Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Երկրի դրության մասին» ուղերձում Հայաստանն ու Ադրբեջանը ներառել է իր արտաքին քաղաքական ձեռքբերումների ցանկում
Փետրվարի 24-ին Կոնգրեսի համատեղ նիստում ելույթ ունենալով ռեկորդային 1 ժամ 47 րոպե տեւողությամբ ուղերձով, Թրամփը հիշատակել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորումը մի շարք այլ հակամարտությունների թվում՝ ներկայացնելով դա որպես իր վարչակազմի արտաքին քաղաքական հաջողությունների վկայություն։
Մեդիամաքսը հիշեցնում է, որ փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայացած Խաղաղության խորհրդի հիմնադիր նիստում Թրամփը հատուկ նշել էր Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին՝ երկու երկրների միջեւ խաղաղության գործընթացն անվանելով իր վարչակազմի առանցքային դիվանագիտական նվաճումներից մեկը:
Ելույթ ունենալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ներկայությամբ՝ Թրամփը պատմել էր, որ սկզբում երկու առաջնորդները իրենց անհարմար էին զգում Օվալաձեւ գրասենյակում, սակայն ինտենսիվ բանակցությունների արդյունքում նրանց հաջողվեց համաձայնության գալ։
«Նրանք երկուսն էլ «պինդ ընկույզներ» են: Կարծում եք՝ հե՞շտ էր։ Ո՛չ, հեշտ չէր։ Նրանք երկուսն էլ խիստ մարդիկ են, լավ, բայց խիստ», - ասել էր Թրամփը՝ մատնացույց անելով երկու ղեկավարներին։
«Մենք պայմանավորվեցինք, նրանք գրկախառնվեցին, ստորագրեցին, եւ խաղաղություն հաստատվեց։ Երկու շատ կարեւոր երկրներ։ Ես դա երբեք չեմ մոռանա», - ասել էր Թրամփը։















