Փաշինյանը Բաքվին առաջարկել է հրաժարվել բեմականացված գործողություններից - Mediamax.am

1005 դիտում

Փաշինյանը Բաքվին առաջարկել է հրաժարվել բեմականացված գործողություններից


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը ավելի ու ավելի շատ է կենտրոնանում այն թեզի վրա, որ Հայաստանը սպառազինվում է, պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա, հետեւաբար Ադրբեջանը պաշտպանվելու, կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու իրավունք ունի»:

Այս մասին նա գրել է Արմենպրեսում հրապարակված հոդվածում՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ընթացիկ վիճակին:

 

«Եթե ավելի կարճ եւ ավելի պարզ վերարտադրենք ադրբեջանական քարոզչության այս թեզերը, ամեն ինչ հանգում է հետեւյալին. Հայաստանը պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա, հետեւաբար ավելի լավ է Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա՝ որպես կանխարգելիչ միջոցառում:

 

Քարոզչական այս թեզերի ծագումնաբանության երկու տարբերակ կա. կամ Ադրբեջանը իրոք մտածում է, թե Հայաստանն իր վրա հարձակվելու մտադրություն ունի, կամ ինքը հարձակվելու մտադրություն ունի եւ փորձում է դա իրագործելու հիմքեր ձեւավորել: Երկու դեպքում էլ բազային դրույթը Ադրբեջանի վրա հարձակվելու Հայաստանի մտադրության մասին Ադրբեջանի պնդումն է»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա հավաստիացրել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը.

 

«Ադրբեջանի վրա հարձակվելու Հայաստանի մտադրության մասին թեզերը պարզապես մտացածին են»:

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրա «համաձայնեցված հոդվածները հիմնավորապես լուծել են ոչ միայն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու, այլեւ՝ ապագայում նման պահանջներ չներկայացնելու հարցը»:

 

«Խաղաղության պայմանագրի ստորագրումը թե Հայաստանի, թե Ադրբեջանի առաջ ընդմիշտ փակում է միմյանց նկատմամբ երբեւէ տարածքային պահանջներ ներկայացնելու՝ առանց այն էլ Պրահայում փակված դուռը: Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասը բավարար չափով ծանրակշիռ եւ հասունացած է ստորագրելու համար»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

 

«Տարածաշրջանում էսկալացիայի համար ոչ մի նախադրյալ չկա եւ ավելին՝ խաղաղության համար բոլոր նախադրյալները ստեղծված են: Հարկավոր է հրաժարվել բեմականացված գործողություններից եւ էսկալացիաների բեմականացման քաղաքականությունից եւ հաստատել ինստիտուցիոնալ խաղաղություն: Հայաստանը ոչ միայն պատրաստ է սրան, այլեւ չի հրաժարվելու այս ճանապարհից»,- ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին