«Հայաստանը հայտարարում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը» - Mediamax.am

807 դիտում

«Հայաստանը հայտարարում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ «Հայաստանը հայտարարում է Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկը»:

Կառավարությունն այսօր հավանություն է տվել «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագծին:

 

«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին, եւ այժմ կառավարությունը պետք է դիրքորոշում արտահայտի: Մենք առաջարկում ենք դրական դիրքորոշում արտահայտել՝ ելնելով մի քանի հանգամանքից»,- կառավարության նիստի ժամանակ ասել է Արարատ Միրզոյանը:

 

Նա նշել է, որ վերջին տարիներին Հայաստանն ու ԵՄ-ն բավականին ինտենսիվ ու դինամիկ հարաբերություններ են ունեցել:

 

«Դրանք ունեցել են շատ հարուստ բովանդակություն, նաեւ ընդգրկել են տարբեր ոլորտներ: ԵՄ-ն տարբեր առիթներով ընդգծված քաղաքական աջակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարությանը: ԵՄ-ն ներգրավվել է ՀՀ շուրջ անվտանգային միջավայրի ապահովմանը. նկատի ունեմ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը: ԵՄ-ն նաեւ պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ-ի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը: Դուք, պարոն վարչապետ, Եվրոպական խորհրդարանում հայտարարել եք՝ Հայաստանը պատրաստ է մոտ լինել ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի: Մենք այդ հնարավոր լինելու նշաններն էլ ենք տեսել: Ելնելով այս ամենից՝ առաջարկում ենք դրական արձագանքել»,- մանրամասնել է ԱԳ նախարարը:

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւորել է, որ ճիշտ ըմբռնվի հարցի էությունն ու համատեքստը։

 

«Կառավարությունը չի առարկում այս օրենքի ընդունմանը, բայց ուզում եմ արձանագրենք՝ ինչ է սա նշանակում։ Սա չի նշանակում Հայաստանի անդամակցություն ԵՄ-ին բառիս ուղիղ իմաստով, որովհետեւ այդ կետում որոշում կայացնելը չի կարող լինել օրենքի ու կառավարության որոշման մակարդակով, դա կարող է լինել միայն հանրաքվեի ճանապարհով, ուրիշ տարբերակ չկա»,- ասել է նա:

 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սցենարներից որեւէ պարագայում Հայաստանը ԵՄ անդամ կարող է դառնալ միայն, երբ կնշանակվի հանրաքվե եւ ՀՀ սահմանադրությամբ նախատեսված կարգով հանրաքվեի մասնակիցների սահմանված չափով «կողմ» ձայներ կստացվեն։

 

«Բայց նաեւ պետք է արձանագրել, որ այս օրենքի ընդունման պարագայում մենք պետք է գործողությունների որոշակի պատկերացում ունենանք՝ մինչեւ պոտենցիալ հանրաքվե անել-չանելու կետը։

 

Իմ պատկերացումն այն է, որ այս օրենքի ընդունումից հետո մենք ԵՄ-ի հետ պետք է քննարկենք ճանապարհային այն քարտեզը, որոնք իրենք են պատկերացնում ու որը մենք ենք պատկերացնում: Պետք է իրար հետ ճանապարհային քարտեզ մշակենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ արձանագրելով, որ ՀՀ եւ ԵՄ հարաբերություններում «շատ լուրջ» զարգացումներ են գրանցվել այս տարիների ընթացքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին