ԵՄ-ն չի քննարկում Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման հարցը - Mediamax.am

exclusive
5916 դիտում

ԵՄ-ն չի քննարկում Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման հարցը


Սերժ Սարգսյանը եւ Քեթրին Էշթոնը
Սերժ Սարգսյանը եւ Քեթրին Էշթոնը

Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական Միությունը չի քննարկում Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման հարցը:

Այդ մասին է վկայում ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով Գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամուլի խոսնակ Մայա Քոչիյանչիչի պատասխանը Մեդիամաքս-ի հարցին:

 

Մեդիամաքս-ը դիմել էր Մայա Քոչիյանչիչին` խնդրելով մեկնաբանել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրելու ԵՄ որոշումը «հնարավորությունների պատուհան» է բացում Հայաստանի համար: 

 

Ի պատասխան` Մայա Քոչիյանչիչն առաջարկել է ծանոթանալ նախորդ շաբաթ ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հայտարարությանը, որում, մասնավորապես, ասվում է.

 

«ԵՄ-ն, նրա անդամ-երկրները եւ Ուկրաինան կստորագրեն Ասոցացման համաձայնագրի քաղաքական գլուխները: ԵՄ-ն եւ նրա անդամ-երկրները հավատարիմ են մնում Ասոցացման համաձայնագրի մնացած մասի եւ Խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրմանը, որը քաղաքական գլուխների հետ մեկտեղ միասնական գործիք է ձեւավորում»:

 

2013թ. սեպտեմբերին եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում ասել էր, որ «մենք չենք կարող մասնատել Ասոցացման համաձայնագիրը»: 

 

«ԵՄ հետեւողական դիրքորոշումն այն է, որ քաղաքական ասոցացումը եւ տնեսական ինտեգրացումը պետք է առաջ ընթանան միաժամանակ` հանդիսանալով Ասոցացման համաձայնագրի անբաժանելի մասերը: Այդ պատճառով, մենք չենք կարող առանձնացնել համաձայնագրի այս երկու կարեւորագույն բաղադրիչները»,- ասել էր Ֆյուլեն:

 

ԵՄ-ի հետ Հայաստանի Ասոցացման համաձայնագիրը, ներառյալ Խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտին, նախատեսվում էր նախաստորագրել 2013թ. Վիլնյուսում Արեւելյան Գործընկերության գագաթնաժողովում: Մաքսային միությանն անդամակցելու ՀՀ նախագահի որոշումից հետո, որի մասին հայտարարվեց 2013թ. սեպտեմբերի 3-ին, ԵՄ-ն հայտարարեց Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելու անհնարինության մասին: Արդյունքում Վիլնյուսի գագաթնաժողովում ստորագրվեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով Գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի համատեղ հայտարարությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին