Շտեֆան Ֆյուլեն կքննադատի Ռուսաստանին եւ աջակցություն կհայտնի վերջինիս ճնշման տակ գտնվող երկրներին - Mediamax.am

exclusive
7567 դիտում

Շտեֆան Ֆյուլեն կքննադատի Ռուսաստանին եւ աջակցություն կհայտնի վերջինիս ճնշման տակ գտնվող երկրներին


Շտեֆան Ֆյուլե
Շտեֆան Ֆյուլե

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր կհայտարարի, որ ԵՄ պատրաստ է աջակցել Արեւելյան գործընկերության այն երկրներին, որոնք գտնվում են Ռուսաստանի ճնշման ներքո:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են լավատեղյակ աղբյուրները, Շտեֆան Ֆյուլեն այսօր ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանում եւ սուր քննադատության կենթարկի Ռուսաստանին, որը ճնշում է գործադրում Արեւելյան գործընկերությանն անդամակցող որոշ երկրների վրա:

 

Աղբյուրը հայտնել է, որ հանձնակատարը, մասնավորապես, կհայտարարի, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծումը պետք է հարգի ԵՄ գործընկեր-երկրների ինքնիշխան որոշումները: Շտեֆան Ֆյուլեն մտադիր է «անընդունելի» անվանել Ռուսաստանի կողմից կիրառվող բոլոր այն սպառնալիքները, որոնք առնչվում են ԵՄ եւ գործընկեր-երկրների միջեւ կնքվելիք համաձայնագրերին:

 

Հանձնակատարը, մասնավորապես, կնշի, որ ռուսական ճնշման գործիքներ են հանդիսանում էներգակիրների գները, արհեստական առեւտրային խոչընդոտները, ռազմական համագործակցությունը եւ անվտանգության երաշխիքները, չլուծված հակամարտությունները:

 

Շտեֆան Ֆյուլեն մտադիր է ընդգծել, որ նման գործողությունները բացահայտ ձեւով խախտում են այն սկզբունքները, որոնց տակ իրենց ստորագրությունն են դրել բոլոր եվրոպական պետությունները:

 

Հանձնակատարը նաեւ կհստակեցնի, որ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու անհամատեղելիությունը Մաքսային միության հետ պայմանավորված է ոչ թե գաղափարախոսական, այլ զուտ իրավական պատճառներով:

 

Շտեֆան Ֆյուլեն վաղը ժամանելու է Երեւան ՝ մասնակցելու Արեւելյան գործընկերության անդամ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ Շտեֆան Ֆյուլեն ս.թ. հուլիսի 10-ին Երեւանում ասել էր, որ Հայաստանը չպետք է ընտրի, թե ում հետ համագործակցի՝ Եվրամիության կամ Ռուսաստանի:

 

«Մենք երբեք չենք ասել մեր գործընկերներին՝ դադարեցրեք կամ նվազեցրեք հարաբերությունների որակը ռուս գործընկերների հետ: Հակառակը՝ մենք հստակ ասում ենք, որ Արեւելյան գործընկերության շրջանակներում ստանձնած պարտավորությունները որեւէ բացասական ազդեցություն չեն կարող ունենալ Ռուսաստանի հետ ձեր ավանդական կապերի վրա: Նույնը ասում ենք նաեւ Մոսկվայում», - ասել էր Շտեֆան Ֆյուլեն: Նա նաեւ շեշտել էր, որ Եվրամիության կողմից «միայն խրախուսվում է շարունակել այն համագործակցությունը Ռուսաստանի հետ, որը Հայաստանը համարում է կարեւոր եւ համատեղելի իր շահերի հետ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին