Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը խոսել է TRIPP նախագծի մասին - Mediamax.am

Դեկտեմբեր 23, 2025
213 դիտում

Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը խոսել է TRIPP նախագծի մասին


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է, որ «մենք ներկայումս նաեւ շատ կառուցողական երկկողմ բանակցություններ ենք վարում Միացյալ Նահանգների հետ՝ TRIPP նախագծի իրականացման եւ կառուցման վերաբերյալ»:

«Սրանք իսկապես նշանակալի եւ բովանդակալից փոփոխություններ են մեր տարածաշրջանի համար: Այստեղ կան նաեւ բազմաթիվ նրբերանգներ, որոնք առնչվում են Ռուսաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների հետ», - ասել է Փաշինյանը՝ դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը:

 

«Իհարկե, մեր տարածաշրջանում շատ կարեւոր եւ, բարեբախտաբար, դրական զարգացումներ են տեղի ունենում։ Եվ ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար։ Եվ, ինչպես մենք ասում էինք օգոստոսի 8-ից հետո մեր հեռախոսազրույցում, ձեռք բերված խաղաղությունը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։

 

Եվ դա արդեն տեղի է ունեցել, քանի որ Ռուսաստանից գնացքներն արդեն ուղեւորվում են դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, ինչը, կարծում եմ, իսկապես պատմական իրադարձություն է։ Եվ, ինչպես արդեն նշեցիք, բացվում են նոր հնարավորություններ։ Մեր երկրում երկաթուղային որոշ այլ հատվածների վերականգնման օրակարգն արդեն հասունացել է։

 

Ես, մասնավորապես, նկատի ունեմ Իջեւանի, Երասխի եւ Ախուրիկի հատվածները։ Սրանք այն երկաթուղիներն են, որոնք կապում են Հայաստանն Ադրբեջանի, Ադրբեջանի հիմնական մասը Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ, քանի որ բավականին ակտիվ քաղաքական գործընթաց է ընթանում։ Չեմ կարող ասել, որ արդեն կան քաղաքական որոշումներ այդ երկաթուղիների վերաբացման վերաբերյալ։ Բայց կարծում եմ, որ իրավիճակը հասունացել է այնքան, որ անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել», - ասել է Հայաստանի վարչապետը:

 

Ռուսաստանի նախագահն իր բացման խոսքում, մասնավորապես, ասել է.

 

«Մենք լավ ծրագրեր ունենք, արդեն քննարկել ենք էներգետիկան, այդ թվում՝ ատոմային էներգետիկան։ Հիմա մանրամասների մեջ չենք մտնի, բայց կա քննարկելու, խոսելու հնարավորություն։ Լոգիստիկայի ոլորտի մասին նույնպես։

 

Մեր նախորդ հանդիպման ժամանակ Դուք բարձրացրեցիք տարբեր հարցեր, որոնց վրա կարող ենք համատեղ աշխատել, այդ թվում՝ հին երթուղիների վերականգնումը եւ նոր երթուղիների ստեղծումը, որոնք կբացեն Հայաստանի սահմանները: Այսպիսով, ընդհանուր առմամբ, ամեն ինչ լավ է ընթանում: Իհարկե, կան այլ հարցեր, որոնք մենք հիմա կքննարկենք»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին