ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահը Ջեյմս Ուորլիքն է - Mediamax.am

4247 դիտում

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահը Ջեյմս Ուորլիքն է


Ջեյմս Ուորլիքը
Ջեյմս Ուորլիքը

Լուսանկարը` bulgaria.usembassy.gov


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի որոշմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահ է նշանակվել դեսպան Ջեյմս Ուորլիքը (James Warlick):

ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդագրության համաձայն, դեսպան Ուորլիքը մինչեւ վերջերս աշխատել է որպես ԱՄՆ հատուկ ներկայացուցչի տեղակալ Աֆղանստանում եւ Պակիստանում, ինչպես նաեւ եղել է Աֆղանստանի հետ երկկողմ անվտանգության համաձայնագրի հարցերով գլխավոր բանակցողը: 

 

2009-2012թթ. Ջեյմս Ուորլիքը զբաղեցրել է Բուլղարիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը: Ըստ հաղորդագրության, Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարություններն արդեն տեղեկացվել են դեսպանի նշանակման մասին, որը սեպտեմբերից կանցնի իր պարտականությունների իրականացմանը:

 

«Միացյալ Նահանգները շարունակում են հավատարիմ մնալ իրենց օժանդակությանը կողմերին՝ հասնելու տեւական եւ խաղաղ կարգավորմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Հունիսի 18-ին իրենց համատեղ հայտարարությունում նախագահներ Օբաման, Պուտինը, եւ Օլանդը կոչ են արել կողմերին նոր էներգիայով կենտրոնանալ այն հարցերի վրա, որոնք դեռ մնում են չլուծված, եւ նշել են,  որ ղեկավարները պետք է նախապատրաստեն իրենց ժողովուրդներին խաղաղությանը, այլ ոչ թե պատերազմին: Դեսպան Ուորլիքը ունի իմաստություն, վճիռ ու փորձ, որպեսզի օգնի կողմերին հասնել այդ նպատակին»,- ասվում է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ:

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ Ջեյմս Ուոլրիքը այդ պաշտոնում կփոխարինի Յան Քելիին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին