ԱԳՆ-ն կոչ է անում ԻՀԿ երկրներին չթիրախավորել ՀՀ ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը - Mediamax.am

448 դիտում

ԱԳՆ-ն կոչ է անում ԻՀԿ երկրներին չթիրախավորել ՀՀ ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը «խորապես հիասթափված է Իսլամական համագործակցության կազմակերպության /ԻԿՀ/ նախարարական վերջին համաժողովի շրջանակում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» եւ Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձեւերում տեղ գտած խեղաթյուրված եւ ծայրահեղ միակողմանի ձեւակերպումների առնչությամբ»։

ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ տվյալ փաստաթղթերում արտահայտված շեշտադրումները «հակասում են տարածաշրջանում տեւական խաղաղության հաստատման շահերին եւ տրամաբանությանը»:

 

«ԻՀԿ անդամ պետությունների ուշադրությունը հրավիրում ենք այն փաստին, որ «Արեւմտյան Ադրբեջանի» խոսույթը մարդու իրավունքների քողի ներքո Ադրբեջանի կողմից հստակ տարածքային պահանջ է ՀՀ ինքիշխան տարածքի նկատմամբ, ինչը փաստվում է անգամ այդ նպատակով արհեստականորեն ձեւավորված «կազմակերպության» հիմնադիր փաստաթղթերում»,- ասված է հայտարարության մեջ։

 

ՀՀ ԱԳՆ-ն ԻՀԿ անդամների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ Հայաստանը հայտարարել է համաձայնագիրն առանց որեւէ հետաձգման ստորագրելու պատրաստակամության մասին՝ առաջարկելով խորհրդակցություններ սկսել դրա ստորագրման վայրի եւ ժամկետի շուրջ, ինչպես նաեւ առաջարկել է կառուցողական լուծումներ գտնել Ադրբեջանի կողմից բարձրացվող մի շարք հարցերի կապակցությամբ: 

 

«Տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ հետաքրքրված գործընկերների կողմից առավել տրամաբանական կլիներ հորդորել Ադրբեջանին առանց անհարկի հետաձգման ստորագրել համաձայնագիրը՝ զերծ մնալով այդ ճանապարհին արհեստական խնդիրներ հարուցելուց։

 

ԱԳ նախարարությունը կոչ է անում վերոնշյալ հռչակագրին եւ բանաձեւերին միացած Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրներին վերանայել եւ վճռականորեն հրաժարվել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը թիրախավորող եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարգավորման գործընթացը վտանգող կողմնակալ նախաձեռնություններից»,- ասված է հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին