Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանական մի շարք «ոչ կառավարական կազմակերպություններ» դիմել են ԱՄՆ եւ ԵՄ ղեկավարներին՝ կոչ անելով պատժամիջոցներ սահմանել Հայաստանի դեմ՝ «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին աջակցելու համար»։
Նամակի հասցեատերերի թվում են ԱՄՆ փոխնախագահն ու պետքարտուղարը, Եվրոպական խորհրդի եւ Եվրահանձնաժողովի նախագահները։
Նամակում, մասնավորապես, ասվում է, որ «2022 թվականին Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմի սկսվելուց ի վեր Հայաստանը սկսել է գրանցել ներմուծման եւ արտահանման կտրուկ աճ, որը չի համապատասխանում իր տնտեսական ներուժին»։
Նամակի հեղինակները նշում են, որ 2021 թվականին Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել էր մոտ $2,5 միլիարդ, իսկ 2024 թվականին աճել է մինչև $12 միլիարդ։
«2024 թվականին Հայաստանի արտահանման հիմնական ուղղությունը դարձան Պարսից ծոցի երկրները՝ Ռուսաստանից ներկրվող թանկարժեք մետաղների՝ երրորդ երկրներ տեղափոխման շնորհիվ։ Առեւտրի այս կտրուկ աճը, հատկապես՝ բարձր տեխնոլոգիաների արտահանման ոլորտում, լուրջ մտահոգություններ է առաջացրել այդ ապրանքների ռազմական նպատակներով օգտագործման վերաբերյալ:
Դա վկայում է պատժամիջոցների հնարավոր խախտման մասին եւ հուշում, որ Ռուսաստանը Հայաստանի միջոցով ապրանքներ է ստանում, որոնք կարող են աջակցել Ուկրաինայում նրա ռազմական ջանքերին: Պատժամիջոցներից խուսափելու հարցում Հայաստանի աճող դերը ընդգծում է այն էական բացը, որը խաթարում է այդ պատժամիջոցների ազդեցությունը Ռուսաստանի վրա»,- ասված է նամակում։
Նամակի հեղինակները կոչ են արել ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի առեւտրային գործունեության նկատմամբ եւ կիրառել նպատակային պատժամիջոցներ կամ առեւտրային սահմանափակումներ։
«Հայաստանի մշտական աջակցությունը Ռուսաստանին ոչ միայն երկարացնում է պատերազմն Ուկրաինայում, այլեւ խաթարում է խաղաղությունն ու կայունությունը վերականգնելու միջազգային ջանքերը»,- ասվում է նամակում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: