Ստեփան Խզրթյան. Հայաստան վերադառնալը չպետք է որպես պարտություն ընկալվի - Mediamax.am

exclusive
8965 դիտում

Ստեփան Խզրթյան. Հայաստան վերադառնալը չպետք է որպես պարտություն ընկալվի

Նախագծի հերոսները պատմում են արտասահմանում ուսանելու դժվարությունների եւ առավելությունների, Հայաստան վերադառնալու մասին:

Ստեփան Խզրթյանը
Ստեփան Խզրթյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Ստեփանը ներկայացնում է իր գաղափարը TEDx միջոցառմանը
Ստեփանը ներկայացնում է իր գաղափարը TEDx միջոցառմանը

Լուսանկարը` անձնական արխիվից

ԼեգալԼաբի հիմնադիր բաժնետերեր Ստեփան Խզրթյանը եւ Նարեկ Աշուղաթոյանը
ԼեգալԼաբի հիմնադիր բաժնետերեր Ստեփան Խզրթյանը եւ Նարեկ Աշուղաթոյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Քեմբրիջի ավարտական միջոցառմանը
Քեմբրիջի ավարտական միջոցառմանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Ստեփան Խզրթյանը
Ստեփան Խզրթյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


Մեդիամաքս-ը շարունակում է Get Back! հատուկ նախագիծը, որն իրականացվում է Հայկական Գիտական Համագործակցություն (ARMSCOOP) ցանցի հետ համագործակցությամբ:

 

Նախագծում ներկայացվող մարդիկ պատմում են արտասահմանում ուսանելու եւ ապրելու դժվարությունների եւ առավելությունների մասին, Հայաստան վերադառնալու դրդապատճառների մասին:

 

Ստեփան Խզրթյանը ԼեգալԼաբ իրավաբանական բուտիկ ընկերության հիմնադիր-բաժնետերն է, նաեւ ղեկավարում է Բանակցության երեւանյան կենտրոնը (CEN Yerevan), որն ուսուցման եւ հետազոտական միջազգային կենտրոն է, քույր գրասենյակներ ունի Կիեւում ու Մոսկվայում, իսկ կենտրոնական գրասենյակը գտնվում է Բոստոնում: Դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում որպես բանակցությունների եւ կորպորատիվ իրավունքի դասախոս: Ուսում է ստացել Երեւանի պետական համալսարանում, Հայաստանի Ամերիկյան համալսարանում եւ Քեմբրիջի համալսարանում, որտեղ եղել է Իրավաբանական ֆակուլտետի ակադեմիական խորհրդի անդամ: Բանակցության գծով դասախոսական վերապատրաստում է անցել Հարվարդի համալսարանի ծրագրով:

 

Քեմբրիջ

 

Քեմբրիջ դիմելը ինչ-որ չափով ռազմավարական որոշում էր: Մինչեւ Անգլիա մեկնելը աշխատում էի հայկական իրավաբանական ընկերությունում, որտեղ առնչվում էի հայկական եւ մայրցամաքային Եվրոպայի իրավունքի հետ: Դրանից հետո, ուսանելով Ամերիկյան համալսարանում, ուսումնասիրում էի Ամերիկյան իրավական համակարգը, եւ ուղղվածությունը դեպի Բրիտանիա ռազմավարական կարեւորություն ուներ` լրացնելու Բրիտանիայի եւ նախկին բրիտանական կայսրության երկրների իրավական դաշտի մասին գիտելիքներս: Այնպես որ, նպատակաուղղված եմ դիմել հենց Քեմբրիջ: Այնտեղ ուսանեցի մեկ տարի:

 

Բավականին դասեր քաղեցի Քեմբրիջում սովորելու տարիներին: Օրինակ, որ էական չէ` որտե՞ղ ես սովորում, այլ էական է` ինչպես ես սովորում: Այդ միտքը նոր չէ. այն ծագեց ԵՊՀ-ում, զարգացավ Ամերիկյան համալսարանում եւ ամրապնդվեց Քեմբրիջում: Էականն այն է, որ պետք է ջանք թափես: Իհարկե, հնարավորությունները մեծ են: Ազատ մուտքի հնարավորություն ունես տարբեր դասախոսների, դասընկերների, գաղափարների, խորհրդատուների, կարիերայի: Բայց արդյո՞ք կկարողանաս օգտվել դրանից: Արդյո՞ք, բացի մի քանի ժամանոց դասախոսությունից այլ քայլեր կանես՝ կմոտենաս դասախոսին քեզ հետաքրքրող հարցով, կմնաս գրադարանում եւ այլն:

 

Ուսման մեջ պետք է հետամուտ լինել: Իրավաբանական ուսման իմ ծրագիրը տեւում էր 9 ամիս: Ընտրում ես 4 առարկա, եւ այդ առարկաների վերջնական գնահատականը կախված է տարեվերջյան քննությունից: Ընթացքում չկան մոդուլներ, սեմինարներ, միջանկյալներ, հարկավոր է ուղղակի վերջին մեկ օրվա ընթացքում հանձնել այդ 9 ամսվա նյութը: Իհարկե, գայթակղությունը մեծ է թողնել ամեն ինչ վերջին ամիսներին, եւ շատերը հենց այդպես էլ անում էին, սակայն պետք է պահպանես պարապելու հետեւողականությունը: 

 

Քեմբրիջի ավարտական միջոցառմանը

Լուսանկարը` անձնական արխիվից

 

Քեմբրիջի մակարդակի բուհերում, բնականաբար, ստեղծված է մի միջավայր, որտեղ հավաքված ուսանողները սովոր են ամեն ինչում լինել առաջինը: Դա շուրջ 200 հոգանոց խառնարան է, որտեղ սկսվում է հավակնությունների կատաղի պայքար: Սակայն պետք է կարողանաս գնալ նաեւ համագործակցության` հավակնություններդ չզիջելով: Քեմբրիջում շատ ուժեղ է դրված համագործակցության մշակույթը: Դա ինչ-որ չափով չգրված օրենք է: Քննությունների նախաշեմին՝ 2-3 ամիս շուտ, ուսանողները կիսվում են միմյանց հետ իրենց նյութերով եւ նշումներով՝ հասկանալով, որ համագործակցությունը մեծապես բխում է իրենց շահերից: Տարբեր բուհերի մասին լսել եմ այլ բաներ, օրինակ, քննությունից մեկ օր առաջ մի ուսանողը կարող է մյուսի նոութբուքը գողանալ կամ այլ կերպ խոչընդոտել նրա առաջխաղացմանը:  

 

«Լույս» հիմնադրամը, որի օգնությամբ մեկնեցի Քեմբրիջ, կառուցում է հայկական աշխարհը կրթական մասով: Ըստ Հայկական աշխարհի` պետք է քեզ դիտարկես որպես աշխարհի մարդ: Ես այդ գաղափարին տալիս եմ հետեւյալ ձեւակերպումը՝ «Հայաստանը դիտարկել որպես կենտրոն, կենսական շահերի կետ, իսկ աշխարհը դիտել որպես գործելադաշտ»: Երբ դուրս ես գալիս այս միջավայրից, այս երկրից եւ հայտնվում ես տարբեր մշակույթների ու ինքնությունների խառնարանում, այն միտքը, որ դու միակը չես այս աշխարհում, որ աշխարհը բազմամշակույթ է, իսկ մարդիկ` բազմազան, ավելի է հաստատվում:

 

Ստեփան Խզրթյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

 

Մյուս կողմից, որքան էլ զարմանալի թվա, դուրս գալով Հայաստանից` սկսեցի ավելի շատ հետաքրքրվել Հայաստանով, հայերով, Հայոց պատմությունով: Google-ով որոնում էի այնպիսի հարցերի պատասխաններ, որոնք մինչ այդ երբեք մտքովս չէին անցել, օրինակ՝ որտե՞ղ է սովորել Մեսրոպ Մաշտոցը, կամ ինչպիսի՞ ռազմավարական պլան է ունեցել Ավարայրի ճակատամարտը: Այսինքն, քո տեսակին վերաբերող հարցեր, կոպիտ ասած՝ «ո՞վ ես դու եւ որտեղից ես գալիս»:

 

Վերադառնա՞լ, թե՞ մնալ

 

Բոլոր մեկնողներին խորհուրդ կտայի մեկնել tabula rasa՝ մաքուր տախտակով եւ առանց նախապես գծված ծրագրի: Մարդիկ կան, որ մտածում են, որ ամեն ինչ կանեն, որպեսզի այնտեղ մնան ուսումն ավարտելուց հետո: Մյուսները մտածում են, որ դրսում անելիք չունեն եւ միանշանակ կվերադառնան: Ինձ թվում է, պետք չէ մինչեւ մեկնելը նման ծրագրեր կազմել: Ընկերս լավ համեմատություն արեց իմ գնալուց առաջ` ասելով, որ պարկը կապում ես փայտին, փայտը դնում ես ուսիդ ու գնում ես բախտդ որոնելու: Կարծում եմ, որ պետք է մեկնել այդ մտքով: Այնտեղ սովորում ես, ձեռք ես բերում ընկերներ, փորձ, ծանոթություններ: Միայն ուսումդ ավարտելիս կարող ես որոշում կայացնել, թե ո՞ր ուղղությամբ ես պատրաստվում շարժվել:

 

Իմ պարագայում այնպես ստացվեց, որ Քեմբրիջից հետո մեկ այլ ծրագրով մեկնեցի Նյու Յորք. դա պրակտիկա էր մարքետինգի եւ վաճառքի գծով: Երբ Նյու Յորքից վերադառնում էի Երեւան, հարցը դեռ բաց էր. այնտեղ կային հնարավորություններ ու առաջարկներ, բայց մտածում էի, որ եթե կարողանամ իրացնել ինձ Հայաստանում, կմնամ այստեղ: Այդ օրերին Երեւանում կազմակերպվում էր TEDx միջոցառումը, որտեղ ներկայացրեցի մի գաղափար մեղուների մասին, թե ինչպես կարելի է մեղուների պես մեկնել արտասահման, նեկտար հավաքել, վերադառնալ Հայաստան եւ մեղր պատրաստել: Դրանից շուրջ մեկ ամիս անց զանգ ստացա «Լույս» հիմնադրամից, որտեղ ինձ առաջարկեցին փորձել կյանքի կոչել իմ գաղափարը: Շատ ուրախ եմ, որ աշխատելով «Լույս»-ում, կարողացա իմ ներդրումն ունենալ այդ գաղափարի իրականացման մեջ, եւ այն իր ծիլերը տվեց:

 

Ստեփանը ներկայացնում է իր գաղափարը TEDx միջոցառմանը

Լուսանկարը` անձնական արխիվից

 

Գտնում եմ, որ քանի որ Հայաստանում ինչ-որ չափով կա մարդկային ռեսուրսների պակաս, հայաստանյան պայմաններում մեկ հոգու վրա դրված պատասխանատվության բեռն ավելանում է եւ դա բխում է հենց պատասխանատվությունը ստանձնողի շահերից: Օրինակ, 25-30 տարեկան երիտասարդը, հավանաբար, չի դառնա, ասենք, Բրիտանիայի վարչապետի օգնականը, կամ արդարադատության նախարարի տեղակալը, սակայն մեր պարագայում դա, ինչպես տեսնում ենք, ավելի քան իրատեսական է: Իսկ նման պատասխանատվությունը նշանակում է նաև հարուստ փորձ: Իհարկե, կարող եք հակադարձել, որ Բրիտանիայի վարչապետի եւ ԼՂՀ-ի վարչապետի օգնականը տարբեր աստիճաններ են, բայց, կարծում եմ, վարչապետի օգնականը մնում է վարչապետի օգնական, ինչպես դեսպանը մնում է դեսպան, իսկ նախագահը՝ նախագահ:

 

Հոգեբանական մի խնդիր կա, որի մասին շատ է խոսվում: Մեկնում ես, ուսում ես ստանում, վերադառնում ես, եւ անկախ այն պատճառից, թե ինչու ես վերադարձել, շատերը դա որպես պարտություն են դիտարկում: Կարծում են, որ դու գնացիր, փորձեցիր, չստացվեց, չկարողացար աշխատանք գտնել կամ ինտեգրվել այդ հասարակության մեջ, այդ պատճառով էլ վերադարձար: Ընդ որում, այդ մասին կարող են քեզ ուղղակիորեն չասել, բայց դու դա զգում ես: Այդ կարծրատիպը պետք է հաղթահարել եւ հասկանալ, որ վերադարձը Հայաստան պարտություն կամ զոհաբերություն չի նշանակում: Ընդհակառակը, դա պետք է դիտարկվի որպես ներդրում եւ ռազմավարական քայլ:

 

Եվս մեկ հարց առաջանում է գիտելիքների առումով: Արդյո՞ք դրսում ստացած քո գիտելիքները կիրառելի կլինեն Հայաստանում: Ինձ թվում է, որ դրա մասին պետք է նախապես մտածել: Օրինակ, ենթադրաբար Հայաստանն ապագա 10-15 տարիներին չի դառնա ԵՄ անդամ, եւ, բնականաբար, եթե դու գնում ես ուսումնասիրելու Եվրամիության ծովային եւ ձկնաբուծական օրենսդրությունը, ապա պարզ է, որ այդ գիտելիքները դժվար թե արդիական լինեն մեր պայմաններում: Մյուս կողմից, եթե միեւնույնն է ցանկանում ես ուսումնասիրել մի ոլորտ, որն այսօր Հայաստանում արդիական չէ, կարող ես սկզբում քեզ փորձել արտասահմանում, գաղափարական եւ կրթական առումով փորձ ձեռք բերել եւ հետո փորձել զարգացնել այդ ուղղությունն այստեղ:

 

ԼեգալԼաբի հիմնադիր բաժնետերեր Ստեփան Խզրթյանը եւ Նարեկ Աշուղաթոյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

 

Եթե խոսենք մեր կրթական համակարգի եւ կրթության որակի մասին, ապա կարծում եմ, ամենակարեւորն այն է, որ մեր կրթությունը պետք է համահունչ ընթանա ժամանակին ու ժամանակակից գիտությանը: ԵՊՀ-ն իմ alma mater-ն է, բայց քաղաքագիտական բաժնում մենք սովորում էինք հիմնականում 80-ականների գրքերով: Կարծում եմ, ինֆորմացիոն դարաշրջանում դա ճիշտ չէ: Նաեւ դասախոսը պետք է հավելյալ ջանք գործադրի, որպեսզի իր մատուցած նյութը հիմնավորված լինի, կոնկրետ ժամանակակից օրինակներով: Դու պետք է զգաս, որ այն, ինչ սովորում ես, ժամանակակից է եւ արդիական: Բացի ակադեմիական գիտելիքներից, պետք է պարտադիր շեշտադրվի հենց գործնական մասը: Միեւնույն ժամանակ, դա ամենեւին չի նշանակում, որ մեր կրթությունը վատն է: Ընդհակառակը. եթե այն վատը լիներ, մենք ուղղակի չէինք ունենա աշխարհի լավագույն կրթական հաստատություններում սովորող բազմաթիվ հայեր:

 

Արամ Արարատյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին