Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարին պատվոգրով պարգեւատրելու մասին։
Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտիօ «պատասխանատվության գոտին» ներառում է Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, ինչպես նաեւ Աբխազիան եւ Հարավային Օսիան, որոնք Ռուսաստանի կողմից ճանաչվել են որպես անկախ պետություններ։
Դենիս Գոնչարը պարգեւատրվել է «Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության իրականացման գործում ներդրած ավանդի եւ երկարամյա բարեխիղճ դիվանագիտական ծառայության համար»։
Պատվոգրի է արժանացել նաեւ Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի փոխտնօրեն Միխայիլ Կալուգինը։
Մեդիամաքսը նշում է, որ 2023 թվականի օգոստոսին Դենիս Գոնչարն ասել էր, որ արեւմտյան երկրները «կեղտոտ մեթոդներով» շանտաժի են ենթարկում Հայաստանին՝ Ռուսաստանի հետ գործընկերության դեմ տրամադրելով։
ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում դիվանագետն ասել էր, որ Մոսկվայի եւ Երեւանի միջեւ սերտ արտաքին քաղաքական համակարգում է հաստատված ՀԱՊԿ, ԵԱՏՄ եւ ԱՊՀ շրջանակներում, ինչպես նաեւ տարբեր միջազգային հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում։
«Եթե խոսենք Երեւանի հետ հարաբերություններում ինչ-որ բացասական պահերի մասին, ապա դրանք առաջին հերթին պայմանավորված են ռուս-հայկական գործընկերությանը վնաս հասցնելու արեւմտյան երկրների չդադարող փորձերով։ Կիրառվում են բոլոր, այդ թվում՝ բացարձակ կեղտոտ մեթոդները՝ պատժամիջոցային շանտաժ, անբարեխիղճ մրցակցություն, վերացական խոստումներ, որոնցում, ինչպես հայկական ասացվածքն է ասում, «ավելի շատ ծուխ կա, քան խորոված», - ասել էր Գոնչարը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: