Ջեյմս Ապատուրայը Հայաստանն անվանել է ՆԱՏՕ-ի համար «կարեւոր» երկիր - Mediamax.am

6139 դիտում

Ջեյմս Ապատուրայը Հայաստանն անվանել է ՆԱՏՕ-ի համար «կարեւոր» երկիր


Ջեյմս Ապատուրայ
Ջեյմս Ապատուրայ

Լուսանկարը` RFE / RL


Երեւան: Մեդիամաքս: Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը ասել է, որ Հայաստանը «կարեւոր» երկիր է Դաշինքի համար:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, վկայակոչելով «Ամերիկայի Ձայնի» ռուսական ծառայությունը, Ջեյմս Ապատուրայն այդ մասին ասել է Վաշինգտոնում` պատմելով դաշինքի ներկայիս եւ հետագա գործընկերների նկատմամբ ՆԱՏՕ-ի ծրագրերի մասին: 

Ջեյմս Ապատուրայն ասել է, որ Վրաստանը, որը բազմիցս ցանկություն է հայտնել անդամակցել ՆԱՏՕ-ին, հավանաբար, կկարողանա իրականացնել իր երազանքը: 

«Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, երբ երկրում բոլոր չափանիշները համապատասխանեն անդամակցության պահանջներին»,- հայտարարել է դաշինքի ներկայացուցիչը` չմոռանալով ընդգծել, որ ՆԱՏՕ-ի գործընկերների հավանական անդամությունը չպետք է անհանգստացնի Ռուսաստանին, որը թեւակոխում է Արեւմուտքի հետ համագործակցության նոր դարաշրջան: 

Խոսելով այն երկրների մասին, որոնք մոտ են թե Ռուսաստանի, թե ՆԱՏՕ-ի հետ` Ջեյմս Ապատուրայը հիշատակել է Հայաստանը, Ղրղզստանը եւ Ուզբեկստանը: 

Այդ երկրները Ջեյմս Ապատուրայն անվանել է «կարեւոր ՆԱՏՕ-ի համար»` առանձնացնելով Հայաստանի եւ Ուզբեկստանի մասնակցությունը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ISAF գործողությանը: 

Ջեյմս Ապատուրայը, ով վերջին տարիներին զբաղեցրել էր ՆԱՏՕ-ի մամուլի քարտուղարի պաշտոնը, Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակվել է 2010թ. դեկտեմբերին: Նա այդ պաշտոնում փոխարինել է ամերիկացի դիվանագետ Ռոբերտ Սիմոնսին: 

Մեդիամաքսի տեղեկությամբ, Ջեյմս Ապատուրայը նախատեսում է Հարավային Կովկաս այցելել մինչեւ ս.թ. մարտի վերջ: 

Մեր ընտրանին