«Անհասկանալի է, թե ինչու են այս առաջարկները մերժվում Ադրբեջանի կողմից» - Mediamax.am

440 դիտում

«Անհասկանալի է, թե ինչու են այս առաջարկները մերժվում Ադրբեջանի կողմից»


Լուսանկարը` արխիվային լուսանկար


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը երբեք որեւէ պարտավորություն չի ստանձնել, որ սեփական տարածքում անվտանգության ապահովումը, այդ թվում՝ միջազգային կամ ադրբեջանական ուղեւորափոխադրումների կամ բեռնափոխադրումների, պետք է կամ կարող է արտապատվիրակել այլ երկրի:

Այդ մասին Փաշինյանը գրում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցության ուղիների մասին հոդվածում, որը հրապարակվել է Արմենպրեսի կայքում:

 

«Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համար: Դեռ 2022 թվականին կառավարությունը շրջանառության մեջ է դրել Հայաստան-Ադրբեջան սահմանին սահմանային երեք կետ բացելու մասին որոշման նախագիծը, որն Ադրբեջանի բեռնատար եւ մարդատար ավտոմեքենաներին ՀՀ տարածք մուտք գործելու եւ ասենք՝ դեպի Նախիջեւան եւ Թուրքիա երթեւեկելու հնարավորություն տալու մասին է:

 

Այդ որոշումները չեն ընդունվել միայն Ադրբեջանի մերժողական դիրքորոշման պատճառով եւ ՀՀ Կառավարության կողմից կարող են ընդունվել մեկ-երկու շաբաթվա ընթացքում: Իհարկե, դեպի Նախիջեւան մուտքի ենթակառուցվածքներ չկան եւ պետք է կառուցվեն, բայց դա նույնպես կարելի է բավական արագ անել:

Բայց հենց հիմա, զուտ ֆիզիկական ենթակառուցվածքի պատրաստության առումով, օրինակ, բեռնատարները կարող են Լաչին-Կոռնիձոր հատվածով Կոռնիձոր անցակետով մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք, մեր ճանապարհներով երթեւեկել մինչեւ Հայաստան-Թուրքիա սահման եւ Մարգարա անցակետով մուտք գործել Թուրքիա: Նույնը եւ հակառակ ուղղությամբ: Նման տարանցիկ բեռնափոխադրման համար անհրաժեշտ ֆիզիկական ենթակառուցվածքը հիմա էլ պատրաստ է, մնում է դե յուրե որոշում կայացնել: Մենք պատրաստ ենք նման որոշում կայացնել, եթե Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից կա հետաքրքրվածություն:

 

Մենք կապահովենք բեռնափոխադրումների անվտանգությունը, բայց եթե ադրբեջանցի վարորդների եւ բեռնատարների համար կա հոգեբանական բարդություն, այդ բեռնափոխադրումը կարող են կազմակերպել թուրքական բեռնատարները, որոնք մշտապես երթեւեկել են եւ այսօր էլ ակտիվ երթեւեկում են Հայաստանի ճանապարհներով: Դա կարող են անել նաեւ այլ երկրների բեռնատարներ:

 

Բայց եւս մեկ անգամ ուզում եմ պաշտոնապես արձանագրել, որ Հայաստանը երբեք, գրավոր կամ բանավոր որեւէ պարտավորություն չի ստանձնել, չի համաձայնվել, նույնիսկ չի ակնարկել, որ սեփական տարածքում անվտանգության ապահովումը, այդ թվում՝ միջազգային կամ ադրբեջանական ուղեւորափոխադրումների կամ բեռնափոխադրումների, պետք է կամ կարող է արտապատվիրակել այլ երկրի: Նման բան չի եղել, չկա պարզապես: Ընդհակառակը, Հայաստանը պարտավորվել է երաշխավորել անցման անվտանգությունը, ինչը եւ պատրաստ ենք անել», - գրել է Նիկոլ Փաշինյանը:

 

Ադրբեջանից Հայաստանի տարածքով Նախիջեւանի հետ հաղորդակցության հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը նշել է.

 

«Հաշվի առնելով Ադրբեջանի պնդումը, թե երկարատեւ հակամարտության պատճառով Ադրբեջանի քաղաքացիները կխուսափեն ՀՀ սահմանային եւ մաքսային հսկողությունն անցնել, առաջարկել ենք այս փուլում Զանգելան-Մեղրի-Օրդուբադ եւ հակառակ ուղղությամբ, Երասխ-Օրդուբադ-Մեղրի եւ հակառակ ուղղությամբ հաղորդակցության բացումը սկսել երկաթուղային բեռնափոխադրումներից: Ընդ որում, գրավոր առաջարկել ենք տարբերակ, որ չի նսեմացնում կողմերից ոչ մեկի ինքնիշխանությունը, իրավազորությունը եւ տարածքային ամբողջականությունը: Եթե Բաքվի մտահոգությունը Նախիջեւանի հետ եւ հակառակ ուղղությամբ հուսալի բեռնափոխադրումներ ապահովելն է, այդ հարցը լուծված է: Մնում է Ադրբեջանը ասի՝ այո: Որոշ ժամանակ էլ կտեւի ՀՀ տարածքում Նռնաձոր-Կարճեւան երկաթուղու կառուցումը: Երասխ-Նախիջեւանի հետ սահման հատվածում նույնպես երկաթուղու մի կարճ կտոր պետք է կառուցվի, բայց սա Հայաստան-Հայաստան եւ Ադրբեջան-Թուրքիա երկաթուղային կապի համար է անհրաժեշտ, եւ այս աշխատանքն էլ կարելի է արագ անել:

 

Նույն սկզբունքով պատրաստ ենք Ադրբեջանից դեպի Նախիջեւան խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի, մալուխների տարանցում տրամադրել: Անհասկանալի է, թե ինչու են այս առաջարկները մերժվում Ադրբեջանի կողմից: Հույս ունեմ՝ ոչ էսկալացիայի կեղծ առիթ կառուցելու համար:

 

Ադրբեջանը նաեւ հայտարարում է, որ եթե Հայաստանը դեպի Նախիջեւան ճանապարհ չտրամադրի, իրենք արեւմտյան Ադրբեջան-Նախիջեւան կապը կապահովեն Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով: Քավ լիցի, մենք դեմ չենք, դա Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունների եւ իրենց որոշման հարցն է:

Բայց նաեւ հստակ լինելու համար արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այն նույն իրավական պայմաններով արեւմտյան Ադրբեջանից դեպի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն անցում տրամադրել, ինչ պայմաններով Իրանն է առաջարկում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին