Պուտինն ու Էրդողանը «հանգամանալից» հեռախոսազրույց են ունեցել - Mediamax.am

2137 դիտում

Պուտինն ու Էրդողանը «հանգամանալից» հեռախոսազրույց են ունեցել


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր «հանգամանալից հեռախոսազրույց» են ունեցել, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

 

«Քննարկվել են տարբեր ոլորտներում ռուս-թուրքական փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման հարցերը, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում ռազմավարական նախագծերի խթանումը: Գոհունակությամբ նշվել է երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան եւ փոխադարձ առեւտրի աճը։

 

Ռուսաստանի նախագահը կիսվել է ԱՄՆ-ի հետ երկխոսության առաջընթացի վերաբերյալ իր գնահատականներով՝ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման եւ ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Նշվել է բարձրագույն եւ այլ մակարդակներում անցկացվող շփումների կառուցողական բնույթը։

 

Ռեջեփ Թայիփ Էրդողանը աջակցություն է հայտնել ռուս-ամերիկյան երկխոսությանը եւ հաստատել է «սեւծովյան գործարքի» առաջխաղացմանը նպաստելու թուրքական կողմի պատրաստակամությանը։

 

Սիրիայում իրավիճակը քննարկելիս առաջնորդներն ընդգծել են երկրի միասնության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ապահովման կարեւորությունը, իշխանություններին եւ ժողովրդին հնարավոր օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ ներքաղաքական կայունությունն ամրապնդելու եւ բնակչության բոլոր էթնիկ եւ կրոնական խմբերի օրինական իրավունքներն ու շահերը հարգելու համար»։

 

Հեռախոսազրույցի մասին Թուրքիայի ղեկավարի աշխատակազմի հաղորդագրությունում, որը մեջբերում է ՏԱՍՍ-ը, մասնավորապես, ասվում է.

 

«Քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային եւ գլոբալ հարցերը: Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիա-Ռուսաստան համագործակցությունը առանցքային նշանակություն ունի տարածաշրջանային խնդիրների լուծման համար, որ Թուրքիան ուշադրությամբ հետեւում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ընթացող պատերազմին վերջ տալու համար սկսված գործընթացին, եւ որ Թուրքիան պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել, ներառյալ խաղաղ բանակցությունների կազմակերպումը, պատվաբեր եւ տեւական խաղաղություն ապահովելու համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին