Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն ասել է, որ միջազգային տարբեր գործընկերներ պարբերաբար իրենց գաղափարներն են ներկայացնում Հայաստանի եւ Ադրբեջան միջեւ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ:
Այդ մասին նա ասել է՝ մեկնաբանելով հրապարակումներն այն մասին, որ ամերիկյան կողմն առաջարկներ է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջան միջեւ տրանսպորտային կապերի վերականգման վերաբերյալ:
«Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը Հայաստանի համար եղել եւ մնում է կարեւոր առաջնահերթություն: Հայաստանն առաջարկել է տարածաշրջանային փոխկապակցվածության իր տեսլականը՝ «Խաղաղության խաչմերուկը», որն արդեն իսկ դրական արձագանքների է արժանացել մի շարք միջազգային գործընկերների կողմից: Ավելին՝ Հայաստանն առաջարկել է այդ նախաձեռնությանը համահունչ մի շարք լուծումներ, որոնք կարող են ընդունելի լինել բոլոր ներգրավված կողմերի համար:
Միաժամանակ, միջազգային տարբեր գործընկերներ եւս պարբերաբար իրենց գաղափարներն են ներկայացնում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, այդ թվում` երկու երկրների միջեւ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ: Քննարկումները շարունակվում են շահագրգիռ բոլոր գործընկերների հետ՝ շահավետ եւ տարածաշրջանի խաչմերուկային ներուժն իրացնող արդյունքների հասնելու նպատակով», - ասել է ԱԳՆ խոսնակը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: