ՀՀ կառավարությունը տեղեկություններ ունի Բաքվում հայերի նկատմամբ կիրառվող արգելված միջոցների մասին - Mediamax.am

699 դիտում

ՀՀ կառավարությունը տեղեկություններ ունի Բաքվում հայերի նկատմամբ կիրառվող արգելված միջոցների մասին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ Ադրբեջանում պահվող հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց ազատ վերաբերյալ:

Հայտարարության մեջ ասված է.

 

«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը շարունակում է միջազգային հանրության, մասնավորապես տարածաշրջանում խաղաղությամբ շահագրգռված և մարդասիրական արժեքները կարևորող գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա:

 

Խորը մտահոգություն են պատճառում հայազգի ռազմագերիներից, պատանդներից, այլ պահվող անձանցից 23-ի նկատմամբ «դատավարություններից» տեսաձայնագրություններ և լուսանկարներ ներառող հրապարակումները, նշյալ անձանց` ներառյալ հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի փաստաբանների կողմից հրապարակայնացվող տեղեկությունները՝ կալանավորված անձանց նկատմամբ ներգործության, խոշտանգումների և նրանց առողջական վիճակի ակնհայտ վատթարացման մասին:

 

Այդպիսի գործելաոճի մասին են վկայում նաև ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի կողմից արտահայտված մտահոգությունները, «Human Rights Watch»-ի և այլ կազմակերպությունների կողմից փաստագրված՝ հայ ռազմագերիների խոշտանգման դեպքերը, ինչպես նաև ադրբեջանական իշխանությունների կողմից միջազգային կառույցների, այդ թվում՝ Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովի հետ համակարգված համագործակցությունից խուսափումը: Հայաստանի կառավարությունը շարունակում է ստանալ հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց նկատմամբ արգելված միջոցների կիրառման մասին տեղեկություններ:

 

Հայազգի ռազմագերիները, պատանդները և այլ պահվող անձինք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում՝ ի հեճուկս նրա կողմից ստանձնած հանձնառությունների և միջազգային պարտավորությունների: Հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց կալանավորումն ու հետապնդումը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում. համապատասխան միջազգային բազմակողմ փաստաթղթերի պարզ թվարկումը ներառում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը, «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիան, Ժնևի IV կոնվենցիան (1949 թ.), Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին