ՀՀ վարչապետի գրասենյակ. Իրանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ»-ին - Mediamax.am

464 դիտում

ՀՀ վարչապետի գրասենյակ. Իրանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ»-ին


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ հանդիպմանն ասել է, որ երկու երկրների հարաբերություններում «առկա է մեկ անսասան երաշխիք՝ Հայաստանն ու Իրանը միմյանց կապված են բնական շահերով»:

Կառավարությունից հայտնում են, որ ՀՀ վարչապետը հանդիպմանը ընթացքում ընդգծել է կառավարության շահագրգռվածությունը՝ հետեւողականորեն զարգացնել եւ ընդլայնել երկկողմ փոխգործակցությունը բոլոր ուղղություններով:

 

«Ալի Աքբար Ահմադիանը շեշտել է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա քաղաքակրթական հարուստ անցյալը եւ երկու ժողովուրդների շրջանում ջերմ շփումները վստահություն են հաղորդում, որ փոխշահավետ համագործակցությունը կշարունակվի ամրապնդվել եւ խորանալ:

 

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացմանը վերաբերող հարցեր եւ համոզմունք հայտնել, որ կողմերն ունեն համագործակցության նոր հնարավորություններ, այդ թվում՝ տեխնոլոգիաների, արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, ճանապարհաշինության եւ այլ բնագավառներում:

 

Տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակման համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Ալի Աքբար Ահմադիանը նշել է, որ Իրանն աջակցում է վերոնշյալ նախագծի իրականացմանը՝ դրանում ամրագրված սկզբունքների հիման վրա»,- ասվում է կառավարության հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին