Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն այսօր ասել է, որ «Հայաստանը չի միլիտարիզացվում, այլ իրականացնում է բանակի կերպափոխման ռազմավարությունը, որը հրապարակային փաստաթուղթ է»:
«ՀՀ օրակարգում գտնվող ո՞ր հարցի լուծումն է, որ կարող է ենթադրել ուժային սցենար։ Նման մեկնաբանություն տեղ կարող էր տալ միայն ՀՀ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների հարցը, որի մասին ՀՀ-ն հստակ արտահայտվել է, որ այդ հարցը ուժային ճանապարհով լուծելու խնդիր չի դնում, որովհետեւ սահմանազատման գործընթացը եւ հիմա արդեն՝ Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստն այդ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու բոլոր հնարավորությունները ստեղծել են։
Հայաստանը ուժային մի սցենարի կարող է պատրաստվել՝ դիմակայելու հնարավոր ագրեսիային, իսկ սա ցանկացած երկրի լեգիտիմ իրավունքն է, եւ սահմանամերձ հատվածներում Հայաստանի բոլոր քայլերը տեղավորվում են բացառապես պաշտպանական տրամաբանության մեջ»,- Արմենպրեսի հետ զրույցում նշել է Անի Բադալյանը՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելուն, ԱԳՆ խոսնակն ասել է, որ «ՀՀ-ն ամենաբարձր մակարդակով հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ լուծարումը դիտարկելու իր պատրաստակամության մասին».
«Հայաստանը պարզապես ուզում է համոզված լինել, որ սա նշանակում է կոնֆլիկտի դե ֆակտո եւ դե յուրե ավարտ եւ ոչ թե դրա տեղափոխում Հայաստանի տարածք, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջանի» խոսույթի ներքո»:
Խոսելով ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին՝ ԱԳՆ խոսնակը նշել է, որ «Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը լուծում է այս խնդիրը»։
«Ինչո՞ւ։ Որովհետեւ համաձայնեցված տեքստում արձանագրվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը ԽՍՀՄ հանրապետությունների սահմաններով, միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ եւ պարտավորվում են ապագայում եւս չներկայացնել նման պահանջներ։
Բացի սա, Համաձայնագրի տեքստում ընդգծվում է, որ կողմերը չեն կարող իրենց ներքին օրենսդրությունը վկայակոչել համաձայնագրի դրույթները չկատարելու համար։
Հիշեցնեմ նաեւ, որ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ վավերացված միջազգային պայմանագրերի եւ ՀՀ օրենսդրության միջեւ հակասության առկայության դեպքում գործում են միջազգային պայմանագրի դրույթները։ ՀՀ Սահմանադրությունը չի կարող վկայակոչվել որպես խոչընդոտ՝ Խաղաղության համաձայնագրի չստորագրման համար։ Ընդհակառակը, նույնիսկ Սահմանադրության հետ կապված մտահոգությունների հասցեագրման ամենաարդյունավետ ձեւը Խաղաղության համաձայնագրի ստորագրումն է»,- ասել է Անի Բադալյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: