Երեւան: Մեդիամաքս: Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը չի մեկնաբանել Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Արազ Ազիմովի խոսքերը Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների «լճացման» վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր հանդես գալով ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ուսանողների համար Երեւանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնի կողմից կազմակերպած տեսակոնֆերանսին, Ջեյմս Ապատուրայը Ադրբեջանի հետ Դաշինքի հարաբերությունները “շատ լավն” է անվանել եւ հույս հայտնել, որ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) նոր փուլը կհաստատվի մոտ ապագայում:
Ինչպես հայտնել էր Տրենդ-ը, նախորդ շաբաթ Արազ Ազիմովը ասել էր, որ Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցություն մեջ “լճացում” կա: «ՆԱՏՕ-ի մի քանի անդամներ, որոնք զբաղեցրել են քաղաքական կողմնակալ դիրքորոշում, ձգձգում են ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի երրորդ փուլի հաստատումը: Այդ իրավիճակը կապում է մեր ոտքերը եւ ձեռքերը»,- ասել էր Ազիմովը: Նա նաեւ նշել է, որ «հարցն արդեն մի քանի ամիս ձգձգվում է, եւ Ադրբեջանն անհանգստացած է դրանով»:
Հատկանշական է, որ Արազ Ազիմովն իր հայտարարությունը արել էր այն ժամանակ, երբ Բաքվում այցով էր գտնվում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հուսեյն Դիրիոզը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: