Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանն ու Թուրքիան կարող են համագործակցել Սիրիայի հարցում:
Ըստ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության՝ այդ մասին նա ասել է թուրք լրագրողների հետ հանդիպմանը:
«Մենք հետաքրքրված ենք Սիրիայի հարցում, որտեղից ցավոք, որոշ անհանգստացնող լուրեր նորից սկսեցին գալ, ինչպե՞ս կարող ենք համագործակցել։ Նման խոսակցություն կա Հայաստանի և Թուրքիայի միջև, շատ ծավալուն խոսակցություն չէ, բայց այնուամենայնիվ՝ այո, այդ օրակարգը կա՝ հարգելով բոլոր երկրների ինքնիշխանությունը տարածքային ամբողջականությունը, նրանց իրավազորությունը:
Սիրիայում մենք հայ համայնք ունենք, որի ճակատագրով անհանգստացած ենք: Ցավոք, վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունների բերումով շատերը ստիպված եղան լքել Սիրիան: Բայց այսօր էլ հայ համայնք կա այնտեղ, և Լիբանանում էլ մենք հայ համայնք ունենք, և մենք ջանքեր գործադրում ենք, որպեսզի տեսնենք՝ ինչ կարող ենք անել այդ երկրներում մեր համայնքների համար հնարավորինս լավ պայմաններ ապահովելու համար, այն, ինչ մեր հասանելիության տիրույթում է: Իսկ կոնկրետ դեպքում Թուրքիայի հետ այդ ուղղություններով աշխատելու՝ Սիրիայի հետ կապված, մենք ունեցել ենք կոնկրետ քննարկումներ և խոսակցություններ, և եթե ոչինչ չխանգարի, կունենանք նաև համագործակցության կոնկրետ դրսևորումներ», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: