Երեւան: Մեդիամաքս: Հարավային Կովկասում արեւմտյան քաղաքականությունը Մոսկվան համարում է «բացարձակ ապակառուցողական»։
«Այն ուղղված չէ Ռուսաստանի համար այս ռազմավարական կարեւոր տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը: Փորձ է արվում «ներդրում ունենալ» նաեւ այս ուղղությունից մեզ ռազմավարական պարտություն հասցնելուն», - ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում։
Խոսելով այն մասին, թե արդյո՞ք Երեւանի մերձեցումը ԵՄ-ի հետ կարող է ազդել Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունների վրա, ռուս դիվանագետը նշել է.
«Մենք հստակ նշել ենք եւ՛ հրապարակայնորեն, եւ՛ մեր հայ ընկերների հետ երկխոսության ժամանակ, որ անհնար է միաժամանակ անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը եւ Եվրամիությանը»։
Մեկնաբանելով Հայաստանի եւ Եվրամիության միջեւ վիզայի ռեժիմի չեղարկման վերաբերյալ բանակցությունների մեկնարկը՝ Գալուզինն ասել է.
«Մենք տեսնում ենք, որ Եվրամիությունն այստեղ էլ հավատարիմ է ինքն իրեն՝ առանց որեւէ խոստում տալու եւ առանց վիզաների հարցում որեւէ լուրջ որոշում ընդունելու, այն Հայաստանից արդեն պահանջում է քաղաքական հավատարմություն եւ միացում հակառուսական պատժամիջոցներին։ Եվ այս ամենը տեղի է ունենում այն ֆոնին, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը շոշափելի եւ զգալի երկարաժամկետ օգուտներ է բերում ԵԱՏՄ-ի հետ առեւտրի ավելացման եւ ԵԱՏՄ-ից Հայաստան ներդրումների ավելացման տեսքով»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: