Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքը Երեւանում քննարկել են Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ ռազմավարական գործընկերության օրակարգի հարցեր։
«Հանդիպմանը մտքեր են փոխանակվել գործընկերության կանոնադրությամբ արձանագրված, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով համագործակցության զարգացման շուրջ՝ միտված կոնկրետ արդյունքների ապահովմանն ու ՀՀ դիմակայունության ամրապնդմանը: Անդրադարձ է կատարվել առաջիկա ծրագրերին:
Արարատ Միրզոյանը եւ Ջոշուա Հաքը գոհունակությամբ են նշել ակտիվ փոխայցելությունները, այդ թվում՝ «Երեւանյան երկխոսություն» միջազգային 2-րդ ֆորումին ԱՄՆ-ի պաշտոնական ու փորձագիտական շրջանակների մասնակցությունը:
ՀՀ ԱԳ նախարարը եւ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ առկա է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման իրական հնարավորություն, եւ այդ ճանապարհին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրումը կդառնա պատմական հանգրվան։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել խաղաղության օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ գործադրվող շարունակական ջանքերի շուրջ»,- ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում:
















