Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ, որում չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը:
«Այսօր մենք հիշատակում ենք Մեծ Եղեռնը եւ հարգանքի տուրք մատուցում այն հրաշալի հոգիների հիշատակին, որոնք տուժել են 20-րդ դարի ամենասարսափելի աղետներից մեկում: 1915 թվականից սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիներին 1.5 մլն հայ աքսորվեց եւ մահվան երթի դատապարտվեց: Հիշատակի այս օրը մենք կրկին միանում ենք Ամերիկայի եւ ամբողջ աշխարհի հայ համայնքին՝ սգալով կորցրած բազմաթիվ կյանքերի համար:
Մենք հպարտ ենք 1915-ին հիմնադրված Հայկական եւ սիրիական օգնության ամերիկյան կոմիտեով, որը կարեւոր մարդասիրական աջակցություն է տրամադրել հայ փախստականներին, եւ երախտապարտ ենք հազարավոր ամերիկացիների, որոնք օժանդակեցին եւ կամավորագրվեցին՝ օգնելու իրենց տներից տեղահանված հայերին»,- իր ուղերձում նշել է Դոնալդ Թրամփը:
Նա ասել է, որ «այս օրը ողբերգության լույսի ներքո մենք ականատես ենք լինում նաեւ հայ ժողովրդի ուժին ու ամրությանը».
«Շատ հայեր իրենց հարուստ մշակույթը բերել են ԱՄՆ ափեր եւ մեծ ներդրում ունեն ԱՄՆ կյանքում:
Մենք անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակության եւ տարածաշրջանային կայունության ամրապնդմանը՝ ձգտելով կայուն բարգավաճման եւ անվտանգության»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: