Երեւան: Մեդիամաքս: Իսրայելը հասկացրել է Թուրքիային, որ չի հանդուրժի սիրիական բազաների թուրքականի վերածումը։
«Վերջին օրերին ես նշաններ եմ տեսնում, որ թուրքերը հասկացել են մեզ. մենք լուրջ ենք մեր մտադրություններում, իսկ թուրքերին լայնամասշտաբ առճակատում պետք չէ: Ես նույնիսկ չեմ կարող պատկերացնել մի իրավիճակ, երբ մենք կռվում ենք ՆԱՏՕ-ի անդամի դեմ, որն ունի երկրորդ ամենամեծ բանակը դաշինքում: Բայց Թուրքիան ինք էլ չի ցանկանում իր ուժը փորձարկել մեզ հետ բախման մեջ»,- ասել է Երուսաղեմի ռազմավարության եւ անվտանգության ինստիտուտի փոխնախագահ Էրան Լերմանը, որը 2008-2015 թվականներին զբաղեցրել է Իսրայելի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնը:
«Թուրքիան G20-ի անդամ է, ուստի տնտեսական տեսակետից այն լուրջ միավոր է: Էրդողանի քաղաքական հիմքը կառուցված է հենց տնտեսական հաջողության վրա. նա միլիոնավոր թուրքերի օգնել է դուրս գալ քաղաքի ետնախորշերից, աղքատ տնակներից ու վրաններից եւ ցածր միջին խավի մաս կազմել: Չեմ կարծում, որ թուրքերը կվտանգեն այս ամենը հանուն Իսրայելի հետ առճակատման», - ասել է Լերմանը «Միջազգային դիտարկում» հեռուստածրագրին տված հարցազրույցում։
«Մեզ անհրաժեշտ են հաղորդակցության ուղիներ, երկխոսության հնարավորություններ, այդ թվում՝ Էրդողանի եւ նրա ժողովրդի հետ: Այժմ Գազայի պատճառով նա թույնով է լցված, ցանկանում է, որ Իսրայելը կործանվի եւ օգտագործում է կեղտոտ հռետորաբանություն: Բայց, ի վերջո, դիվանագիտական հարաբերությունները պահպանվում են, մենք օգտագործում ենք անուղղակի լծակներ: Սիրիայում մենք նույնիսկ ուղղակի լծակներ ունենք: Մենք պետք է սիրիացիների հետ խոսենք ստեղծվող իրավիճակի մասին, եւ պետք է ճանապարհ գտնենք նաեւ թուրքերի հետ խոսելու այն մասին, ինչ տեղի է ունենում»,- ասել է Էրան Լերմանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: