Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամին, մրցանակի հանձնաժողովի անդամներ Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Շառլ Միշելին, Աֆրիկյան միության հանձնաժողովի նախկին նախագահ Մուսա Ֆակի Մահամաթին։
Կառավարությունից հայտնում են, որ «Մուհամմադ Աբդելսալամը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը ճանաչվել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակակիր՝ ի նշանավորումն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանում համագործակցության և կայունության ապահովման օրակարգը հետևողականորեն առաջ մղելու համար»։
Նույն մրցանակին արժանացել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Իհարկե, ես գիտեմ, որ Ադրբեջանի նախագահը նույնպես պարգևատրվել է և մենք կիսում ենք այս մրցանակը։ Դա արդարացված է։ Այն իսկապես համատեղ նվաճում է։ Խաղաղության հաստատման ուղղությամբ շատ մարդիկ էին աշխատում և դեռ աշխատում են՝ ԱՄՆ-ում, ԵՄ-ում, տարբեր միջազգային հարթակներում, Ադրբեջանում։ Եվ իհարկե, առաջին հերթին դա մեր քաղաքական թիմի, կառավարության, խորհրդարանի, հասարակության ձեռքբերումն է, որովհետև գիտեք, որևէ համաձայնության ի կատար ածումն անհնարին կլիներ առանց հասարակության, ժողովրդի աջակցության»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։
Հանդիպման ընթացքում վարչապետին է փոխանցվել փետրվարի 4–ին Աբու Դաբիում կայանալիք «Զայեդի» մրցանակի արարողությանը մասնակցելու հրավերը։
Մեդիամաքսը նշում է, որ 2020 թվականի պատերազմից հետո Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Շառլ Միշելը ակտիվ միջնորդություն էր իրականացնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որը, սակայն, հաջողությամբ չպսակվեց: Ավելին, Շառլ Միշելը քննադատության ենթարկվեց Ադրբեջանի նախագահի կողմից:
Կարդացեք 2022 թվականի մայիսին հրապարակված Շառլ Միշելը՝ նոր «գլխավոր միջնորդը» հոդվածը:















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: