Թուրք եւ ադրբեջանցի փորձագետներն ու Բրայզան կարեւորել են Փաշինյանի «հաղթանակը» - Mediamax.am

540 դիտում

Թուրք եւ ադրբեջանցի փորձագետներն ու Բրայզան կարեւորել են Փաշինյանի «հաղթանակը»


Լուսանկարը` report.az


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանցի եւ թուրք փորձագետները, ինչպես նաեւ Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպանը Մեթյու Բրայզան մեկնաբանել են Հայաստանի իրադարձությունները թուրքական TRT World հեռուստաալիքի համար:

 

Թուրքիայի Աբանթ Իզզեթ Բայսալ համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Քամեր Քասիմը հայտարարել է, որ «հայկական սփյուռքի եւ «Դաշնակցության» նման ռադիկալ խմբերի հետ կապեր ունեցող Եկեղեցու ղեկավարությունը ցանկացել է տապալել Հայաստանի կառավարությունը»:

 

«Թվում է, որ Եկեղեցու աջակցությունը վայելող Փաշինյանի քաղաքական հակառակորդները կազմակերպել են հեղաշրջման այս փորձը: Ակնհայտ է, որ հեղաշրջման փորձին մասնակցել են որոշ նախկին զինվորականներ եւ ոստիկանության սպաներ», - հայտարարել է Քասիմը:

 

«Փաշինյանի հակառակորդները կփորձեն ամեն ինչ անել՝ խանգարելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը», - նշել է ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Ֆուադ Չիրաղովը: Նա գտնում է, որ Եկեղեցու հետ կապված ուժերը կարող են բռնության դիմել  Փաշինյանին տապալելու համար:

 

Չիրաղովը պնդում է, որ «հեղաշրջման փորձը» պայմանավորված է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացներով: Նրա խոսքով, «հեղաշրջում» իրականացնելու մեկ այլ դրդապատճառ է Հայաստանում կայանալիք սահմանադրական հանրաքվեն:

Ադրբեջանի Պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր Զախիդ Մամեդովի խոսքով՝ Փաշինյանը հասկանում է, որ առանց Թուրքիայի աջակցության Հայաստանը չի կարող բարգավաճել Կովկասում:

 

Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպանն եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան TRT World-ին ասել է, որ «վարչապետ Փաշինյանի բազմաթիվ քաղաքական հակառակորդներն վաղուց են դեմ հանդես գալիս Ադրբեջանի հետ խաղաղությանը՝ նրան «դավաճան» անվանելով»:

 

«2021թ. սկզբին լուրեր կային Փաշինյանին սպանելու նպատակով գաղտնի դավադրության մասին, բայց նա եւ նրա քաղաքական շարժումը հաղթեցին 2021թ. հունիսի ընտրություններում՝ ապացուցելով, որ հայերի ճնշող մեծամասնությունը իսկապես ձգտում է Ադրբեջանի հետ խաղաղությանը», - հայտարարել է Բրայզան:

 

Զախիդ Մամեդովը մեկնաբանել է նաեւ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի վերջին հայտարարություները:

 

«Ռուսաստանն ասում է, որ Կարապետյանը իր քաղաքացին է, բայց ինչու՞ է հայկական արմատներ ունեցող ՌԴ քաղաքացին նման հայտարարություն է անում հայկական եկեղեցու՝ Փաշինյանի դեմ դիրքորոշման վերաբերյալ», - հայտարարել է նա:

 

«Սա պատմական պահ է Հայաստանի համար. եթե Փաշինյանը հաղթի, դա կնշանակի խաղաղության եւ տարածաշրջանային ինտեգրման կողմնակիցների հաղթանակ», - ասել է Ֆուադ Չիրաղովը:

 

«Մենք ուզում ենք տեսնել, թե որ կողմը կգրավի մարդկանց սրտերն ու միտքը: Ադրբեջանը գիտի, որ եթե Փաշինյանի հակառակորդները հաջողության հասնեն, նրանք կչեղարկեն ամեն ինչ, ներառյալ Բաքվի հետ խաղաղության պայմանագիրը», - նշել է նա: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին