի համար ինչ-որ բան անել, նույնիսկ երբ հեռու ես նրանից, ինչը ես փորձեցի անել, գտնվելով Քեմբրիջում: Երբ հյուրընկալում էինք ներդրումային ֆոնդերի մասնակիցներին, ներկայացնում էի նրանց Հայաստանի շուկան, եւ նրանք իմ հայաստանյան կապերի օգնությամբ մի քանի նախագիծ իրականացրեցին այստեղ: Երկրորդ հանգամանքն այն է, որ այս ոլորտում, որքան էլ կարեւոր է գիտելիքը, կրկնակի անգամ ավելի կարեւոր է քո ստեղծած պրոֆեսիոնալ ցանցը եւ աշխատանքային փորձը զարգացած ֆինանսաբանկային համակարգ ունեցող երկրում: Այդ տեսանկյունից, եթե առաջարկ ես ստանում արտասահմանյան առաջատար ներդրումային բանկից կամ ֆինանսական կորպորացիայից, ապա քո երկրին տրվող հավելյալ արժեքի տեսանկյունից ավելի ռացիոնալ է այդ ոլորտում մի քանի տարի աշխատել արտերկրում, ստեղծել գործարար կապեր եւ հետո վերադառնալ ու փորձել կիրառել ստացված փորձն ու գիտելիքները Հայաստանում:

 

Քեմբրիջում սովորելիս գրավիչ առաջարկներ եմ ստացել ե՛ւ տեղում, ե՛ւ Հայաստանից: Գնահատելով բոլոր դրական եւ բացասական կողմերը, ի վերջո, որոշեցի Հայաստան վերադառնալ, քանի որ հասկացա, որ ձեռք բերված փորձը, գիտելիքները ու գործարար կապերը կարող եմ արդյունավետ օգտագործել Հայաստանում:

 

Իհարկե, երբ վերադառնում ես Հայաստան, «ինչո՞ւ վերադարձար» հարցը շատ են տալիս: Ես էլ պատասխանում եմ, որ ամեն ինչ պետք է դիտարկել համեմատական տեսանկյունից՝ պետք է հասկանաս, թե ո՞րն է քո առաջնահերթությունը: Ես ունեմ երկու հիմնական մոտիվացում՝ ստեղծել հարմարավետ պայմաններ ընտանիքիս համար եւ ինձ բավարարված զգամ մասնագիտական առումով:

 

Վազգեն Աբգարյանը Քեմբրիջում

Լուսանկարը` անձնական արխիվից

 

Ամեն ինչ կախված է անձից

 

Ֆինանսաբանկային եւ ներդրումային ոլորտն որոշակի առանձնահատկություններ ունի, եւ չեմ կարող ասել, որ այստեղ կրթական մակարդակը ակադեմիկ գիտելիքի տեսանկյունից չի համապատասխանում օտարերկրյա չափանիշներին: Օրինակ, Հայաստանի Ամերիկյան համալսարանը մոտավորապես նույն կրթական ծրագիրն ունի եւ նույն դասագրքերով է դասավանդում, ինչ Քեմբրիջում կամ Օքսֆորդում: Այնպես որ, ամեն ինչ կախված է անձից: Այլ բան է, որ այստեղի սովորածով՝ միայն ակադեմիկ գիտելիքներով, շատ բարդ է շուկա մտնել: Քեմբրիջում ունեինք, այսպես կոչված, career session-ններ, որոնց ընթացքում քեզ հետ անհատական հարցազրույցներ են անցկացնում եւ փորձում են հասկանալ, թե ինչո՞վ ես զբաղվում քո երկրում եւ ինչպես ես դա անում:

 

Ամենամեծ ցնցումը ապրեցի, երբ մոտ մեկ ժամ փորձում էի բացատրել այդ մարդուն, թե ինչով եմ զբաղվում Հայաստանում, սակայն նա ինձ այդպես էլ չհասկացավ: Նա երկար փորձում էր բացատրել ինձ, թե ինչպես կվարվեր իմ պաշտոնը զբաղեցնող մարդը Լոնդոնում: Պարզվեց, որ ես Հայաստանում կատարում էի այնտեղի 3-4 բաժնի աշխատանք: Բայց, իհարկե, դա նաեւ օբյեկտիվ պատճառներն ունի՝ պայմանավորված շուկաների ծավալների տարբերությամբ: Կարեւորը արտասահմանյան ներդրողի մոտեցումը, բիզնեսի վարման էթիկան, գործարար հարաբերությունների կառուցումը հասկանալն է: Դա թույլ է տալիս զարգացած ներդրողների հետ խոսել զարգացած երկրների լեզվով:

 

Վազգեն Աբգարյանը տիկնոջ հետ

Լուսանկարը` անձնական արխիվից

 

Այսօր, հիմնական աշխատանքից բացի, նաեւ դասավանդում եմ Սլավոնական համալսարանի մագիստրատուրայում եւ փորձում եմ ուսանողներին փոխանցել Քեմբրիջում ստացած իմ գիտելիքները: Դասախոսություններ կարդալիս փորձում եմ կիրառել նույն սխեմաները, որպեսզի նոր սերունդն ավելի լավ պատկերացնի, թե ինչ է նշանակում կրթություն ստանալ արտասահմանում: 

 

Արամ Արարատյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին