«Փերինչեք v. Շվեյցարիա» գործը եւ հնարավոր հետեւանքները Հայաստանի համար - Mediamax.am

exclusive
9955 դիտում

«Փերինչեք v. Շվեյցարիա» գործը եւ հնարավոր հետեւանքները Հայաստանի համար


Դողու Փերինչեքը մարտի 22-ին Ստամբուլում կայացած նախընտրական հանրահավաքում:
Դողու Փերինչեքը մարտի 22-ին Ստամբուլում կայացած նախընտրական հանրահավաքում:

Լուսանկարը` REUTERS


«Փերինչեք v. Շվեյցարիա» գործում, որը քննվում է շուրջ 9 տարի, վերջերս նոր շրջադարձ եղավ: Շվեյցարիայի իշխանությունները որոշեցին բողոքարկել 2013թ. դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած որոշումը, որի համաձայն, Հայոց ցեղասպանության ժխտումը Թուրքիայի Աշխատանքային կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի կողմից հանցագործություն չի հանդիսանում:

 

Գործի քննությունը հատուկ բնույթ է ստանում Հայոց ցեղասպանության մոտալուտ 100-ամյա տարելիցի լույսի ներքո, եւ հայ փորձագետների կարծիքով, մարտահրավեր է հանդիսանում Հայաստանի համար:

 

ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթեւոսյանի կարծիքով, ՄԻԵԴ-ի որոշումն անակնկալ էր հայկական կողմի համար, մինչդեռ Թուրքիան անմիջականորեն ներգրավված էր դատական գործընթացում:

 

«Հայաստանի դիրքորոշումն ի սկզբանե այն էր, որ իրավական-ընթացակարգային առումով դեկտեմբեր 17-ի վճիռը չէր առնչվում Հայաստանի հետ, հետեւաբար, պաշտոնական Երեւանը չէր կարող տեղեկացվել ու մաս կազմել այդ գործընթացին։

 

Ուշադրության առնելով վճիռը բողոքարկելու վերաբերյալ Շվեյցարիայի որոշումը եւ Հայաստանի, Սփյուռքի կառույցների եւ առանձին անհատների կողմից կատարված աշխատանքն այդ ուղղությամբ` այժմ կարելի է ասել, որ նախորդ` մի կողմ քաշված մնալու դիրքորոշումը հեռու էր արդյունավետ լինելուց։ Կարծես մինչեւ վճիռը համոզվածություն կար, որ ՄԻԵԴ-ը չի կարող որոշում կայացնել հօգուտ Փերինչեքի, քանի որ մեր պահանջն արդար էր։ Մենք կրկին համոզվեցինք, որ արդյունքի կարելի է հասնել միայն Հայաստանի, Սփյուռքի եւ առանձին անհատների միասնական գործողությունների միջոցով», - ասել է նա Մեդիամաքս-ին: 

 

Փորձագետը նշել է, որ չի կարելի կորցնել զգոնությունը, քանի որ, նախ`

բողոքարկումը կարող է մերժվել մինչեւ դատավարության փուլ հասնելը՝ թույլ ձևակերպման կամ փաստարկման պատճառներով եւ երկրորդ` ենթադրվում է, որ Թուրքիան ձեռքերը ծալած չի նստելու: Բացի դրանից, շատ հավանական է, որ բողոքարկման նոր գործընթացը բավականին երկար տեւի։

 

«Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին ՄԻԵԴ-ի դատավճռի հետ կապված գործընթացը կընկալվի որպես մարտահրավեր: Արդյոք մենք կկարողանա՞նք գործընթացն ուղղել մեզ համար իսկապես ճիշտ հունով, թե՞ ստիպված ենք լինելու post factum հանդես գալ միայն ափսոսանքով կամ դատապարտելով: Մենք մեր անելիքը եւ օրակարգը պետք է ի սկզբանե ձեւակերպենք՝ մերժելով վերջին պահին արձագանքելու կամ հակազդելու արատավոր սովորույթը», - նշել է Վահրամ Տեր-Մաթեւոսյանը:    

 

Որոշման հրապարակումից մի քանի օր անց Հայաստանն ամենաբարձր մակարդակով ողջունել էր Շվեյցարիայի կառավարության նախաձեռնությունը` այն անվանելով «ոգեւորիչ»: Նախագահ Սերժ Սարգսյանը վստահություն էր հայտնել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այնպիսի որոշում կկայացնի, որը չի վիրավորի ցեղասպանությունների զոհ դարձած միլիոնավոր մարդկանց հիշատակը:     

 

Փարիզի X-Նանտեր համալսարանի եւ Ժնեւի համալսարանի իրավունքի պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր Սեւանե Ղարիբյանը Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում նշել է, որ Մեծ Պալատը (Grand Chamber) ստիպված կլինի նախեւառաջ որոշում կայացնել շվեյցարական հարցման ընդունման կամ մերժման վերաբերյալ:

 

«Դա հաջորդ կարեւորագույն քայլն է`հաշվի առնելով, որ այդպիսի հարցումները բավականին հազվադեպ են ընդունվում, երբ գործը շատ լուրջ է համարվում: Օրինակ, 2011 թվականից ի վեր Շվեյցարիան տարբեր դատական գործերով հարցում է ուղարկել 4 անգամ, եւ դրանցից միայն մեկն է ընդունվել», - նշել է փորձագետը: 

 

«Իրավական տեսանկյունից 2013թ. դեկտեմբերի 17-ի որոշման հաստատումը լուրջ խնդիր կստեղծի. դա կամրապնդի ցեղասպանության զոհերի կամ մարդկության դեմ ոճրագործությունների նկատմամբ անհավասար վերաբերմունքը այն տարբերությունների լույսի ներքո, որոնք ՄԻԵԴ-ը դնում է Հայոց Ցեղասպանության եւ հրեական Հոլոքոստի միջեւ: Միաժամանակ, Շվեյցարիայի Քրեական օրենսգրքի 261 հոդվածն ուղղված է ցեղասպանությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների ցանկացած հիերարխիայից, դրանց մերժումից եւ անհավասար վերաբերմունքից խուսափելուն», - նշել է Սեւանե Ղարիբյանը Մեդիամաքս-ի հետ զրուցում:

 

Նա ընդգծել է նաեւ, որ օժանդակությունը, որը ստացվել է հայկական սփյուռքի, Ցեղասպանության հարցերով զբաղվող գիտնականների, ամբողջ աշխարհի հասարակական կազմակերպությունների կողմից, շատ կարեւոր էր, քանի որ ընդգծել է գործի վերանայման կարեւորությունը:

 

«Եթե գործի վերանայման հարցումն ընդունվի, դա երրորդ կողմի ընդգրկման հնարավորություն կտա: Թուրքիայի կառավարությունը, որը մինչ օրս սատարել է Դողու Փերինչեքի դիրքորոշումն այդ գործում, անկասկած, կփորձի ներգրավվել: Ինձ թվում է, որ այդ վճռորոշ փուլում «երրորդ կողմերը» նույնպես պետք է արտահայտվեն հօգուտ Շվեյցարիայի: Դա կարող է լինել Շվեյցարիա-Հայաստան Ասոցիացիան կամ ռասիզմի դեմ պայքարող ՀԿ-ները: Դա հարմար պահ կլինի նաեւ Հայաստանի Հանրապետության միջամտության համար: Այդպիսի հարցումը հայկական կողմից կարող է դառնալ շատ կարեւոր եւ ուժեղ խորհրդանշական ու քաղաքական քայլ», - ընդգծել է Սեւանե Ղարիբյանը:  

 

Հանդիսանալով ամենավառ թուրք ազգայնականներից մեկը` Դողու Փերինչեքը ձերբակալվել էր 2008թ. «Էրգենեկոն»-ի գործով եւ ցմահ ազատազրկման դատապարտվել առանց վաղաժամկետ ազատման իրավունքի: Այնուամենայնիվ, 2014թ. մարտի 10-ին դատարանի որոշմամբ նա ազատ արձակվեց:

  

«Հայաստանի եվրոպական ընկերներ» (EuFoA) կազմակերպության գլխավոր քարտուղար Էդուարդո Լորենցո Օչոան նշել է, որ «անարդար դատավճիռը բացասական հետեւանքներ կունենա բոլոր նրանց համար, ովքեր հանդիսանում են մարդու իրավունքների եւ մարդկային արժանապատվության պաշտպանության ջատագովները»:

 

«Մի կողմից, ՄԻԵԴ-ը ղեկավարվում էր Շվեյցարիայում պարոն Փերինչեքի խոսքի ազատությամբ: Մյուս կողմից, Հայոց ցեղասպանությունը պատմաբանների միջազգային հանրության կողմից ճանաչվել է որպես պատմական փաստ: Անարդար դատավճիռը զգալիորեն կխարխլի հանրային վերաբերմունքը ՄԻԵԴ-ի նկատմամբ` որպես կառույցի, որն ընդունել է ոչ միայն պատմական փաստին, այլ նաեւ Միջազգային Քրեական Դատարանի Հռոմեական Կարգավիճակին հակասող որոշում, որի համաձայն, «ցեղասպանություն հանցագործությունը» ճանաչվել է որպես ամբողջ միջազգային հանրության մոտ մտահոգություն առաջացնող 4 ամենալուրջ հանցագործություններից մեկը»,- ասել է EuFoA-ի գլխավոր քարտուղարը Մեդիամաքս-ին:    

 

Չնայած ՄԻԵԴ-ի դեկտեմբերի 17-ի դատավճռում վկայակոչվում է, որ Իսպանիայի եւ Ֆրանսիայի Սահմանադրական դատարանները (համապատասխանաբար, 2007 եւ 2012 թվականներին) Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագիծը ճանաչել են իրենց Սահմանադրությանը չհամապատասխանող, լրատվամիջոցներում շարունակում են տեղեկություններ շրջանառվել համանման օրինագիծը Ֆրանսիայի Սենատի օրակարգում վերստին ներառելու մասին: Փորձագետները կարծում են, որ դա կարող է տեղի ունենալ մինչեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի` Հայաստան այցը, որը նախանշված է 2014թ. մայիսին: 

 

Թղթապանակ

 

2007թ. մարտին թուրք ազգայնական Դողու Փերինչեքը դարձավ առաջին մարդը, ով Շվեյցարիայում դատապարտվեց Ցեղասպանության մերժման համար: Այդ երկրում 2005թ. տարբեր համաժողովների ընթացքում նա հայերի ցեղասպանությունն անվանում էր «միջազգային սուտ», ինչի համար «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիան նրան դատի տվեց ռասայական խտրականության հոդվածով:

 

Դատական նիստերի ընթացքում թուրք ազգայնականը շարունակում էր իր թեզը` հայտարարելով, որ ինքը «չի մերժել ցեղասպանությունը, քանի որ ցեղասպանություն չի եղել»: Արդյունքում, 2007թ. մարտին Շվեյցարիայի շրջանային դատարանը նրան մեղավոր ճանաչեց օրենսդրությունը խախտելու մեջ եւ նշանակեց 12 000 շվեյցարական ֆրանկ տուգանք: Նույն տարի Շվեյցարիայի Դաշնային Գերագույն դատարանը հաստատեց այդ որոշումը, իսկ Փերինչեքը հայտարարեց, որ կդիմի ՄԻԵԴ: Մի քանի տարի տեւած դատավարությունից հետո Դատարանը վճռեց, որ «քրեական դատապարտումը 1915թ. եւ դրանից հետո հայ ժողովրդի դեմ կատարված վայրագությունների մերժման համար արդարացված չէր»:

 

ՄԻԵԴ-ի որոշման համաձայն, «զգայուն եւ հակասական բնույթ կրող հարցերի բաց քննարկման իրավունքի ազատ իրականացումը եղել է կարծիք արտահայտելու ազատության հիմնարար ասպեկտներից մեկը եւ այն հանդուրժողական ու բազմակարծ ժողովրդավարական հասարակությունը տարբերակում է տոտալիտար կամ բռնատիրական ռեժիմից»:

 

ՄԻԵԴ-ը հստակ սահմանազատում է դրել նաեւ Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոստի միջեւ` նշելով, որ վերջինի վերաբերյալ գոյություն ունեն շատ կոնկրետ պատմական փաստեր, օրինակ, գազային խցերի առկայությունը: 

 

Թուրքիայի ԱԳՆ-ը ողջունել էր ՄԻԵԴ-ի որոշումը` այն անվանելով «խոսքի ազատության պաշտպանության ուղենիշ, ինչը հանդիսանում է ազատությանը հավատարիմ հանրությունների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության հիմնական տարրը»:

 

«Ակնհայտ է, որ ՄԻԵԴ-ի դատավճիռը կարեւոր նախազգուշացում է հանդիսանում ինչպես պատմությունն ու օրենսդրությունը քաղաքականացնելու դեմ, այնպես էլ պատմության նկատմամբ միակողմանի հայացքի օրինականացմանն ուղղված նախաձեռնությունների դեմ», - ասված էր Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

 

Հայաստանի ԱԳՆ-ը պաշտոնապես չարձագանքեց ՄԻԵԴ-ի դատավճռին, սակայն փորձագիտական մակարդակով ի հայտ եկան մտավախություններ, որ դա կարող է նախադեպ հանդիսանալ ապագայում նմանատիպ որոշումների կայացման համար:

 

Դատարանի վճռի հրապարակումից հետո, որով շվեյցարական օրենքն անվանվեց խոսքի ազատության սկզբունքի խախտում, Շվեյցարիան երեք ամիս ուներ դատավճիռը բողոքարկելու համար, եւ Բեռնը օգտվեց այդ իրավունքից:

 

Արամ Արարատյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին